Անգղների խրտվիլակները՝ գովազդի սուբյեկտ

09/02/2007 Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Անգղներն ի սկզբանե քիչ հանդիպող թռչուններ են, քանի որ նրանց կերը բնության մեջ քիչ է: Վերջիններս հիմնականում սնվում են դիակներով: «Հայաստանում անգղների հետ կապված խնդիրն ուղղակի նրանց հետապնդումն է մարդու կողմից: Առաջին հերթին թռչուններին ոչնչացնում են խրտվիլակ սարքելու նպատակով: Մեծ գիշատիչ թռչունի խրտվիլակ ունենալն ինչ-որ տեղ «պրեստիժի» հարց է դարձել առանձին անհատների եւ տնտեսվարող սուբյեկտների համար: Բացի այդ՝ նրանց ուղղակի հետապնդում են, որսում եւ վաճառում՝ մինի գազանանոցների համար»,- ահազանգում է Հայաստանի Ամերիկյան համալսարանի ավագ գիտաշխատող Կարեն Աղաբաբյանը:

Հայաստանում կան 4 տեսակի անգղներ, որոնցից 3-ը գրանցված են Կարմիր գրքում: Օրինակ, սեւ անգղը հանդիպում է միայն Խոսրովի արգելոցում, մորուքավոր անգղ ու գիշանգղ տեսակները գրեթե ամբողջ Հայաստանում են տարածված, իսկ սպիտակագլուխ անգղներից այսօր մեզ մոտ կան ընդամենը 35 զույգ: «Մորուքավոր անգղներն ունեն մեծ տարածքներ, որոնք անընդհատ զննում են: Բայց դա չի նշանակում, որ նրանց քանակությունը շատ է: Իրականում մեզ մոտ տարեկան բնադրվում է մորուքավորի 8-9 զույգ»,- նշում է ավագ գիտաշխատողը: Նրա ասելով, Հայաստանում տարածված է բոլոր միջին եւ մեծ չափսի գիշատիչների որսը, ավելի ճիշտ՝ որսագողությունը, սակայն անգղն ավելի վտանգված է, քանի որ վերջիններս շատ քիչ են ու ավելի հասանելի են որսագողերի համար: Անգղներն օրինական որսի օբյեկտ չեն հանդիսանում: Իսկ ահա Կարմիր գրքում գրանցված մորուքավոր, սպիտակագլուխ եւ սեւ անգղները ենթակա են հատուկ պահպանման: «Չարենց փողոցի վրա գտնվող տաքսի ծառայության ապակուց մի մորուքավոր անգղի խրտվիլակ է ցուցադրված՝ կտուցին ծառայության գովազդային քարտը: Մի օր մոտեցա եւ հարցրի, թե որտեղի՞ց են այն ձեռք բերել: Աշխատողը պատասխանեց, թե նվեր է: Անկասկած, անգղն իրենց բիզնեսին չի կարող նպաստել, քանի որ նրանց բիզնեսը հեռախոսով է: Ուղղակի խրտվիլակը շատերի համար էսթետիկական հաճույք է,- ասում է «Հայաստանի թռչունների նախագծի» երիտասարդ գիտաշխատող Մարո Քոչինյանը, եւ հավելում,- Վերջերս Հրազդանի կիրճում մի գիշատիչ թռչունի խրտվիլակի հանդիպեցինք: Նա առանց ծածկի էր` ձյան ու անձրեւի տակ: Այսինքն, թռչունին իր կյանքից զրկել էին ձագ հասակում, որպեսզի խրտվիլակ դարձնեն ու 3 ամիս հետո դեն նետեն, ինչը շատ անմարդկային արարք է»: Գիշատիչների անխնա ոչնչացման այս հիմնախնդրի լուծումը, բնականաբար, ենթադրում է օրենքի սահմաններում խիստ վարչարարության կիրառում: Մ. Քոչինյանը կարծում է, որ գիշատիչ թռչունների պահպանման հարցն ավելի շատ հասարակության խնդիրն է, քանի որ. «Իշխանությունները որքան էլ արգելեն, մարդկանց պետք է կրթել, որպեսզի գիտակցեն, որ, բացի գեղեցիկ լինելուց, թռչունները բնության սանիտարներ են»: Փաստորեն, որեւէ ծառայության եւ ապրանքի գովազդի համար գիշատիչների խրտվիլակները դարձել են սուբյեկտներ, իսկ ժամանցային վայրերում` «պրեստիժի» ու «vip»-ի շտրիխներ: Խրտվիլակ սարքելն արհեստ է, ու Հայաստանում շատ քիչ մարդիկ կան, ովքեր տիրապետում են այդ արհեստին: Մասնագետների գնահատականով, այստեղ պատրաստվածները շատ շուտ փչանում են, պարզապես վատ մշակված լինելու հետեւանքով նրանց ցեցն ուտում է: «Խրտվիլակներին մշակում են թունաքիմիկատներով, այն տանը պահելը խիստ վտանգավոր է, մանավանդ` երեխաների առողջության համար: Մեր պայքարն այդ ռեստորանների, զվարճանքի օբյեկտների տերերի դեմ չէ: Մենք պարզապես տեղեկացնում ենք հնարավոր հետեւանքների մասին»,- նշում է Կ. Աղաբաբյանն ու խրտվիլակ ձեռք բերելու համար խորհուրդ է տալիս այցելել «Վերնիսաժ»: Այդ խիստ ազգային տոնավաճառում անցած շաբաթ օրը գիշատիչ թռչուն-խրտվիլակի վաճառքի եզակի դեպքի հանդիպեցինք: Վաճառողն անգամ տեղյակ չէր՝ իր խրտվիլակն արծի՞վ է, թե՞ անգղ: Նրա ներկայացմամբ, խրտվիլակը բնակարանում 16 տարի պահելուց հետո, հանկարծ որոշել է վաճառել: «Քուր ջան, էս խրտվիլակն արխային կարաս առնես, էս 200 տարի էլ կմնա: Ինձ նվիրել են, մնացել է, նեղն եմ, ուզում եմ վաճառեմ: Շատ լավ է մշակված՝ քիմիայով, մեջն էլ լրիվ սիլիկոն է»,- գովաբանում էր վաճառողն իրեն անհայտ թռչունի խրտվիլակը, որի դիմաց 50 հազար դրամ էր պահանջում, ինչը սակարկելի գումար էր:

Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ Հայաստանում լուրեր էին տարածվել նաեւ այն մասին, որ Արաբական Էմիրություններից մեծ գումարների դիմաց հայկական բազեներ են արտահանում: «Հնուց եկած սովորույթ կա, երբ վարժեցրած գիշատիչ թռչունը որսում է ուրիշ տեսակի թռչունի: Իբրեւ որսի թռչուն բազեները մեծ պահանջարկ ունեն, բայց այն տեսակները, որ շատ գնահատված են Էմիրություններում եւ Ռուսաստանում, իրականում մեզ մոտ գոյություն չունեն: Ցանկացած կեռ կտուցով թռչուն շփոթում են բազեի հետ: Պատահում է, որ որսում են, հետո չեն կարողանում վաճառել, եւ այդ թռչուններին անիմաստ ոչնչացնում են: Ապօրինի որսով կարող է զբաղվել ցանկացած տեղաբնակ, ով գիտի թռչունի բնի տեղը»,- ասում է ավագ գիտաշխատողը: ՀՀ Բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանը հավաստիացնում է, որ այս ոլորտն առավել կառավարելի կդառնա ԱԺ-ում երկրորդ ընթերցման ներկայացրած «Որսի եւ որսորդական տնտեսության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումից հետո, որը կնպաստի որսի կենդանիների ճիշտ օգտագործմանը, որսահանդակների պահպանությանը, որսորդական տնտեսությունների զարգացմանը եւ որսի կարգավորմանը:

Պահպանենք «թռչող գառներին»

Անգղներն ու արծիվները հարմար են խրտվիլակի, բազեները` որսի համար: Իսկ ահա Արարատյան դաշտի սպիտակ արագիլներին մարդիկ հետապնդում են` իրենց կերակրացանկն էկզոտիկ դարձնելու համար: Ասում են, խորովածի համադամասերներն Արարատյան դաշտի արագիլն անվանում են «թռչող գառ» կամ «արքայական» ուտելիք: «Հայաստանի թռչունները նախագծի» հեղինակները ներկայումս հետազոտական աշխատանքներ են իրականացնում՝ պարզելու, թե շրջակա միջավայրի փոփոխությունն ինչպես է ազդում որոշ թռչունների պոպուլյացիաների վրա: Անցյալ տարի ավարտված սպիտակ արագիլների նախնական մոնիտորինգի ամփոփ տվյալները վկայում են, որ այս պահին արագիլների ոչնչացմանը սպառնացող հիմնական գործոնը էլեկտրական սյուների վրա բնադրվելու պատճառով նրանց բների հրդեհումն է, միեւնույն ժամանակ այն մեծ վնաս է հասցնում նաեւ էլցանցին: Պահպանենք թռչուններին։