Երեկ Հրանտ Խաչատրյանը ՍԻՄ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ դիմել է Հայաստանում գործող կուսակցություններին:
Հ. Խաչատրյանն իր դիմումում գրել է. «Խնդրի հրապարակայնացման առաջին օրից ես եւ իմ կողմնակիցները` ձգտելով պաշտպանել կուսակցության ամբողջականությունը, ներկուսակցական դեմոկրատիզմն ու կանոնադրական կարգը, մշտապես մտահոգված ենք եղել, որպեսզի ՍԻՄ-ում բացահայտված թերություններն ու դրանց հրապարակային քննարկումներն անհարկի ստվեր չնետեն ողջ ընդդիմադիր դաշտի վրա: Ցավոք, դա մեզ ոչ միայն չի հաջողվել, այլեւ հրապարակ են նետվել այնպիսի կեղծ մեղադրանքներ, որոնք կասկածի տակ են դնում մեր վաղեմի բարի հարաբերությունները, առանձին ճանաչված գործիչների պատիվն ու արժանապատվությունը»:
Վկայակոչելով վերաքննիչ դատարանի հունվարի 31-ի կայացրած վճիռը, Հ. Խաչատրյանը նշում է, որ վճիռն, ըստ էության, հիմնված է հայցվորների կողմից ներկայացված այն փաստարկների վրա, որ առաջադրված թեկնածուները չէին հավաքել համաժողովում գրանցված պատվիրակների կեսից ավելի ձայներ, ինչպես նաեւ այն, որ համաժողովին մասնակցել են այլ կուսակցության հինգ տասնյակից ավելի անդամներ, որոնք ներկայացել են ՍԻՄ համաժողովի պատվիրակներ եւ մասնակցել են քվեարկություններին: Հիշեցնենք, որ «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը հայտարարել է, որ իր կուսակցության 53 անդամներ այդ օրը մասնակցել են ՍԻՄ համագումարին ու քվեարկել են:
«Վերաքննիչ դատարանի վճռից հետո հարցն այլեւս անհնար է դիտարկել որպես ներկուսակցական խնդիր, քանի որ դրա լուծմանն արդեն մասնակցում է ողջ հասարակությունը, ինչպես նաեւ, ամենայն հավանականությամբ, գործի է դրվելու վճիռների հարկադիր կատարման մեխանիզմը,- կուսակցություններին ուղղված իր դիմումում նշում է Հ. Խաչատրյանը՝ ավելացնելով,- Նկատի ունենալով իրավական եւ քաղաքական համակարգերի ներկայիս բարդ փոխհարաբերությունները, ընդդիմադիր ճամբարի որոշ ներկայացուցիչներ, առանց անդրադառնալու վճռին ըստ էության, մտահոգություն են հայտնել, որ դա կարող է հետագայում նախադեպ հանդիսանալ պետության կողմից որեւէ կուսակցության ներքին գործերին անհարկի միջամտելու համար: Հիշեցնում ենք, որ իր գործունեության ընթացքում ՍԻՄ-ին բազմիցս հաջողվել է համապատասխան հասարակական կարծիք ձեւավորելու եւ դրա վրա հենվելու ճանապարհով ազդել դատարանի վճռի օրինականության վրա եւ հաճախ ապահովել մեզ դիմած քաղաքացիների, ինչպես նաեւ «Իրավունքի» օրինական շահերը պաշտպանող վճիռներ: Այս դեպքում նույնպես մենք գործել ենք նույն սկզբունքով եւ նույն մեթոդներով, որն էլ դրական արդյունք է տվել` վերաքննիչ դատարանը փոխել է որեւէ առողջ քննադատության չդիմացող առաջին ատյանի դատարանի վճիռը»: Անդրադառնալով այն մեղադրանքներին, թե՝ ներկուսակցական հարցերին դատարանը միջամտելու իրավունք չունի, Հ. Խաչատրյանը հայտարարել է. «Մենք կտրականապես մերժում ենք բոլոր այն տեսակետները, որ ներկուսակցական ընտրությունների քվեարկության արդյունքների կեղծման հարցը ընդդատյա չէ: Միեւնույն ժամանակ, հավատարիմ մեր սկզբունքներին` մեր պարտքն ենք համարում կուսակցության առողջացմանն ուղղված հետագա գործընթացներում նույնպես ապահովել թափանցիկությունն ու հրապարակայնությունը, անկախ եւ վստահություն վայելող դիտորդների վերահսկողությունը»: Այս իրավիճակից դուրս գալու համար Հ. Խաչատրյանն իր գործընկերներին առաջարկել է ընդդիմադիր կուսակցությունների նախաձեռնությամբ եւ ժողովրդի լիակատար վստահությունը վայելող առաջնորդների մասնակցությամբ ձեւավորել կուսակցություններին եւ ընդդիմադիր գործիչներին վերաբերող դատական վճիռների կատարումը վերահսկող, հասարակության վստահությունը վայելող մոնիտորինգի խումբ, որը կգործի առնվազն մինչեւ խորհրդարանական ընտրությունների ավարտը: «Չենք բացառում խմբի գործունեությանը վստահություն վայելող մտավորականների եւ իրավապաշտպանների ներգրավումը: Ձեր սկզբունքային համաձայնությունը ստանալուց հետո պատրաստ ենք ներկայացնելու խմբի գործելակերպի սկզբունքների մասին մեր պատկերացումները»,- ասված է Հ. Խաչատրյանի դիմումում: Նա նաեւ պատրաստակամություն է հայտնել առաջին իսկ պահանջի դեպքում նրանց ներկայացնել հարցին վերաբերող իրենց տրամադրության տակ եղած բոլոր նյութերը: