Երեկ Թբիլիսիում նախատեսված էր Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահների ու Թուրքիայի վարչապետի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում նախատեսվում էր ստորագրել Կարս-Ախալքալաք երկաթգծի կառուցման համաձայնագիրը:
Երկաթգծի կառուցումը կարժենա մոտ 400 միլիոն դոլար: Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստակամություն են հայտնել ֆինանսավորել նախագծի իրականացումը: Երկաթգծի շինարարությունն, ըստ ամենայնի, կսկսվի այս տարվա հունիս ամսին: Թերեւս ավելորդ է նշել, որ այդ երկաթգծի կառուցման դեպքում մեր երկրի մեկուսացումն է՛լ ավելի կխորանա: Երեկ այն պահին, երբ Թբիլիսիում սպասվում էր այդ երկաթգծի կառուցման համաձայնագրի ստորագրումը, Հայաստանի խորհրդարանում կառավարության անդամները պատասխանում էին պատգամավորների հարցերին: Ի դեպ, երեկ նաեւ ՀՀ կառավարության անդամ, արտգործնախարար Վարդան Օսկանյանի ծննդյան օրն էր: Իր ծննդյան օրը, պատասխանելով պատգամավորների հարցերին, Վ. Օսկանյանը մի քանի ուշագրավ եւ միաժամանակ մտահոգիչ հայտարարություններ է արել: Իսկ այդ հայտարարությունները վերաբերել են Կարս-Ախալքալաք երկաթգծի կառուցմանը: Վ. Օսկանյանն այդ մտահոգիչ հայտարարություններն արել է՝ պատասխանելով պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանի հարցին, որի ձեւակերպումը եւս պակաս մտահոգիչ չէր: Մասնավորապես Հ. Հովհաննիսյանն ուզում էր իմանալ, թե ինչո՞ւ են մեր երկրի ազգային անվտանգության ռազմավարության մեջ Վրաստանի հետ հարաբերությունները որակված «ռազմավարական»: «Ինչո՞ւ ենք մենք այդքան նրբանկատ մեր հարեւանի նկատմամբ ու նրան չենք ասում ճշմարտությունը. այն, որ հայրենաբնակ հայության մի մասը՝ ջավախքահայությունը, չի կարող հանդուրժել, որ Հայաստանի պատմական տարածքը վերածվի Հայաստանի եւ Վրաստանի միջեւ բաժանարար գծի»,- նշեց Հ. Հովհաննիսյանը՝ նկատի ունենալով Կարս-Ախալքալաք երկաթգծի կառուցումը: Պատասխանելով վերոնշյալ հարցին՝ Վ. Օսկանյանը նախ նշեց, թե պետք չէ հարցին շատ զգացական նայել: «Դա (Կարս-Ախալքալաք երկաթգիծը. -Ռ.Թ.) որեւէ ձեւով Հայաստանին մեկուսացման չի տանում»,- միանգամայն լուրջ հայտարարեց Վ. Օսկանյանը: Ըստ նրա, հարցին պետք է մոտենալ հետեւյալ կերպ. ո՞րն է պատճառը, որ փոխանակ բացվի եւ օգտագործվի առկա երկաթգիծը՝ Կարս-Գյումրին, այսօր կառուցվում է Կարս-Ախալքալաք երկաթգիծը: Իսկ պատճառն, ըստ Օսկանյանի, Ադրբեջանն ու Թուրքիան են, ոչ թե Հայաստանը: «Մենք մեր ձեռքը մեկնել ենք, նախապայմաններ չենք դրել Թուրքիայի առաջ, միշտ կոչ ենք արել բարիդրացիական հարաբերություններ հաստատել, սահմանը բացել՝ անկախ նրանից, թե ինչպիսի խնդիրներ կան մեր երկու երկրների միջեւ: Բայց Թուրքիան չի ընդառաջել: Նրանք աջակցել են Ադրբեջանին՝ ճնշելու Հայաստանին, որպեսզի մենք տուրք տանք նրանց պահանջներին եւ գնանք անտեղի եւ մեզ համար անընդունելի զիջումների Լեռնային Ղարաբաղի հարցում»,- հայտարարեց Վ. Օսկանյանը: Նրա խոսքերով՝ այդ երկաթգծի կառուցումը հնարավոր կլիներ կանխել, եթե մենք ԼՂ հարցում գնայինք մեզ համար անընդունելի զիջումների: Եվ ուրեմն՝ ըստ Օսկանյանի, «մենք խղճի ամենայն հանգստությամբ կարող ենք այսօր իսկապես ուղղակի հետեւել՝ ի՞նչ է կատարվում Թբիլիսիում՝ առանց զգացական պոռթկումների»: «Մենք կարծում ենք, որ դա Հայաստանին տնտեսական առումով որեւէ վնաս չի կարող տալ, քաղաքական առումով դա ոչ հեռանկարային որոշում է: Մենք պնդում ենք դա,- դարձյալ ամենայն լրջությամբ հայտարարեց Վ. Օսկանյանն ու հավելեց,- Մեր դիրքորոշումը մնում է նույնը. դա Հայաստանին չի մեկուսացնում, տնտեսապես չի կարող վնաս բերել, ուղղակի դա առավել ապականում է քաղաքական մթնոլորտը, որը եւ կարող է բացասական հետեւանքներ ունենալ ԼՂ գործընթացի վրա»: Արտգործնախարարը նաեւ նշեց, թե Վրաստանին «տնտեսական առումով» չի կարելի մեղադրել: Ըստ նրա, Վրաստանը նրբանկատություն դրսեւորեց եւ «երեւի թե որոշ ժամանակ սպասեց», որ Թուրքիան բացի երկաթգիծը: Պարզվում է՝ Վրաստանում ամեն բան միանշանակ չէ այս հարցով, եւ վրացիները փորձում են գնահատել, թե երկաթգիծն իրենց ի՞նչ կտա: «Որովհետեւ այնտեղ կա այն հիմնավորումը նաեւ, որ դա կարող է տնտեսական առումով լուրջ հարված հասցնել նրանց նավահանգիստների աշխատանքին: Տնտեսական առումով այստեղ մենք որեւէ պրետենզիա չենք կարող ներկայացնել: Պրետենզիան կարող է լինել քաղաքական առ այն, որ կարելի էր իսկապես առավել մեծ ճնշում դնել եւ՛ Թուրքիայի, եւ՛ Ադրբեջանի վրա, որպեսզի նրանք գնային առկա երկաթգիծը բացելուն, եւ այդ գումարներն իզուր տեղը չսպառեին»,- հայտարարեց Վ. Օսկանյանը: Իսկ Վրաստանի՝ Հայաստանի ռազմավարական գործընկերը լինելու մասով էլ Վ. Օսկանյանը նշեց, թե Վրաստանը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի, բայց Հայաստանը Վրաստանի համար ռազմավարական նշանակություն կարող է չունենալ: «Այսօր Վրաստանը Հայաստանի տարածքով ի՞նչ ունի, որ անցնում է, որն իր համար ստրատեգիական նշանակություն ունի: Աշխարհագրությունն այդպես է թելադրում»,- ասաց նա: Այսպիսով, ի՞նչ է ստացվում. այդ երկաթգիծը չի նպաստում մեր երկրի է՛լ ավելի մեկուսացմանը, Հայաստանը մեղք չունի, որ այն կառուցվում է, դեռ մի բան էլ Վրաստանն է մեղավոր, որ ավելի մեծ ճնշում չի գործադրել Թուրքիայի ու Ադրբեջանի վրա, որպեսզի նրանք այդ երկաթգիծը չկառուցեն ու «այդ գումարներն իզուր տեղը չսպառեն», դե, իսկ Հայաստանն էլ ոչինչ չի կարող փոխել, քանզի «աշխարհագրությունն այդպես է թելադրում»: Խեղճ Հայաստան: Իրականում քարտեզին մի հայացք գցելն էլ բավական է տեսնելու համար, որ աշխարհագրությունը թելադրում է, որ Բաքու-Ջեյհան նավթամուղը պետք է անցներ Հայաստանով, որովհետեւ այսպես կարճ է, որ Կարս-Ախալքալաք երկաթուղին չպետք է կառուցի, որովհետեւ կա Կարս-Գյումրին, որ մեր երկիրը կարող էր դառնալ իրանական գազի տարանցիկ երկիր…: Ու թեեւ Վ. Օսկանյանն առաջարկում է «զգացական» չնայել հարցերին, բայց այն, որ աշխարհագրության վերոնշյալ «թելադրանքներն» իրականություն չեն դարձել, զուտ այն բանի հետեւանք է, որ մեր երկրի ողջ արտաքին քաղաքականությունն է «զգացական»: Իսկ նախարարի վերոնշյալ հայտարարություններն ընդամենը Հայաստանի որդեգրած անհեռատես արտաքին քաղաքականության ամոթալի ձախողումները թաքցնելու անհաջող փորձ են: Եվս մի ուշագրավ փաստ. Վ. Օսկանյանը հայտարարում է, թե Կարս-Ախալքալաք երկաթգծի կառուցումը մեր երկիրը «որեւէ ձեւով մեկուսացման չի տանում»: Հիշեցնենք, որ մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս են հայտարարել, թե այդ երկաթգծի կառուցումը զուտ քաղաքական նպատակներ է հետապնդում, եւ այն տնտեսապես շահավետ չէ: Բնական հարց է ծագում. ո՞րն է այդ երկաթգծի կառուցման քաղաքական նպատակը, եթե այն ՀՀ-ին «որեւէ ձեւով մեկուսացման չի տանում»: Պարզապես ապշել կարելի է, երբ մեր երկրի արտգործնախարարն առաջարկում է «հանգիստ խղճով» հետեւել, թե ինչպես են Թբիլիսիում ստորագրում այդ երկաթգծի կառուցման համաձայնագիրը: Հետաքրքիր է, այդ երկաթգծի կառուցումը վարչապետ Անդրանիկ Մարգարյանին չի՞ մտահոգում: «Շատ է մտահոգում»,- վերոնշյալ հարցին այսպես պատասխանեց Ա. Մարգարյանը:
Եվ ուրեմն՝ ի՞նչ է արվում այն կանխելու համար: «Հայաստանը տվյալ պարագայում ոչ մի բան չի կարող անել, բացի բարի ցանկություններ հայտնելը»,- գտնում է ՀՀ վարչապետը: Սակայն բարի ցանկություններ հայտնելու փոխարեն ավելի ճիշտ կլիներ հետեւություններ անել մեր երկրի արտաքին քաղաքականության ձախողումներից ու վերանայել այդ զգացական արտաքին քաղաքականությունը: