Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից հետո ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին: Մասնավորապես անդրադարձ եղավ Ռուսաստանում հայերի սպանություններին ու այդ կապակցությամբ հայկական կողմի ձեռնարկած քայլերին:
«Եթե նրանք ՀՀ քաղաքացիներ են, ապա դեսպանությունը, մեր Արտգործնախարարությունը կամ ներկայացուցիչները հետաքրքրվում են այդ դեպքերով, քրեական գործերով: Եթե ՌԴ քաղաքացիներ են, ապա մենք մեր վերաբերմունքն ենք արտահայտում, որպեսզի իրենք ավելի ուշադիր լինեն, որպեսզի ազգամիջյան այդպիսի բախումներ կամ միջադեպեր չլինեն: Ռուսաստանի ղեկավարության հետ այդ հարցը բազմիցս քննարկվել է, նրանց կողմից եղել են հավաստիացումներ, որ այդ երեւույթի դեմը կառնեն»,- տեղեկացրեց վարչապետը: Պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե գուցե Հայաստանում պետք է փոխե՞լ ընտրությունները, եւ որոշակի կուսակցական շրջանակներ որոշեն, թե ով պետք է ընտրվի, քանզի մեզանում գնալով ավանդույթ է դառնում, որ այս կամ այն պաշտոնյայի հարազատն «ընտրվում» է այս կամ այն պաշտոնում, վարչապետը նշեց, թե կարող են լինել մարդիկ, ովքեր ցանկություն կունենան, որ իրենց հարազատը լինի որեւէ ընտրովի պաշտոնում: «Բայց դա նշանակովի չէ, ընտրովի է, եւ, անկախ նրանից, թե ով ինչ կցանկանա, ժողովուրդը պետք է ընտրի, իր կամքը պետք է արտահայտի»,- շարունակեց Ա. Մարգարյանը: Լուրեր կան, որ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը լինելու է ՀՀԿ-ի համամասնական ցուցակում: Այս կապակցությամբ էլ Ա. Մարգարյանը նշեց, թե` երբ ցուցակը հրապարակեն` այն ժամանակ էլ կիմանաք: Միաժամանակ նա խորհուրդ տվեց ընտրությունների եւ ցուցակների հետ կապված հարցերը տալ մարտի 3-ից հետո: Քաղաքացիության մասին օրենքում երկքաղաքացիության մասին փոփոխության կապակցությամբ ընդդիմադիրները հայտարարեցին, թե դա արվում է, որպեսզի ընտրացուցակներում շիլաշփոթ լինի: Այս դիտարկմանն էլ Ա. Մարգարյանն այսպես արձագանքեց. «Ցուցակներն ավելի շուտ են լինելու: Մինչեւ մայիսի 12-ը դժվար այդքան շատ երկքաղաքացիներ լինեն, որ կարողանան ազդել ընտրությունների արդյունքների վրա: Իսկ նախագահականի համար, ըստ իս, էլի այդքան քանակ չի լինելու: Սահմանադրություն ենք ընդունել, որտեղ հստակ գրված է, որ այդ խնդիրը լուծվում է օրենքով: Երկքաղաքացիները դժվար որոշեն Հայաստանի ճակատագիրը, որովհետեւ ընտրել-ընտրվելու եւ բանակում ծառայելու իրավունք չեն ունենալու»: Իսկ ՀՀԿ-ի ու «Բարգավաճ Հայաստանի» միջեւ առաջիկա ընտրություններում պայքար լինելո՞ւ է: «Ինչո՞ւ միայն «Բարգավաճ Հայաստանի»: Մենք բոլոր կուսակցությունների հետ էլ մրցակցելու ենք: Մենք ոչ մեկից չենք վախենում: Մենք մրցակցում ենք բոլորի հետ: Մայիսի 12-ից հետո պատրաստ ենք համագործակցել բոլոր ուժերի հետ` եղած ծրագրերի շրջանակներում»,- վերոնշյալ հարցին էլ այսպես պատասխանեց ՀՀԿ նախագահ, վարչապետ Ա. Մարգարյանը: Նախօրեին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել էր, թե որքան հայհոյանքը շատանում է, այնքան ավելանում են բռունցքները, եւ ՀՀԿ-ն մի քիչ էլ կսպասի ու պատասխան կտա: ՀՀԿ-ն մտադիր է բռունցքների՞ դիմել: Այս հարցին պատասխանելիս էլ վարչապետը նշեց, որ Գ. Սահակյանը բանասեր է եւ փոխաբերական իմաստով է դա ասել: «Ինչ ձեւով որ իրենք կանեն` հարցազրույցներ եւ այլն, նույնը կանենք մենք»,- եզրափակեց Ա. Մարգարյանը: