Երկսե՞ռ, թե՞ միասեռ ղեկավա

09/02/2007 Կարինե ՀԱԿՈԲՅԱՆ

Հայոց լեզվում, ինչպես գիտեք, չի եղել եւ չկա սեռի հասկացություն: Այն կա ռուսերենում, ֆրանսերենում, անգլերենում եւ շատ այլ լեզուներում: Անգլերենում «gender» (սեռ) բառը քերականական հասկացություն է, որից էլ շրջանառության մեջ է մտել «գենդեր» տերմինը: Փաստորեն «գենդեր» բառն անգլերենում նշանակում է ոչ թե սեռ (դա «sex» բառն է), այլ` սեռերի զանազանում: Եվ, հետեւաբար, կարելի է հետեւություն անել, որ սեռի հասկացություն ունեցող ժողովուրդների լեզվամտածողության մեջ, թերեւս, առկա է եղել սեռերի զանազանում եւ խտրականություն: Ինչո՞ւ նաեւ խտրականություն, որովհետեւ միայն զանազանելը թույլ դրդապատճառ է լեզուն այդքան բարդացնելու համար: Զանազանել են, կարծում եմ, առանց բացառության բոլոր ժողովուրդները: Անգլերենն այսօր զարգանում է աստիճանաբար պակասեցնելով քերականական սեռի գործածության դեպքերը: Օրինակ, նոր մասնագիտություններն այլեւս չունեն իգական սեռը տարբերակող «ess» վերջավորությունը, ինչպես նախկինում եղել է. «hostess, waitress, actress»: Իսկ հայերենում հակառակն է, ի սկզբանե չի եղել լեզվին խորթ այդ «ուհի» մասնիկը եւ միայն վերջին շրջանում (հավանաբար` ռուսաց լեզվի ազդեցությամբ), արհեստականորեն ավելացել է: Ամեն դեպքում, հայերեն լեզվամտածողության մեջ, փաստորեն, կնոջ եւ տղամարդու զանազանում չկա:

Սկսեցի լեզվից, որովհետեւ այն ամենաուղղակի առնչությունն ունի ժողովրդի մտածողության եւ հոգեբանության հետ: Մի հաղորդման ժամանակ իմ այն կարծիքին, թե ազգային մտածողության առումով մենք գենդերային խնդիր չունենք, Կանանց հանրապետական խորհրդի նախագահ Նորա Հակոբյանն ասաց, որ գուցեեւ չէինք ունենա, եթե այդքան աղավաղված չլիներ մեր հոգեբանությունը եւ մտածողությունը: Եվ ինչպես Կոմիտասը մաքրեց մեր երաժշտությունն օտար ազդեցություններից, այնպես էլ այսօր մեր մտածողությունը մաքրվելու կարիք ունի:

Բանավիճային այդ հաղորդման մեջ մենք հակադիր կողմերում էինք, բայց այժմ, ժամանակ անց, ես ուզում եմ ասել, որ առավել` քան համաձայն եմ այդ տեսակետին: Մենք այնքան ենք հեռացել մեր ակունքներից, որ, իհարկե, կարիք ունենք զտվելու եւ դարերի ընթացքում շերտ շերտի վրա եկած եւ կարծրացած օտար շպարը մեր մաշկի վրայից մաքրելու, որպեսզի վերջապես տեսնենք մեր իրական դեմքը: Եվ այն ժամանակ, երբ կտեսնենք այն, հանգիստ կարող ենք հայտարարել, որ մենք հենց այն ժողովուրդն ենք, որ, իրոք, գենդերային հիմնահարց չունի, եւ հպարտորեն կբերենք օրինակները մեր պատմության ամենավաղ ժամանակաշրջանից մինչեւ քսաներորդ դար, մինչեւ Հայաստանի Առաջին Հանրապետություն, երբ խորհրդարանում կին պատգամավորներ ունեինք, եւ դա` այն ժամանակ, երբ արեւմտյան երկրներում եւ Միացյալ Նահանգներում կանայք դեռեւս ոչ թե ընտրվելու, այլ ընտրելու իրավունք չունեին: Ինքս՝ չլինելով ֆեմինիստ, հրաշալի հասկանում եմ արեւմուտքում ծագած այդ շարժման դրդապատճառները, երբ ինքնասիրության եւ համբերության բաժակը լցված է եղել:

Հայաստանում այլ է եւ, բնականաբար, ֆեմինիստական շարժում չէր կարող ծագել, որովհետեւ այդ շարժումը ձեւավորվելու համար որոշակի կենսամակարդակ է պետք, իսկ Հայաստանում, երբ այդ կենսամակարդակը լինում է, այլեւս գենդերային հիմնախնդիր չի լինում, իսկ երբ գենդերային խնդիր կա, այսինքն՝ խտրականության խնդիր, ուրեմն՝ ցածր է կենսամակարդակը:

Մենք որքան էլ ուզենք չօգտագործել «հեղափոխություն» բառը, այնուամենայնիվ, զգալի փոփոխությունների ժամանակաշրջան ենք ապրել, եւ հասարակական կյանքը դեռեւս չի կայունացել: Ինչպես երկրի ընդերքի ցնցումների ժամանակ խախտվում են հողի շերտերը, այդպես էլ՝ քաղաքական ցնցումները խախտում են հասարակության որակական շերտերը: Եվ պատահական չէ, որ ընդհանուր կենսամակարդակը եւ կրթվածության աստիճանը բավականին ցածր է այսօր: Իսկ հայկական իրականության մեջ, վստահաբար կարող ենք ասել, որ կնոջ դերը եւ տեղը հասարակության մեջ ուղիղ համեմատական է երկրի կենսամակարդակին: Ինչպես նաեւ` տղամարդկանց վերաբերմունքը կնոջ նկատմամբ դարձյալ ուղիղ համեմատական է նրանց կրթվածության աստիճանին:

Ֆեմինիզմն այլեւս մնացել է անցյալ դարում: Եվ ինչպես սովորաբար լինում է բուռն շարժումների ժամանակ, այն նույնպես տեղ-տեղ անցավ ցանկալիի սահմանը: Որովհետեւ կինը եւ տղամարդը, ինչպես կշեռքի երկու նժարներ, երբ մեկը բարձրանում է` մյուսն իջնում է: Կնոջ չափից ավելի ակտիվությունը պասիվացնում է տղամարդուն, իսկ ներդաշնակ ընտանիքի եւ հասարակության համար շատ կարեւոր է պահել նժարների այդ հավասարակշռությունը: Այսօր քաղաքակիրթ բոլոր երկրներն իրենց պետական ռազմավարական ծրագրերը մշակելիս հաշվի են առնում գենդերային այդ հավասարակշռության գործոնը: Դա վերաբերում է բոլոր ոլորտներին, առանց բացառության, եւ նշանակում է` հիմնավորված եւ մանրակրկիտ ծրագրել տղամարդկանց եւ կանանց մասնակցության հարաբերակցությունը բնագավառ առ բնագավառ: Ղեկավարման ներկայիս բարդ համակարգում, երբ ծրագրվում է անգամ ազատ շուկան, սա նոր մոտեցում է, որի նպատակն է, հաշվի առնելով կնոջ եւ տղամարդու տարբերություններն ու առանձնահատկությունները, առավելագույն արդյունավետությամբ եւ ըստ նպատակահարմարության օգտագործել նրանց կարողությունները երկրի հասարակական եւ տնտեսական զարգացման համար: Որովհետեւ այդ տարբերությունները եւ առանձնահատկությունները լրացնում են միմյանց եւ ձեւավորում են ամբողջությունը:

Հայաստանի հիմնական կապիտալը, բազմիցս ասվել է, նրա մտավոր ներուժն է: Բարձրագույն կրթությամբ կանայք բնակչության հիսունից մի փոքր ավելի տոկոսն են կազմում, մասնագետները տարբեր ոլորտներում` նույնպես: Նպատակահարմար է, որ երկիրը ղեկավարեն, եթե չասենք` լավագույններից լավագույնները, որը գործնականորեն անհնարին է, ապա գոնե` արժանավորները, որոնք, բնականաբար, որքան տղամարդկանց մեջ են, նույնքան` կանանց, եւ այդ կեսի կարողությունը փաստորեն այսօր չի օգտագործվում: Բոլոր այն դատողությունները, թե կնոջ պատասխանատու աշխատանքից կտուժի ընտանիքը, ընդամենը մոլորություն է: Ընտանիքը կնոջ համար միշտ կարեւոր է, եւ կանայք, ովքեր ունեն մասնագիտական, գործարար կամ ղեկավարելու կարողություններ եւ ցանկություն, հրաշալի կարող են համատեղել աշխատանքն ընտանեկան կյանքի, տնային պարտականությունների եւ մայր լինելու հաճույքի հետ: Երբեմն արհեստականորեն բարձրացված խնդիրները, գիտակցորեն կամ ենթագիտակցորեն, իրական խնդիրներից շեղելու նպատակ են հետապնդում: Չգիտես ինչու, չի խոսվում այն բազմաթիվ բարոյահոգեբանական եւ սոցիալական պատճառների մասին, որոնց հետեւանքով ընտանիքի ինստիտուտը իսկապես ճեղք է տալիս, երբ, օրինակ, ընտանիքի տղամարդը կամ կինը՝ տարիներով աշխատելով օտար ափերում, բացակայում է տնից, հեռու է երեխաներից, եւ այլն:

Երբեմն որոշ քաղաքական գործիչների կողմից տարբեր առիթներով լսում ենք, որ գենդերային հիմնախնդիր մենք չունենք: Նրանք արտահայտում են իրենց կարծիքը եւ հավանաբար անկեղծ են, բայց պիտի եզրակացնենք, որ թյուր պատկերացում ունեն կամ ընդհանրապես չգիտեն, թե ինչ ասել է դա: Այդպիսի խնդիր կա թե չկա երկրում՝ դատում են արդյունքով: Այդ արդյունքի ակնհայտ ցուցանիշն Ազգային ժողովի եւ Կառավարության գրեթե միասեռ պատկերն է: Եվ այդ իրավիճակն ընդամենը ապացույցն է նրա, որ մենք իսկապես հեռացել ենք ինքներս մեզնից, մեր ազգային մտածողությունից եւ ապրելակերպից: