Համաձայնության գալն անհրաժեշտություն է

07/02/2007

Երեկ Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձավ նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Ըստ նրա, ՀՀ ԱԺ ընտրություններից հետո ԼՂ հիմնախնդրի կարգավորման առումով «պետք է լինի եւ կա եզրակացության գալու հնարավորություն»: Նաեւ հայտարարեց, թե չի կարծում, որ ԼՂ հակամարտությունը «սառեցված է», քանզի այսօր էլ «շփման գոտում 2 կողմից զոհեր են լինում, երկու կողմն էլ փախստականների խնդիր ունի»: «Համաձայնության գալն անհրաժեշտություն է: Շատ կարեւոր է, որ Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը միասին ապրելու եւ համագործակցելու պայմաններ ստեղծեն: Այդ դեպքում տարածաշրջանը կծաղկի»,- նշեց նա: