«Անկարան բաց է թողել եզակի պահը: Թուրքահայ հայտնի լրագրող Հրանտ Դինքի սպանությունից երեք շաբաթ անց Թուրքիայի իշխանությունները, կարծես թե, չեն ըմբռնել ո՛չ Դինքի կյանքի ուղերձը, ո՛չ էլ նրա մահվան խորհուրդը»,- գրել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Լոս Անջելես թայմս» թերթի երեկվա համարում տպագրված հոդվածում: «Դինքի մահից անմիջապես հետո ինչպես մենք Հայաստանում, այնպես էլ այլոք աշխարհում ուզում էինք հավատալ, որ հասարակական վշտի պոռթկումը ճեղք կառաջացնի հերքման եւ մերժման թուրքական պարիսպում եւ որ ջանքեր կգործադրվեն՝ աստիճանաբար վերացնելու այն պայմանները, որոնք հնարավոր դարձրեցին սպանությունը: Մենք բոլորս հույս ունեինք, որ այս ոճրագործության ծանրությունը եւ արձագանքի խորությունը կստիպեն Թուրքիայի առաջնորդներին օգտագործել առիթը եւ արմատապես փոխել այն քաղաքականությունը, որը հանգեցրել է այսօրվա փակուղային իրավիճակին»,- գրել է Վ. Օսկանյանը: «Այդուհանդերձ, համերաշխության այդ նախնական ակնարկներից հետո Անկարայից եկող ուղերձն արդեն փոխվել է: Անցած շաբաթ, թուրքական մամուլի վկայությամբ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ասել է, որ հայերի հետ մերձեցում չի կարող լինել, որովհետեւ հայերը առաջվա նման պնդում են ցեղասպանության մասին խոսելու անհրաժեշտությունը: Վարչապետն իրավացի է: Հայերը պնդում են ցեղասպանության մասին խոսելու անհրաժեշտությունը: Դա պատմությունը վերափոխող իրադարձություն է, որը չպետք է եւ իրականում չի կարող մոռացվել: Այնուհանդերձ մենք նաեւ հանդես ենք գալիս մերձեցման օգտին: Մեկը մյուսի համար նախապայման չէ»,- նշել է Վ. Օսկանյանը: