Սեղանի շուրջ պահելաձեւը

09/02/2007

Սեղանի շուրջ իրեն ճիշտ պահել իմանալն արվեստ է: Եվ քանի որ ընդունելությունները գործարար աշխարհում կյանքի անբաժանելի մասն են կազմում, տարբեր ուսումնական հաստատություններում ապագա գործարարներին սովորեցնում են իրենց ճիշտ պահել սեղանի շուրջ, կողքինների հանդեպ սիրալիր լինել, ուտել ոչ միայն գեղեցիկ, այլեւ` շրջապատողների համար «անվտանգ», այսինքն` բաժակը կամ ափսեն չշրջել կողքինի վրա, եւն:

Ամենակարեւոր խորհուրդը, որ կարելի է տալ գործնական ընդունելության ժամանակ իրեն ճիշտ պահելու վերաբերյալ. աշխատեք ձեր ներկայությունը հաճելի դարձնել շրջապատողների համար:

Սեղանի շուրջ չի կարելի ձեռքերը թափահարելով խոսել, դուք կարող եք անզգուշաբար որեւէ բան շուռ տալ: Ուտել պետք է ոչ շատ արագ, ոչ էլ շատ դանդաղ, այլապես դուք ուշադրություն կգրավեք: Մասնակիցների վարքն այնպիսին պետք է լինի, որ ուշադրությունը չշեղվի ընդունելության հիմնական նպատակից` գործնական կողմից:

ՈՒտելիս աշխատեք դանակ-պատառաքաղն օգտագործել որքան հնարավոր է անաղմուկ: Ուտելիքը հարկ է կտրել փոքր կտորներով, ոչ թե միանգամից կտրատել ամբողջը: Եթե որեւէ առարկա ձեզանից հեռու է դրված, կողքի նստածին խնդրեք փոխանցել այն, ոչ թե ձգվեք սեղանի վրայով:

Չի կարելի արմունկներով հենվել սեղանին, սեղանին գտնվում են միայն դաստակները, իսկ արմունկներն, ըստ հնարավորության, սեղմված են իրանին: Սեղանի շուրջ պետք է ուղիղ նստել` չկռանալով ափսեի վրա: Դանակ-պատառաքաղը պետք է բռնել մատներով, ոչ թե ափով:

Էթիկետը խորհուրդ է տալիս մինչեւ վերջին փշուրը չուտել ափսեի մեջ եղածը, սակայն սա չի կարելի իբրեւ դոգմա ընդունել: Գերմանիայում, օրինակ, կմտածեն, որ ուտելիքը հյուրին դուր չի եկել:

Ժամանակակից էթիկետը պահանջում է նաեւ, որ անձեռոցիկը գցվի ծնկներին` հագուստի վրա բծեր թողնելուց խուսափելու համար: Սակայն փորձը ցույց է տալիս, որ անձեռոցիկի մասին հաճախ մոռանում են, եւ այն հայտնվում է նստածների ոտքերի տակ: Այդ պատճառով կարելի է այն ծալած դնել ափսեի կողքին:

Դանակ-պատառաքաղից օգտվելու երկու հիմնական ձեւ կա` ամերիկյան եւ եվրոպական: Առաջին դեպքում` դանակը պահում են աջ ձեռքով, պատառաքաղը` ձախ, եւ ուտելիքից փոքր կտոր կտրում, ապա դանակը թողնում ափսեի վրա, պատառաքաղը տեղափոխում աջ ձեռքը եւ ուտելիքը տանում բերանը: Եվրոպական ձեւը հետեւյալն է. ուտելիս դանակը միշտ պահում են աջ ձեռքում, պատառաքաղը` ձախ: Այս ձեւը թերեւս ավելի հարմար է, քանի որ դժվար է անընդհատ դանակ-պատառաքաղը տեղափոխել:

Եվս մի խորհուրդ. գործնական ընդունելությունների ժամանակ ընդունված չէ բաժակները չխկացնել: Ծայրահեղ դեպքում դա կարելի է անել կողքին նստածի հետ:

Հրավիրող կողմի ներկայացուցիչը (ներկայացուցիչները) առաջինն է սեղան նստում` օրինակ ծառայելով մյուսներին: Սակայն նա չպետք է առաջինը վեր կենա սեղանից: Դա կարելի է անել միայն այն բանից հետո, երբ վեր է կացել վերջին հյուրը:

Տղամարդիկ կանանց ուղեկցում են սեղանի մոտ, նստեցնում իրենց աջ կողմում, ապա իրենք են նստում: Նրանք պետք է ուշադիր լինեն թե ծանոթ, թե անծանոթ կանանց հանդեպ:

Սեղանի շուրջ ընդունված է զրուցել: Եթե հյուրերի թիվը մեծ չէ, զրույցը կարող է ընդհանուր լինել: Եթե մասնակիցները 30-40 հոգի են, կարելի է զրուցել կողքին նստածների հետ: Չի կարելի զրուցել կողքին նստածի գլխի վրայով. եթե պետք է որեւէ բան ասել ավելի հեռու նստածին, պետք է հետ նստել եւ խոսել կողքին նստած մարդու մեջքի հետեւից: Խոսելիս չի կարելի մյուսներին մեջքով շրջվել: Սեղանի շուրջ թույլատրվում է ծխել, եթե սեղանին մոխրամաններ կան: Եթե չկան, ուրեմն այդտեղ ծխել չի կարելի: Այդպիսի դեպքերում մոտակայքում պետք է ծխելու համար հատուկ սենյակներ լինեն: