Ա՜խ, գնաճ, քո հարցը մնաց

07/02/2007 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

Անցյալ տարի ՀՀ-ում գրանցվել է 5,2%-անոց գնաճ, այս տարվա համար սահմանված է 4%, իսկ 2008-ի համար՝ 3%: Սակայն հիշեցնենք, որ 2006թ. բյուջեով ամրագրված է գնաճի 3% ցուցանիշ, ինչը տարվա կեսին դարձավ 5%: «Ցուցանիշի փոփոխության մասին մենք հայտնել էինք դեռ մայիսին: Ասել ենք նաեւ, որ բանակցություններ ենք վարում կառավարության եւ միջազգային կազմակերպությունների հետ՝ երկարաժամկետ ռազմավարության փոփոխության առումով»,- ասաց ԿԲ նախագահը: Նրա խոսքերով, իրենք կառավարության հետ փորձում են փոփոխություն մտցնել, որպեսզի ԱԺ-ն ընդհանրապես օրենքով չսահմանի գնաճային ցուցանիշը 1 տարվա համար: «Այսուհետ 3 տարվա կտրվածքով ենք մենք սահմանելու գնաճային ցուցանիշը: Դրա անհրաժեշտությունը պայմանավորված է գնաճի նպատակադրման ռազմավարությանն անցնելով, որովհետեւ այսուհետեւ հնարավոր չէ տարվա կտրվածքով օրենքով գնաճային ցուցանիշ ֆիքսել, քանզի ԿԲ-ն գնաճի նպատակադրման ռազմավարության ներքո 12-ամսյա կտրվածքներով է իրականացնելու գնաճի կանխատեսումները եւ գնաճային ցուցանիշների վերաբերյալ հրապարակումները»,- նշեց Տ. Սարգսյանն՝ ամեն ինչ «բարդելով» գնաճի նպատակադրման ռազմավարության վրա: Կարծում ենք, ԱԺ-ն պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի գնաճի նպատակադրված ցուցանիշին, քանզի չպետք է մոռանալ, որ ԿԲ-ի հիմնական խնդիրը գների կայուն մակարդակի ապահովումն է: Ինչ վերաբերում է արժեթղթերի շուկային, ապա Տ. Սարգսյանի խոսքերով, ԿԲ-ն հրաժարվելու է ինքնակարգավորվող բորսայից, եւ ստեղծվելու է մասնավոր բորսա: ԿԲ-ն այժմ բանակցում է շվեդական հայտնի OMX բորսայի հետ, որն ունի անցումային երկրներում աշխատելու փորձ: 1-ին փուլում պետք է բացահայտվեն 35 ընկերություններ, որոնք կհամաձայնեն թափանցիկ աշխատել եւ ներկայացնել իրենց հաշվետվությունները: «Մենք OMX-ի հետ արդեն ուսումնասիրել ենք շուրջ 35 ձեռնարկություններ, հանդիպել ենք դրանց սեփականատերերի հետ, տվյալներ ենք հավաքագրել Հարկային ծառայությունից, որպեսզի կարողանանք կանխատեսումներ անել մոտակա 3-5 տարիների ընթացքում նրանց եկամտաբերության աճի տեմպերի մասին: Դրանք առաջին հերթին այն ձեռնարկություններն են, որոնք ունեն ծրագրեր եւ կապիտալի կարիք»,- ասաց նա: Սակայն, ԿԲ նախագահի խոսքերով, արժեթղթերի բորսայական առեւտուրը չի ենթադրում, որ այդ ընկերություններն իրենց կապիտալի 51%-ը եւ ավելին էմիսիայի միջոցով պետք է օտարեն: «Ենթադրվում է, որ առաջին փուլում նրանք էմիսիա են անելու, այսինքն` ավելացնելու են իրենց կապիտալը մոտ 20%-ով: Բայց եթե նրանք հայտնվում են բորսայում, ուրեմն ընդունում են խաղի կանոնները, իսկ դրանցից ամենակարեւորը կորպորատիվ կառավարումն է, որը ենթադրում է, որ անկախ այդ բաժնետիրական ընկերությունում սեփականության տեսակարար կշռից՝ սեփականատերերը չեն միջամտելու մենեջմենթին: Եթե այդպիսի բան տեղի չունենա, ապա նման ձեռնարկություններում ոչ ոք ներդրում չի կատարի, դրանց շուկայական գինը ցածր կլինի եւ նրանք դա գիտակցելով՝ չեն հայտնվի բորսայում: OMX-ի հայտնվելը կբարձրացնի մեր բորսայի հեղինակությունը, վստահությունը ոչ միայն հայաստանյան, այլեւ օտարերկրյա ներդրողների համար: Այս տեսակետից խաղի կանոնները ՀՀ-ում չեն կարող տարբերվել միջազգային կանոններից»,- նշեց նա՝ ավելացնելով, որ այս դաշտում հայտնված ձեռնարկությունների բաժնետոմսերի շուկայական գինը մինչեւ 20 անգամ կարող է աճել:

Տ. Սարգսյանը գոհ է բանկային համակարգի զարգացումներից. 2006թ. տեղի ունեցած ամենամեծ փոփոխությունը նա համարում է ֆրանսիական «Կրեդի Ագրիկոլ» բանկի մուտքը ՀՀ, ինչի արդյունքում ՀՀ-ում հայտնվեցին 2 միջազգային առաջնակարգ բանկեր: «Հետեւաբար, սա բավական լուրջ փոփոխություն էր, ինչը ստիպեց բոլոր բանկերին վերանայել իրենց ռազմավարությունը: Դրանից հետո, մրցակցությանը դիմանալու համար, մի շարք հայկական բանկեր սկսել են բանակցել ինստիտուցիոնալ ներդրողների հետ»,- ասաց նա: Հիշեցնենք, որ 2006թ, բացի «Կրեդի Ագրիկոլից», ՀՀ բանկերի կապիտալում մասնակցություն ձեռք բերեցին նաեւ IFC-ն ու ՎԶԵԲ-ը, իսկ օրերս «Կոնվերսբանկի» սեփականատերը դարձավ Է. Էռնեկյանը: Տ. Սարգսյանի կարծիքով, այս միտումը դրական երեւույթ է: «Եթե հիշում եք, տարիներ առաջ մշտապես բողոքներ կային, որ HSBC բանկը էժան տոկոսադրույքներով հավաքում է քաղաքացիների ու ձեռնարկությունների խնայողությունները, բայց ՀՀ-ում վարկավորում չի իրականացնում եւ միջոցները պահում է արտասահմանյան բանկային հաշիվներում: Այսօր որակապես վիճակը փոխվել է. վարկերի ծավալով HSBC բանկը զբաղեցրել է 1-ին տեղը: Ավելին, նրա տրամադրած վարկերի աճի տեմպերը մի քանի անգամ գերազանցում են հայկական բանկերի նույն ցուցանիշը, եւ HSBC-ի այդ ագրեսիվ քաղաքականությունը, ըստ նրա ռազմավարության, շարունակվելու է նաեւ 2007թ.: Այս տարի բանկային համակարգում մենք կարձանագրենք նոր օտարերկրյա ներդրումներ, ինչի մասին մենք արդեն հայտեր ունենք»,- ասաց նա:

Փոխարենը, իրավիճակն ամխիթար է ապահովագրության ոլորտում: Մասնավորապես, վերջերս ԿԲ-ն հաճախակի հաղորդագրություններ է տարածում, որ այս կամ այն ապահովագրական ընկերությունը զրկվել է կյանքի ապահովագրման լիցենզիայից: Այս ոլորտի «բացն» ընդունում է նաեւ ԿԲ նախագահը. «Մենք մաքրում ենք ապահովագրության ոլորտը, այսինքն, չենք թողնում աշխատել այն ընկերություններին, որոնց գործունեությունը միջազգային ստանդարտներին չի համապատասխանում»: Նրա կարծիքով, «ցավոք, մեզ մոտ այսօր առաջնակարգ ապահովագրական ընկերություններ չկան», ուստի պետք է խթանել դրանց մուտքը: Հիշեցնենք, որ այս կարծիքին է նաեւ Ռոբերտ Քոչարյանը, ով Ժակ Շիրակի այցի ժամանակ նրան խնդրեց ֆրանսիական ընկերությունների շրջանակներում հետաքրքրություն առաջացնել ՀՀ ապահովագրության շուկայի նկատմամբ: