«Ես դեմ էի, որ բոլոր ընդդիմադիր կուսակցությունները համախմբվեն մեկ ցուցակի ներքո, մեկ թիմի ներքո, որովհետեւ դա իշխանությանը կտա բացառիկ լավ հնարավորություն` հարձակում գործելու այդ միասնական ընդդիմադիր բեւեռի դեմ»,- պարզաբանելով նախորդ օրը՝ ԱԺ ընտրություններին առանձին մասնակցելու վերաբերյալ ՕԵԿ վարչության նիստում կայացրած որոշումը, երեկ ՄԱԱ-ում ասաց Արթուր Բաղդասարյանը՝ հավելելով, թե արհեստական դաշինքներում «խանդը սիրուց ուժեղ է»:
Բայց իրականում, ինչպես քիչ անց հայտարարեց Ա. Բաղդասարյանը, իրենք իրենց գաղափարակիր ուժ չեն տեսել եւ վախեցել են «արհեստական» դաշինքների հետեւանքներից: «Ավելի լավ է լինի առողջ համագործակցություն, ավելի լավ է լինի կոնկրետ կետերի, սկզբունքների շուրջ համագործակցություն, քան թե տարբեր գաղափարներ, տարբեր ծրագրեր ունեցող կուսակցությունները համախմբվեն, եւ, ժողովրդի լեզվով ասած, դառնա աջափսանդալ, որից ոչ մի լավ բան դուրս չի գա»,- ասաց նա: Սակայն պարզվեց, որ ՕԵԿ-ը դեռեւս չի էլ կողմնորոշվել՝ համագործակցե՞լ ընդդիմության հետ, թե՞ ոչ: Բանն այն է, որ Ա. Բաղդասարյանը գոնե երեկ չգիտեր, թե անձամբ ինքը մասնակցելո՞ւ է ընդդիմության՝ բոլոր 41 ընտրատեղամասերում ընդդիմության լիդերների առաջադրում ծրագիր-օպերացիային, թե՞ ոչ: Փոխարենը նա ասաց, որ ՕԵԿ-ը մեծամասնական ընտրակարգով մրցապայքարին նույնպես ակտիվ է լինելու: «Ես կարծում եմ, որ սա Հայաստանի համար քաղաքական դաշտում նորույթ է, որովհետեւ միշտ տպավորություն է եղել, թե ընդդիմությունը չի կարող մեծամասնական ընտրակարգով առաջադրվել, որովհետեւ մտածում են, որ փողի եւ զոռբայության հաղթարշավի պայմաններում քաղաքական տեսակետները պետք է մղվեն ետին պլան: Մենք այդպես չենք կարծում: ՕԵԿ-ն ակտիվորեն, ընդդիմադիր մյուս գործընկերների հետ, հնարավորության սահմաններում փորձելու է համագործակցել, որպեսզի կարողանա առաջիկայում մեծամասնական ընտրակարգով մասնակցել ընտրություններին»,- ասել է Արթուր Բաղդասարյանը: Լրագրողի պնդմանը, թե` կոնկրետ դուք՝ որպես կուսակցության առաջնորդ, առաջադրվելո՞ւ եք մեծամասնական ընտրակարգով, Ա. Բաղդասարյանը խուսափողական պատասխանեց. «Թե անձամբ ով կառաջադրվի ՕԵԿ-ից, դա կորոշի կուսակցության քաղաքական խորհուրդը փետրվարի երկրորդ կեսին: Կարող է ես չառաջադրվեմ, բայց մեր կուսակցությունն ակտիվորեն մասնակցելու է: Կոնկրետ իմ առաջադրման հետ կոնկրետ որոշում դեռեւս գոյություն չունի»:
Իսկ լրագրողի հարցին, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ՕԵԿ-ի նպատակն այս անգամ ո՞րն է՝ ՀՀԿ-ի՞, ԲՀԿ-ի հետ միավորվե՞լը, եթե հաշվի առնենք այն, որ 2003թ. ՕԵԿ-ի նպատակն իշխանությունների հետ կոալիցիա կազմելն էր, Ա. Բաղդասարյանը պատասխանեց. «Մենք ընտրությունների ենք գնում հաղթելու վճռականությամբ: Մենք ընտրությունների ենք գնում Հայաստանում իրական բարեփոխումներ կատարելու վճռականությամբ եւ այդ բարեփոխումների կապակցությամբ, մենք նաեւ երեք տարի լինելով իշխանության մեջ, ի տարբերություն շատ-շատերի, չենք լռել եւ շարունակ պայքարել ենք իրական բարեփոխումների համար: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինչ կլինի ապագայում, բնականաբար, մենք պետք է համագործակցենք նախեւառաջ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ եւ ուզում ենք, որ ընդդիմությունն ունենա մեծամասնություն: Դրա համար պայքարելու ենք, համագործակցելու ենք ընդդիմադիր դաշտի բոլոր կուսակցությունների հետ: Ընտրությունները մայիսի 12-ին են, իսկ նախագահական ընտրությունները` 2008-ին: Ոչ ոք չգիտի, թե մինչ այդ ինչ կլինի: Դրանք բոլորը «եթե, ապա»-ների դաշտից են, եւ ես աշխատում եմ դրանց մեջ շատ չխորանալ, որովհետեւ ընտրական գործընթաց կա, եւ դրանից հետո յուրաքանչյուր քաղաքական կառույց իր ստացած քվեների համապատասխան կարող է կայացնել համապատասխան որոշում»:
Ա. Բաղդասարյանից նաեւ հետաքրքրվեցին՝ չի՞ փոշմանել արդյոք, որ 1998-ից սկսած բոլոր ընտրություններում սատարել է Ռոբերտ Քոչարյանին: «Ոչ, ես ոչ մի բանից էլ չեմ փոշմանել: Կոալիցիայում լավ բան եղել է, ես դա ասում եմ նայելով ձեր աչքերին: Եվ շատ էլ վատ բաներ են եղել: Այդ վատ բաների դեմ էլ մենք առաջին իսկ օրվանից պայքարել ենք, եւ բոլորը տեսել են, թե ինչպես ենք պայքարել, ինչպես ենք մենք դրա համար հարվածներ ստացել, ինչ կորուստներ ենք կրել, ինչ ճնշումներ ենք տեսել»,- հայտարարեց նա՝ չնշելով կորստի կամ ճնշման գոնե մեկ օրինակ:
Ինչ վերաբերում է ընտրական հանձնաժողովների ղեկավար կազմից ՕԵԿ անդամների հեռացմանը, ապա Ա. Բաղդասարյանը նշեց, որ Սիսիանի, Գորիսի, Մասիսի եւ Արթիկի հանձնաժողովների ՕԵԿ ղեկավարներն արդեն հեռացվել են: «Եթե մենք խոսում ենք ընտրությունների արդարությունից, ընտրությունների օրինականությունից, ինչո՞ւ պետք է հանձնաժողովի ղեկավար պաշտոնները բոլորը լինեն իշխանության մենաշնորհը»,- երեկ ասել է Արթուր Բաղդասարյանը՝ նշելով, որ միայն ՕԵԿ-ն այս պահին ընտրական հանձնաժողովների ղեկավար կազմում 30-ից ավելի անդամներ ունի, որը մինչ այս ընտրությունները, սակայն, որեւէ ընդդիմադիրի չի զիջել: «Կոնկրետ ՕԵԿ-ը 30-ից ավելի տեղ ունի հանձնաժողովների ղեկավար կազմում, ես չեմ ասում` ամբողջ 30-ը, թող վերցնեն մեր տեղերը տան այլ ընդդիմադիր կուսակցությունների: Կամ գոնե սահմանափակ թվով, եթե խոսում ենք արդարությունից, թող գոնե մի քանի տեղ էլ ընդդիմությունը ներկայացված լինի»,- ասաց ԱԺ նախկին նախագահը:
Ի դեպ, Ա. Բաղդասարյանը երեկ դժգոհում էր նաեւ Հանրային հեռուստատեսության՝ վճարովի եթերաժամերի համար սահմանած սակագներից: Նրա հավաստմամբ, Հանրային հեռուստաընկերությունը քաղաքական գովազդի մեկ րոպեի դիմաց 100.000 դրամ սակագին է սահմանել: «Երբ երկրում նվազագույն աշխատավարձը հունվարի 1-ից 20 հազար դրամ է, երբ որ բազային կենսաթոշակն ու աղքատության նպաստը եւ մյուս սոցիալական հատկացումները չեն գերազանցում մի քանի հազար դրամը, այսօր 1 րոպեի համար սահմանել 100 հազար դրամ` դա բավական ծանր վիճակ է ստեղծելու ընդդիմադիր կուսակցությունների համար»,- բողոքել է Արթուր Բաղդասարյանը՝ ավելացնելով, թե մեծամասնական մեկ թեկնածուի նախընտրական գրավի գինն էլ է կազմում 100.000 դրամ:
Հ.Գ. «Ինչո՞ւ եք դժգոհում այլընտրանքի բացակայությունից, եթե կա «Այլընտրանք», որը փետրվարի 20-ից հանրահավաքներ է անելու: ՕԵԿ-ը մասնակցելու է դրանց» հարցին Ա. Բաղդասարյանը պատասխանեց. «ՕԵԿ-ը մասնակցելու է առաջիկա ընտրություններին ինչպես ակտիվ հանրահավաքներով՝ որպես քաղաքական կազմակերպություն, դահլիճային հանդիպումներով, եթերով եւ այլն: Կարող է՝ «Այլընտրանքն» իր հանրահավաքն է անում, ՀԺԿ-ն՝ իրենը»: