Հանցագործությունների թիվն աճել է

09/02/2007

Երեկվա ասուլիսում ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանը տեղեկացրեց, որ 2006թ. գրանցվել է հանցագործությունների 9,9%-անոց աճ:

Ըստ նրա` հանցավորության կառուցվածքի վերլուծության համաձայն` գրանցված հանցագործությունների թվաքանակի աճն էապես չի ազդել հանրապետության քրեածին իրավիճակի վրա: 2006 թ. ծանր հանցագործություններն աճել են 15,3%-ով, առանձնապես ծանրերը` 23%-ով, իսկ հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների թիվը` 6,2 %-ով: Աճ է արձանագրվել նաեւ սպանության, գողության, կողոպուտի եւ տրանսպորտային միջոց առեւանգելու դեպքերի մասով: Ըստ Հ. Հունանյանի, 2006 թ. հասարակական վայրերում կատարված հանցագործությունների թիվը նվազել է 8,8 %-ով: Քրեական հետախուզության գծով գրանցված հանցագործությունների կազմում հիմնական հանցատեսակներից նվազում է արձանագրվել սպանության փորձերի, առողջությանը վնաս պատճառելու, բռնաբարության եւ բռնաբարության փորձերի, ավազակության, խարդախության, յուրացման կամ վատնման դեպքերում: Հ. Հունանյանի խոսքերով, հանցագործությունների թվի ավելացումը պայմանավորված է մասնավորապես ոստիկանության հերթապահ մասերում քաղաքացիների ահազանգերը ֆիքսող հեռախոսային եւ ձայնային ազդանշանների տեղադրմամբ: «Երբեմն-երբեմն արձանագրվել են հանցագործությունների չգրանցման դեպքեր»,- նշեց Հ. Հունանյանը` ընդգծելով, որ հանցագործությունների հաշվառման ցուցանիշի բարձրացմանն է միտված ազդանշանները ֆիքսող սարքերի տեղադրումը: Չնայած ՀՀ-ում հանցագործությունների թվի աճին` ԱՊՀ-ի երկրներում հանցագործության ամենացածր ցուցանիշը Հայաստանինն է:

Հ. Հունանյանի խոսքերով, 2006թ. ներքին ծառայողական կարգապահությունը խախտելու համար քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության 22 աշխատակցի նկատմամբ: Քրեական գործերը հարուցվել են կաշառակերության, հանցագործության ահազանգերը չգրանցելու, շորթումներ կատարելու, քաղաքացիների նկատմամբ անհարկի ֆիզիկական ուժ գործադրելու եւ այլ պատճառներով: Անցյալ տարի ՀՀ ոստիկանության 70 աշխատակից հեռացվել է համակարգից, իսկ մոտ 500-ը ստացել են ծառայողական տույժեր:

Հ. Հունանյանը տեղեկացրեց նաեւ, որ 2006թ. ՀՀ-ում գրանցվել է 1574 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 332 եւ մարմնական վնասվածք ստացել 2089 մարդ: 2005 թ. համեմատ ՃՏՊ-ներն ավելացել են 20%-ով: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ պատահարների թվի աճը պայմանավորված է տրանսպորտային միջոցների թվի ավելացմամբ եւ միջպետական նշանակության ավտոճանապարհների նորոգմամբ (դրանք դարձել են ավելի արագընթաց), ինչը նպաստել է երթեւեկության ինտենսիվության շարունակական աճին: Վերջին 4 տարիներին ՀՀ տրանսպորտային պարկն ավելացել է մոտ 80.000 ավտոմեքենայով, իսկ 2006 թ.` 24.000-ով: