Նամակ համանախագահներին

09/02/2007

Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը նամակ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որում բողոք է հայտնում Երեւանում Շուշիի ազատագրումը խորհրդանշող հուշարձան տեղադրելու՝ Հայաստանի իշխանությունների որոշման կապակցությամբ: Ըստ «APA» գործակալության, նամակում մասնավորապես ասված է. «Երեւանում ադրբեջանական Շուշի քաղաքի օկուպացման 15-ամյակը խորհրդանշող հուշարձանի տեղադրման մասին Հայաստանի կառավարության որոշումը կարող է համարվել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում անցկացվող խաղաղ բանակցությունների գործընթացին հասցված հերթական հարվածը»: Դա, համոզված է «Ենի Ազերբայջանը», «մի կողմից, ուղղակիորեն ապացուցում է օկուպացմանը այդ երկրի մասնակցությունը, իսկ մյուս կողմից՝ ցույց է տալիս ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում անցկացվող բանակցություններում Հայաստանի ապակառուցողական եւ ոչ անկեղծ դիրքորոշումը»: Հուշարձանի տեղադրումն ըստ Ադրբեջանի իշխող կուսակցության, «չի համապատասխանում ոչ միայն միջազգային նորմերին, այլեւ բարոյականության եւ մարդկայնության նորմերին»: «Ենի Ազերբայջանը» համանախագահներին կոչ է անում «կասեցնել Հայաստանի հերթական սադրանքը»: