Ղարաբաղում դարձյալ հանգիստ ու խաղաղ նախընտրական շրջան է` քաղաքական ոչ մի ակտիվություն: Միայն որոշ հասարակական կազմակերպություններ շարունակում են սոցիոլոգիական իրենց հարցումները` նախագահական ընտրությունների եւ նախագահի հնարավոր թեկնածուների վերաբերյալ: Բնականաբար, հարցումներն անցկացվում են հասարակության տարբեր խավերի շրջանում: Որոշ կազմակերպություններ էլ ընդարձակ հարցումներ են անցկացնում, բայց առայժմ նախընտրում են արդյունքները չհրապարակել:
Բոլորը սպասողական վիճակում են: Իսկ ԼՂՀ նախագահի թեկնածուները պարզ կդառնան երկրում գործող կուսակցությունների համագումարներից հետո, հատկապես խորհրդարանում ընդգրկվածների: «Ազատ Հայրենիք» եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունները փետրվար-մարտ ամիսներին պետք է համագումար անցկացնեն, որտեղ, ամենայն հավանականությամբ, պարզ կդառնան կուսակցությունների հետագա անելիքները` կապված մի քանի ամիս հետո նախատեսվող նախագահական ընտրությունների հետ:
«Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանի խոսքերով՝ համագումարի օրը դեռ որոշված չէ: Հստակ հայտնի չէ նաեւ ԼՂՀ ՀՅԴ կուսակցության համագումարի հստակ օրը, սակայն կուսակցությունից ասում են, որ այն, հավանաբար, տեղի կունենա մարտի սկզբներին:
Թեեւ Ղարաբաղում կուսակցությունները նախագահական ընտրություններին բացահայտ չեն պատրաստվում, բայց, այնուամենայնիվ, շատերը զբաղված են դրանով: Եթե ամիսներ առաջ երկրի որոշ անելիքների իրականացումը հետաձգում էին մինչեւ Սահմանադրության ընդունումը, ապա այժմ նշում են, որ անհրաժեշտ կլինի սպասել նաեւ նախագահական ընտրությունների ավարտը: Այդ հարցերից է նաեւ օմբուդսմենի նշանակումը: «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքը Ղարաբաղում ընդունվել է դեռեւս նախորդ գումարման Ազգային ժողովի կողմից, եւ, ըստ որի, օրենքն ուժի մեջ մտնելուց երկու ամիս հետո նորանշանակ օմբուդսմենը պետք է անցներ իր պարտականությունների կատարմանը, սակայն մինչ օրս Ղարաբաղը մարդու իրավունքների պաշտպան չունի: Սկզբում նշում էին, որ նպատակահարմար է սպասել Սահմանադրության ընդունմանը: Սահմանադրությունն էլ ընդունեցինք, ի՞նչ է մնում:
ԼՂՀ ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Յուրի Հայրապետյանի խոսքերով՝ ընդունված օրենքը պետք է համապատասխանեցվի Սահմանադրությանը: «2005թ. փետրվարին ընդունված օրենքով օմբուդսմենի թեկնածուների առաջադրման իրավունք ունեին ինչպես ԼՂՀ նախագահը, այնպես էլ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի ոչ պակաս, քան 1/5-ը: Քանի որ առաջին հայացքից ժողովրդավարական թվացող նորմը ոչ մի մարմնի չէր պարտավորեցնում մարդու իրավունքների պաշտպանի ընտրություն կազմակերպել, հետեւաբար Սահմանադրության նախագծի մշակման ընթացքում այդ հարցի լուծման առավել հաջող տարբերակ է գտնվել: Հիմնական օրենքի հոդված 120-ով օմբուդսմենի նշանակումը միանշանակ մտնում է ԼՂՀ ԱԺ իրավասությունների մեջ»,- այսպես է պարզաբանում Յու. Հայրապետյանը: Նրա խոսքերով, գործող օրենքով նշանակումը կատարվում է խորհրդարանի պատգամավորների պարզ մեծամասնությամբ, իսկ Սահմանադրությամբ` 3/5-ով: Հանձնաժողովի նախագահը հավաստիացնում է, որ մարդու իրավունքների պաշտպանի ընտրության համար անհրաժեշտ է թեկնածուների առաջադրման մեխանիզմներ մշակել եւ համապատասխան օրենքում ու ԱԺ ընթացակարգում փոփոխություններ մտցնել: