«Գյադաների» ժամանակի վերջի սկիզբը

07/02/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Արդեն տեւական ժամանակ է՝ մեր երկրում գրեթե ամեն բան ինչ-որ անհասկանալի հունով է ընթանում: Ու դրա պատճառներն էլ հավանաբար պետք է փնտրել մեր երկրում գրեթե ամեն ինչի համատարած «գեղցիացման» մեջ:

Ցավոք, մեզանում արդեն օրինաչափ է դարձել, որ ինչ-որ ոլորտում՝ լինի դա գիտությունը, կառավարումը, քաղաքականությունը թե արվեստը, վաստակ ունեցող, բանիմաց ու հավասարակշռված մարդիկ դուրս են մղվում, եւ նրանց փոխարինելու են գալիս «գյադաները», «բառադիները», կամ ավելի ճիշտ՝ «գեղցիները» (չշփոթել գյուղացիների հետ): Որոշ հոռետեսների գուցե թվում է, թե քաղաքական, գիտական, մշակութային կյանքը խժռած «գեղցիացման» այդ պրոցեսն արդեն անկասելի է ու իրեն դիմադրող էլ չի թողել: Իսկ նրանցից շատերը գուցե դադարեին այդպես մտածել, եթե ներկա գտնվեին «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության՝ փետրվարի 3-ին տեղի ունեցած հավաքին, որտեղ հիմնական նպատակ հայտարարվեց մեր երկրում նոր գիտակցության, նոր մտածողության ստեղծումը, այնպիսի երկրի ստեղծումը, որտեղ յուրաքանչյուրն իր օբյեկտիվ ընդունակությունների իրացմանը համապատասխան դիրք կունենա:

«Այլընտրանք»-ն այլընտրանք չունի

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի ամենամեծ սրահում տեղի ունեցած այդ հավաքի ընթացքում սրահում ոչ միայն նստելու տեղ չկար, այլեւ կանգնելու տեղ գտնելն էր դժվար: Հավաքին ներկա էր մոտ 1000 մարդ: Հավաքի սկզբում ելույթ ունեցավ նախաձեռնող խմբի անդամ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Վերջինս հայտարարեց, որ մեր երկրում հաստատվել է քրեածին փողի իշխանություն, որը պատրաստվում է պետական լծակների մի այնպիսի բռնազավթման, որի արդյունքները վերաքննության ենթակա չլինեն տեսանելի ապագայում: Նրա խոսքերով՝ այս է պատճառը, որ փողի իշխանությունը, որի իրական բնորոշումը քրեական օլիգարխիան է, չի բավարարվում եւ չի բավարարվելու ֆորմալ իշխանության լծակներ ձեռք բերելով, այլ փորձում է այնպես անել, որ երկրում չմնա այդ բռնազավթումը վիճարկող, դրա դեմ պայքարող եւ ոչ մի բջիջ: «Հենց այս համատեքստում պետք է դիտարկել կարտոֆիլի եւ տուկի թելի բաժանման, հասարակության դոդացման, ռոբացման եւ սերժանտացման գործընթացը: Մոլորված են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե այս ամենն օլիգարխիան անում է ընտրությունների ընթացքում ձայների արժանանալու համար»,- նշեց Ն. Փաշինյանը: Ըստ նրա, իրականում այս ամենն արվում է հասարակությանը եւ նրա առանձին անդամներին կաշկանդելու համար, որպեսզի նրանք այլեւս բարոյական ուժ չունենան բարձրաձայնելու իրենց տեսածի մասին, դիմադրելու այս աննախադեպ անկմանը: «Նրանք ընտակաշառք չէ, որ բաժանում են, այլ փորձում են մեզանից յուրաքանչյուրի գրպանը խոթել այն 30 արծաթը, որով մենք պիտի վաճառենք մեր երեխաների ապագան՝ նրանց դատապարտելով սափրագլուխների սպասարկուի մշտական կարգավիճակին,- հայտարարեց Ն. Փաշինյանն ու շարունակեց,- Եվ ուրեմն, ինչո՞ւ ենք մենք այստեղ հավաքվել. մենք հավաքվել ենք՝ իրար եւ մեր երեխաներին խոստում տալու, որ դիտորդի նման չենք հետեւելու այս անկմանը, Հայաստան երկրի սոդոմացմանը: Եվ ավելին՝ մեզնից կախված ամեն ինչ անելու ենք՝ մեր երազած երկիրը մեր երեխաներին ժառանգելու համար: Մենք հավաքվել ենք խոստում տալու, որ չենք խնայելու ինչպես ինքներս մեզ, այնպես էլ բոլոր նրանց, ովքեր կկանգնեն մեր ճանապարհին եւ կփորձեն մեր ձեռքերից վերցնել մեր երեխաների ապագան: Մենք հավաքվել ենք խոստում տալու, որ հաղթելու ենք եւ հաղթանակի ենք բերելու մեր գաղափարները: Սա է մեր այլընտրանքը, եւ այս այլընտրանքն այլընտրանք չունի»: Նրա խոսքերով՝ իրադրության փոփոխությունը հնարավոր չէ առանց իշխանության փոփոխության, որովհետեւ քրեական օլիգարխիայի վերածված այս իշխանությունն ի վիճակի չէ կանխել ՀՀ-ի հարաճուն մեկուսացումը, այն դուրս բերել հարաբերությունների նոր մակարդակ, ետ պտտել ֆորպոստացման անիվը: «Բայց իշխանության փոփոխությունն անիմաստ է առանց մտածողության փոփոխության: Մենք պետք է ձեւավորենք նոր մտածողություն, մենք պետք է ձեւավորենք նոր գիտակցություն, մենք պետք է ձեւավորենք նոր իշխանությունը, որը կկերտի նոր Հայաստան, որը կկարողանա ապահովել սեփական ժողովրդի անվտանգությունն ու բարեկեցությունը եւ ստանձնել ոչ միայն ազգային, այլեւ տարածաշրջանային առաքելություն»,- շարունակեց Ն. Փաշինյանը: Միաժամանակ նա նկատեց. «Բայց ովքե՞ր են կաշառակերները, թալանչիները, ստորաքարշները եւ ծախու մտավորականները: Եկեք խոստովանենք, որ այդ մարդիկ երկնքից չեն ընկել եւ դրսից չեն ներմուծվել: Դրանք մեր ընկերներն են, մեր հարեւանները, մեր բարեկամները, մեր ընտանիքի անդամները: Առնվազն մենք այն միջավայրն ենք, որում ձեւավորվում են այդ մարդիկ, որում տեղի են ունենում այդ իրադարձությունները»: Ն. Փաշինյանն առաջարկում է լուծումներ չփնտրել մեզնից դուրս: Նրա խոսքերով՝ լուծումները մեզնից յուրաքանչյուրի մեջ են: Նա առաջարկում է քաղաքական գործիչների մեջ չփնտրել փրկիչների, եւ, որ ամեն մարդ ինքն իր համար կրկնի, անընդհատ կրկնի հետեւյալ բանաձեւը. «ՀՀ փրկությունը կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը ես եմ»: Եվ ուրեմն՝ ի՞նչ անել: Նա առաջարկում է դառնալ գաղափարի կրողներ եւ «Այլընտրանքի» գաղափարները տարածել սեփական աշխատավայրում, բնակավայրում, ամենուր: «Գնացեք եւ դարձեք ձեր միջավայրի քաղաքական լիդերը եւ փետրվարի 20-ին, ժամը 14-ին «Ազատության» հրապարակ եկեք՝ ձեզ հետ բերելով եւս տասը հոգի: Ազատության ընտրությունը պետք է տեղի ունենա «Ազատության» հրապարակում, եւ մենք պետք է ազատությունը դարձնենք ՀՀ քաղաքացիների ընտրություն»,- հայտարարեց Ն. Փաշինյանը: Ի դեպ, երեկ «Ուրբաթ» ակումբում Ն. Փաշինյանն ու «Այլընտրանքի» նախաձեռնող խմբի մեկ այլ անդամ՝ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, տեղեկացրին, որ Երեւանի քաղաքապետարանը որոշում է ընդունել հանրահավաք անելու մասին «Այլընտրանքի» իրազեկումն ի գիտություն ընդունելու մասին: Վերադառնանք փետրվարի 3-ի հավաքին: Իր ելույթում նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Մաթեւոսյանը միջազգային այն կառույցներին, որոնք մտադիր են դիտորդական առաքելություն իրականացնել հայաստանյան ընտրությունների ժամանակ, երկու առաջարկ ներկայացրեց: Դրանցից առաջինով առաջարկվում էր, որ դիտորդական առաքելությունները ոչ թե քվեարկության օրը շրջեն ընտրատեղամասերում, այլ ընտրեն, ասենք, 100 տեղամաս եւ ընտրական պրոցեսին մասնակցեն սկզբից մինչեւ վերջ, ինչի արդյունքում հնարավոր կլինի համադրել դիտորդով եւ առանց դիտորդ տեղամասերի արդյունքները եւ ցույց տալ կեղծիքների իրական թիվը: Անընդհատ լուրեր են լինում, թե միջազգային այս կամ այն կառույցը մտադիր է այսքան գումար ծախսել մեր երկրում ժողովրդավարության խորացման, կայացման համար: Եվ ահա մյուս առաջարկի էությունն էլ սա էր. «Այլընտրանքն» այդ կառույցներին առաջարկում է բոլոր հեռուստաընկերություններում գնել հեռուստաժամեր եւ քվոտավորած բաժանել այն ուժերին, որոնք եթերի հետ կապված խնդիրներ ունեն, մանավանդ, որ շատ դեպքերում հեռուստաընկերություններն աստղաբաշխական գումարներ են սահմանում եթերի համար: Հավաքի ընթացքում, որին ներկա էին «Հանրապետություն», ՀԺԿ եւ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ, հնչեցին նաեւ բազմաթիվ այլ ելույթներ:

Ո՞ւմ համար էր նկարում «Հայլուրը»

«Հայլուրի» նկարահանող խումբը, որը եւս ներկա էր «Այլընտրանքի» վերոնշյալ հավաքին, սկզբից մինչեւ վերջ նկարահանեց հավաքը, սակայն «Հայլուրն» այն այդպես էլ չլուսաբանեց: Ո՞ւմ համար էր նկարում «Հայլուրը»: «Կամ նկարում էին հատուկ ծառայությունների համար, կամ սպասում էին, որ դահլիճը դատարկվի, եւ դատարկ աթոռները «Հայլուրով» ցույց տան: Բայց դա տեղի չունեցավ»,- երեկ նման կարծիք հայտնեց Ն. Փաշինյանը: Վերջինս երեկ նաեւ տեղեկացրեց, որ մի շարք լրատվամիջոցների ղեկավարներով փորձել են նախաձեռնել հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում բանավեճ, գխավոր դատախազի կամ դատախազության որեւէ ներկայացուցչի հետ՝ կապված «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի գործի հետ, սակայն Հ1-ի ղեկավարությունը, «ոչ կոնկրետ, «ցրողական» մոտեցումներով» այդ հնարավորությունը չի տվել: Ի դեպ, «Հայլուրը» երեկ էլ սկզբից մինչեւ վերջ նկարահանեց նաեւ Ն. Փաշինյանի եւ Պ. Մակեյանի ասուլիսը: Իսկ վերջիններս այդ ասուլիսում տեղեկացրին նաեւ, որ փետրվարի 20-ին, ժամը 14-ին տեղի ունենալիք հանրահավաքից հետո, ժամը 16-ին տեղի է ունենալու նաեւ երթ՝ Սայաթ-Նովա փողոցով դեպի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի շենք: