Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը շաբաթավերջին կմեկնի Իրան` հստակեցնելու Իրան-Հայաստան գազատարի բացման ժամկետները: «Նաեւ կորոշենք, թե որ օրն է բացվում գազատարը՝ մարտին կամ ապրիլին»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է Ա. Մովսիսյանը: Գազատարում ռուսական կողմի ներգրավվածությանը վերաբերող հարցին նախարարը պատասխանել է. «Նախ, գազատարը մինչեւ չվերջացնենք, անհրաժեշտ շահագործման երաշխիքային ժամկետը մինչեւ չանցնենք, նման խնդիր չի կարող լինել»: Նրա խոսքերով՝ դա կարող է տեւել 3-6 ամիս, ինչից հետո «նոր կարող է խոսք գնալ կառավարման տալու վերաբերյալ»: Ըստ Ա. Մովսիսյանի, 1-2 տարի հետո Իրան-Հայաստան գազատարը ՀՀ-ի համար էներգետիկ անվտանգության հարց է լուծելու: «1-2 տարի հետո հարավից ներկրվող գազի ծավալները հնարավորություն կունենանք հավասարեցնելու հյուսիսից ներկրվող գազի ծավալներին»,- ասել է նա: