Ձգտում է պետք

09/02/2007

Օրերս Ուկրաինայի ազգային բանկը (ՈՒԱԲ) թարմացրել էր երկրներին տարբեր ռիսկային խմբերում դասելու մասին տեղեկատվությունը, որը հաշվի է առնում վարկային գործառույթների տակ գտնվող պահուստային միջոցներն ու այն գումարները, որոնք տեղաբաշխվում են ոչ ռեզիդենտ բանկերի թղթակցային հաշիվներում: Մասնավորապես, Ռուսաստանն ու Ղազախստանը գտնվում են ռիսկի երկրորդ խմբում, Ադրբեջանն ու Հայաստանը` երրորդում, Վրաստանն ու Թուրքմենստանը` չորրորդում, իսկ Մոլդովան 6-րդ խմբում է: Ընդհանուր առմամբ, ՈՒԱԲ-ը երկրները բաժանում է ռիսկի 8 խմբերի` միջազգային վարկանշային գործակալությունների տվյալների հիման վրա: Մեր այն հարցին, թե ինչի՞ հիման վրա է իրականացվել այս դասակարգումը, եւ ինչո՞ւ է Հայաստանը դրանում հայտնվել հենց 3-րդ խմբում, փետրվարի 5-ին ՀՀ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը պատասխանեց, որ դասակարգումը «բավական պարզ» մեթոդաբանությամբ է իրականացվել: «Նրանք վերցրել են «Մուդիսի» եւ «Ֆիտչի» վարկանիշները եւ ըստ դրանց 6 սանդղակ են սահմանել: Քանի որ այս առումով մենք Ադրբեջանի հետ նույն վարկանիշն ունենք, հայտնվել ենք նույն խմբում: Առաջին խմբում չենք, որովհետեւ մեր վարկանիշը դեռեւս ցածր է, բայց եթե մենք էլ հասնենք A ռեյտինգի, բնականաբար, մենք կհայտնվենք առաջին խմբում: Իսկ դրան պետք է ձգտենք»,- ասաց Տ. Սարգսյանն` ավելացնելով, որ դա էլ վատ վարկանիշ չէ: