Ուղիները շատ են, ճանապարհը՝ փակ

09/02/2007 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

Անցյալ տարի Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 13,4%-ով: Համենայնդեպս, ԱՎԾ-ն է դա արձանագրել, եւ ոչ մի այլ կառույց լծակ չունի վիճարկելու այդ թիվը: Բայց կարեւորը ոչ այնքան թիվն է, որքան այդ թվին հասնելու ուղիները: 2006թ. տնտեսական աճն ապահովվել է միայն շինարարության եւ ծառայությունների ոլորտի հաշվին: Արդյունաբերության ճյուղում գրանցվել է նվազում, իսկ գյուղատնտեսությունում` գրեթե զրոյական աճ:

Այս ամենը, բնականաբար, գիտակցում է նաեւ ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Տիգրան Սարգսյանը, ով փետրվարի 5-ին իր տեսակետները հայտնեց մեր տնտեսության զարգացման եւ այն ոլորտների վերաբերյալ, որոնց վրա կարելի է շեշտադրումներ անել: ՀՀ գլխավոր ֆինանսական կառույցի ղեկավարն ուշադրություն է հրավիրում ներմուծման եւ արտահանման կառուցվածքի վրա: «Եթե մենք դիտարկում ենք ըստ ապրանքատեսակների, ապա տեսնում ենք, որ արդյունաբերության մեջ կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունենում: Դա նշանակում է, որ այն ապրանքատեսակների գծով, որոնք մրցունակ չեն (առաջին հերթին` արագ զարգացող չինական եւ հնդկական ապրանքների հետ), արտահանումը նվազում է: Բնականաբար, այդ ոլորտներում ներդրումներ անելիս ներդրողները պետք է առաջին հերթին գնահատեն իրենց պոտենցիալը` մրցակցելու Չինաստանի եւ Հնդկաստանի հետ»,- ասում է Տ. Սարգսյանը: Նրա խոսքերով` միեւնույն ժամանակ նկատելի է այն, որ արտահանման ծավալներն աճում են այն ոլորտներում, որտեղ ունենք հարաբերական առավելություններ, մասնավորապես` քիմիական եւ հանքահումքային արդյունաբերություններում:

Անցյալ տարի նկատվել է ներմուծման աճի բավական բարձր տեմպ` 21,8%, այն դեպքում, երբ արտահանումն աճել է ընդամենը 3,1%-ով: Նման միտումները շարունակվելու դեպքում ՀՀ տնտեսությունը մի քանի տարի հետո կարող է կանգնել լրջագույն վտանգի առաջ: Հայաստանը կարող է դառնալ մի երկիր, որը, կոպիտ ասած, միայն «ուտում է» ու չի կերակրում: ՀՀ-ն կդառնա սպառող երկիր, ով իր լուման կներդնի ոչ թե իր, այլ ուրիշ երկրների տնտեսությունների զարգացման գործում: Իսկ դա նշանակում է, որ ոչ հեռու ապագայում պետք է մոռանալ երկնիշ տնտեսական աճի մասին: Սակայն ԿԲ ղեկավարը հոռետես չէ, նա փորձում է լույս նշմարել թունելի վերջում: «Ներմուծման կառուցվածքում կարեւոր է այն, որ տեխնոլոգիաներ էլ են ներմուծվում Հայաստան: Հենց իմ նշած ոլորտներն են նոր սարքավորումներ ու տեխնոլոգիաներ ներմուծում: Իսկ դա նշանակում է, որ մոտակա տարիների ընթացքում քիմիական եւ հանքահումքային արդյունաբերություններում մենք ունենալու ենք աճի զգալի տեմպեր»,- գտնում է Տ. Սարգսյանը: Նա նշում է ՀՀ տնտեսության այն ոլորտները, որոնք երկարաժամկետ հատվածում համաշխարհային շուկայում կարող են մրցունակ լինել: «Եթե շինարարությանը, սպասարկման ոլորտին, տուրիզմին մենք ավելացնում են քիմիական, հանքահումքային արդյունաբերությունները եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտն, ապա դրանք են լինելու այն կլաստերները, որոնց շուրջ ձեւավորվելու է նոր կառուցվածքը: Այս ոլորտներում, կարծում եմ, մրցունակությունը կբարձրանա, իսկ այն ոլորտներում, որոնք մենք ժառանգել էինք սովետական համակարգից, եւ որոնք իրենց գոյատեւումն ապահովում էին, բնականաբար, դրանցից շատերը հեռանկարային չեն եւ մեր բնակչության եկամուտների աճի հետ զուգահեռ` կորցնելու են իրենց մրցունակությունը»,- նշում է ԿԲ նախագահը: Իհարկե, նրա նշած բոլոր ոլորտները կարող են մրցունակ լինել թե՛ տեղական եւ թե՛ միջազգային շուկաներում: Սակայն մրցունակությունն ու իրականում մրցակցելը տարբեր բաներ են: Մրցակցելու համար պոտենցիալը քիչ է, նախ պետք է զարգանալ: Իսկ դրա համար վերոնշյալ ոլորտներին անհրաժեշտ են մի շարք պայմաններ (բարենպաստ տնտեսական միջավայր, ներդրումների խթանում, կոռուպցիայի նվազում, փոխարժեքի կայունացում եւ այլն), որոնք, ցավոք, այսօր դեռ ապահովված չեն: Իսկ այդ գործում մասամբ իր դերն ունի հենց ԿԲ-ն:

Տեղական արտադրության զարգացման եւ արտահանման ծավալների աճի համար այսօր մեծ խոչընդոտ է մասնավորապես դրամի արժեւորումը, ավելի ճիշտ` դոլարի արժեզրկումը, որը բացատրվում է հիմնականում արտարժույթի ներհոսքով, այդ թվում` մասնավոր տրանսֆերտների ավելացմամբ: Վերջինիս մեծությունն անցյալ տարի կազմել է 960 մլն դոլար: ԿԲ-ի կանխատեսմամբ, այս տարի էլ արտասահմանից փոխանցվող մասնավոր տրանսֆերտները շարունակելու են աճել: ԿԲ-ն այս գնահատականը տալիս է` ելնելով մակրոտնտեսական կանխատեսումներից: Բացի այդ, ԿԲ-ն համապատասխան հարցումներ է իրականացրել ՀՀ-ում, ԱՄՆ-ում եւ ՌԴ-ում: Տ. Սարգսյանի խոսքերով, այդ հարցումներով փորձ է կատարվել ոչ միայն գնահատել փոխանցումների ծավալներն, այլ որոշակի կանխատեսումներ անել: Արտասահմանում բնակվող հայերին մասնավորապես հարցրել են, թե նրանք շարունակելո՞ւ են արդյոք օգնել իրենց հարազատներին, ավելացնելո՞ւ են արդյոք այդ օգնության ծավալները եւ այլն: «Եթե տնտեսական աճի միտումները Ռուսաստանում պահպանվեն (կարծես թե 2007-ը ՌԴ-ի համար լինելու է հաջող տարի, եւ երկրին հաջողվելու է պահպանել աճի ծրագրավորված տեմպերը), ապա մեր հայրենակիցների եկամուտները շարունակելու են այնտեղ աճել, եւ այդ տեմպին զուգահեռ` կավելանան նաեւ Ռուսաստանից Հայաստան փոխանցումները: Նույն գնահատականները կարելի է տալ նաեւ ԱՄՆ-ի համար: Ուստի մենք կանխատեսում ենք, որ բոլոր այլ հավասար պայմաններում փոխանցումների 15-20%-անոց աճն իրատեսական կարող է լինել»,- նշում է Տ. Սարգսյանը: Նրա խոսքերով, պետք է հաշվի առնել նաեւ Իրանից, Լիբանանից եւ Սիրիայից Հայաստան ուղարկվող դրամական ոչ կանոնավոր փոխանցումները, որոնք, ժամանակ առ ժամանակ, կախված քաղաքական իրադարձություններից, մեծ ծավալների են հասնում: ԿԲ նախագահը չի բացառում, որ այս տարի էլ այդ երկրներից «նման երեւույթներ» շարունակվեն:

Իսկ ինչպե՞ս է ԿԲ-ն չեզոքացնելու այդ միլիարդավոր դոլարների ազդեցությունը: «2006թ. կիրառվող գործիքակազմը պահպանելու ենք նաեւ այս տարի, այն է` կտրուկ տատանումների դեպքում, երբ մենք տեսնում ենք, որ մեծածավալ արտարժութային ներհոսք է լինում, փորձում ենք չեզոքացնել դրա բացասական հետեւանքները»,- ասում է Տ. Սարգսյանը: Բայց երբ ԿԲ-ն դրամով գնում է «չծրագրավորված լրացուցիչ արտարժույթ», դա առաջացնում է գնաճային ճնշումներ: Իսկ դրանք զսպելու համար ԿԲ-ն թողարկում է լրացուցիչ պարտատոմսեր: Տ. Սարգսյանի խոսքերով, այդ առումով իրենք բավական ճկուն են, քանզի սեփական արժեթղթերով ԿԲ-ն ավելի «օպերատիվ» է աշխատում, քան պետական պարտատոմսերով: Բնական է, որ որքան շատ արտարժույթ գա Հայաստան, այնքան ԿԲ-ն ստիպված կլինի ավելի շատ պարտատոմսեր թողարկել: Սակայն, Տ. Սարգսյանի հավաստմամբ, դա իրենց համար ծախսատար է, քանզի ավելցուկային լիկվիդայնությունը բանկերից քաշելու համար ԿԲ-ն տոկոսներ է վճարում: Անցյալ տարի ԿԲ պարտատոմսերի տոկոսադրույքը տարեկան կտրվածքով 5% էր, այս տարվա հունվարի տեղաբաշխումն էլ եղել է այդ գնի շրջանակներում: «Եվ իհարկե, դրամի արժեւորումը բերում է ԿԲ հաշվեկշռի կտրուկ վատթարացմանը, քանի որ մեր պարտավորություններն ամբողջությամբ դրամային են, իսկ մեր ակտիվներն` ամբողջությամբ արտարժութային»,- ասում է Տ. Սարգսյանը: Այսինքն, ԿԲ-ն էլ է «զոհի» դերում: