Ղարաբաղում նոր հիմնադրամ է բացվել

09/02/2007 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Արցախյան պատերազմի տարիներից մինչ օրս սփյուռքահայ մեր հայրենակիցներն աջակցություն են ցուցաբերում Ղարաբաղին: Ոմանք պարզապես դրամական կամ նյութական օգնություն են ցուցաբերում, ոմանք տարբեր ծրագրեր են իրականացնում` գյուղեր են վերականգնում, ձեռնարկություններ ու հիմնարկներ բացում, դպրոցներ ու մանկապարտեզներ կառուցում:

Իսկ ամեն տարի սփյուռքահայերը որոշակի գումարներ են նվիրաբերում ԱՄՆ-ում անցկացվող հեռուստամարաթոնի ընթացքում: Եվ ամեն անգամ էլ նշում են, որ ցանկանում են իրենց նվիրատվությունների կողքին տեսնել Հայաստանի եւ Ղարաբաղի բարերարներին: Ասել, թե Ղարաբաղի գործարարներն օգնություն չեն ցուցաբերում իրենց հայրենակիցներին՝ ճիշտ չի լինի: Այլ հարց է, որ այդ բարերարներին մատների վրա կարելի է հաշվել:

Ղարաբաղում կան այնպիսի բարերարներ, որոնք իրենց բարեգործությունների մասին նախընտրում են չխոսել, կամ ծայրահեղ դեպքում շատ քիչ խոսել: Իսկ պատճառը թերեւս այն է, որ նրանց ձեռնտու չէ այդ բարեգործությունները «ցույց տալ», քանի որ դրանց համար նրանք ստիպված կլինեն հարկեր վճարել:

Բարեգործությունները համակարգելու նպատակով Ղարաբաղում գործարար Էդուարդ Վերդյանի նախաձեռնությամբ այս տարվա հունվարին բարեգործական հիմնադրամ է ստեղծվել: Նորաստեղծ «Բարի մարդիկ» հիմնադրամը ղարաբաղյան բիզնեսմենների առաջին խոշոր բարեգործական ծրագիրն է:

Է. Վերդյանի խոսքերով, անցյալ տարվա դեկտեմբերից սկսած իր եւ բիզնեսմեն Կամո Ավագիմյանի հովանավորությամբ թվով 168 առաջին կարգի հաշմանդամներ 10 հազար դրամի չափով ամենամսյա օգնություն կստանան:

Ինչպես գրում է KarabakhOpen-ը, Է.Վերդյանը հույս ունի, որ ժամանակի ընթացքում հիմնադրամը կամրապնդվի ու կկարողանա ավելի մեծ թվով մարդանց օգնել: Գործարարը պատմում է, որ իր մոտ օգնություն ստանալու ակնկալիքով շատ մարդիկ են գալիս: «Գիտեմ, որ մյուսների մոտ էլ են գնում: Ոմանց հաջողվում է օգնել, ոմանց` ոչ: Օգնելը յուրաքանչյուրի պարտքն է, հատկապես նրանց, որոնց շնորհիվ մենք ապրում ենք այսօր: Այն բանից հետո, երբ հիմնադրամը ստեղծվեց, զրույցի հրավիրեցի մի քանի ունեւոր մարդկանց, որոնք աշխատում են Արցախի բիզնեսում, եւ կոչ արեցի իրենց ներդրումն ունենալ: Նրանք արձագանքեցին: Օգնողներ կան նաեւ Երեւանում: Հիմնադրամի հաշվեհամարի վրա 10 օրվա ընթացքում փոխանցվել է արդեն շուրջ 2,5 միլիոն դրամ»:

Տարաբնույթ բարեգործություններ են կատարում նաեւ Ղարաբաղում գործող մի քանի ընկերություններ եւ անհատներ: Բնակիչների շրջանում որպես բարեգործներ հնչում են Արայիկ Հարությունյանի, հայտնի գործարարներ Սամվել Հակոբյանի, Լեւոն Հայրապետյանի, Բորիս Բաղրյանի եւ այլ անուններ:

Դատելով հայաստանյան փորձից, ենթադրվում է, որ Ղարաբաղում բարեգործությունների ծավալները փոքր-ինչ կավելանան մոտակա ամիսներին, քանի որ նախընտրական շրջան է, ու որոշ բարեգործներ, հնարավոր է, նախագահի այս կամ այն թեկնածուին պաշտպանելիս կփորձեն բարեգործությունն օգտագործել ի շահ իրենց նախընտրած թեկնածուի: