Շաբաթ-կիրակին նախատեսված է հանգստանալու համար։ Լավագույն դեպքում կարելի է գնալ քաղաքից դուրս, ռեստորան կամ սրճարան, թատրոն՝ վերջապես։ Իսկ ծայրահեղ դեպքում` կարելի է պարզապես մնալ տանը եւ հեռուստացույց դիտել։
Չնայած դժվար է միանշանակ պնդել, որ հեռուստացույց դիտելը հանգստի միջոց է։ Ամեն պատեհ ու անպատեհ պահի հաղորդումն ընդհատող գովազդները ձեզ պարբերաբար կհիշեցնեն, որ դուք «էլիտար» չեք, բայց կարող եք լիքը «աննախադեպ» ու «էքսկլյուզիվ» բաներ գնել գրոշներով։ Կամ էլ, որ հնարավոր է՝ ձեր լկստված երեխան ձեզ ստիպի գիշերվա կեսին անձրեւի տակ գլոբուս փնտրել։ Իսկ ամենա-, ամենագովազդը, իհարկե, վիճակախաղերն են։ Մեքենա կամ բջջային հեռախոս ձեռք բերելու համար բավական է միայն գնել լոտոյի տոմս, ջնջել եւ վերջ։ Հետաքրքիր է, «դրախտ» ասվածն այս պայմաններից ինչո՞վ է ավելի։ Գովազդն, իհարկե, առանձին թեմա է, սակայն այս վերջին դիտարկումը՝ որ մեզ ուզում են համոզել, իբրեւ թե ապրում ենք «Հայաստանի Հանրապետություն» կոչվող դրախտում, հատուկ է ոչ միայն գովազդային ոլորտին, այլ ավելի լուրջ ոլորտներին։
Օրինակ, Հանրային Հեռուստատեսության կիրակնօրյա «360 աստիճան» հաղորդումը։ Վերջին թողարկման ժամանակ ավելի քան 20 րոպե խոսվում էր մեր տնտեսության մասին։ 20 րոպե, եւ ոչ մի բացասական բան, ոչ մի խնդիր։ Իսկ սյուժեն սկսվեց մոտավորապես այսպիսի նախաբանով՝ մեր տնտեսական ցուցանիշներն այնքան լավն են, որ այսուհետ պետք է համեմատվենք ոչ թե ԱՊՀ, այլ Արեւելյան Եվրոպայի երկրների հետ։ Ու գնա՜ց… Չէ, «360 աստիճանն» այստեղ մեղք չունի, վերջինիս անձնակազմը երեւի որոշել էր մի քիչ «դուխ տալ» ազգաբնակչությանը։ Իսկ «դուխ տալու» պատասխանատու գործը ստանձնել էին ռեպորտաժի հերոսները՝ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանն ու Համաշխարհային բանկը ներկայացնող արտասահմանցի մի կին։ Ցավոք, ռեպորտաժը նայելիս մտքներովս չանցավ, որ կարող է այդչափ հետաքրքիր մտքեր հնչեն, եւ չձայնագրեցինք։ Սակայն ընդհանուր գծերով կներկայացնենք, թե ինչի մասին էին նրանք խոսում։
Սկսենք Կ. Ճշմարիտյանից։ «Նոութբուքը» (շարժական համակարգիչը) դիմացը դրած՝ Կ. Ճշմարիտյանն ուշադիր նայում էր էկրանին, որի վրա բացված էր Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) կայքէջը։ Եվ խոսում էր մեր փայլուն ցուցանիշների մասին՝ երկնիշ աճի եւ այլն։ Իհարկե, հիշատակվեց նաեւ «Heritage Foundation»-ի՝ տնտեսական ազատության ինդեքսը։
Արդյունաբերության մասին Կ. Ճշմարիտյանը նշեց, որ եթե հաշվի չենք առնում էներգետիկայի կամ ադամանդագործության ոլորտները, ապա մյուս ճյուղերում ունենք աճ։ Ի գիտություն` նշենք, որ նույն ԱՎԾ-ի համաձայն, էներգետիկ ոլորտը կազմում է մեր արդյունաբերության 60%-ից ավելին։ Այդպիսով, ինչպե՞ս է ստացվում, որ, ասենք, էլեկտրաէներգիայի արտադրությունը նախորդ տարվա համեմատ նվազել է, սակայն էներգիա օգտագործող մյուս ճյուղերի արտադրանքն ավելացել է։ Հրաշք է։ Իսկ եթե հրաշքների չենք հավատում, ապա մնում է ենթադրել, որ արտադրողները սկսել են արտադրել ավելի քիչ էներգիա ծախսելով։ Այդ դեպքում էլ ինչո՞ւ են նրանց պարբերաբար խրատներ տալիս, թե` դրամի արժեւորումից մի դժգոհեք, դրա փոխարեն մոդեռնիզացվեք…
Կամ մեկ ուրիշ միտք՝ արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը մեծացել է, սակայն այն «թույլատրելի չափերից չի անցել»։ Որո՞նք են այդ թույլատրելի չափերը՝ չնշվեց։ Փոխարենը նշվեց հետեւյալը՝ ներմուծումն աճել է, սակայն այդ ներմուծվող ապրանքների մեջ մեծ տեղ են գրավում սարքավորումներն ու հումքը։ Ստացվում է, որ մարդիկ նոր սարքավորումներ են բերում, հումքն են ավելացնում, բայց արդյունաբերությունը չի աճում։ Ինչո՞ւ։ Դե, այս հարցին պատասխան, այսպես թե այնպես, չենք ակնկալում, շատ հնարավոր է, ասեն՝ աճում է, դուք չեք տեսնում։ Մի խոսքով, Կ. Ճշմարիտյանի ղեկավարած հիմնարկն ասես նրա համար է, որ ամեն տարվա վերջում նպատակահարմար տեսանկյունից ներկայացնի Վիճակագրական տվյալները։ Այս ամենին արդեն սովորել ենք։
Ինչ վերաբերում է Համաշխարհային բանկին (ՀԲ), ապա այստեղ մի քիչ այլ վիճակ է։ ՀԲ-ն Հայաստանին մեծ փողեր է տրամադրել, ինչն ուրանալ չի լինի։ Սակայն…
Պատկերացրեք փոքրիկ գյուղում կողք կողքի բնակվող երկու ընտանիք։ Ընտանիքներից մեկը պոմիդոր է աճեցնում ու վաճառում։ Գործերը վատ չեն, չի դժգոհում։ Հեռուստացույց ունի, արբանյակային ալեհավաք, DVD, վերջերս նաեւ մեքենա է գնել… Դժգոհելու առիթ տալիս է միայն հարեւան ընտանիքը։ Այնտեղ պոմիդոր (ու, ընդհանրապես, որեւէ այլ բան) աճեցնել չի ստացվում. պատճառները տարբեր են։ Ընտանիքի հայրը, սակայն, իր անհաջողություններն ամեն կերպ թաքցնում է ու փաստում է, թե Գինեսի ռեկորդների գրքին արժանի՝ երկնիշ թվով բերք է ստացել։ Փաստերը, սակայն, այլ բանի մասին են վկայում։ Ճաշի ժամին հարեւանի սոված երեխաները հյուր են գալիս եւ կողքից օգտվում են սեղանին դրված ուտելիքներից։ Կամ առավոտյան պարզվում է, որ նույն երեխաները, խաղալիս, ձեռքի հետ, բակից փայտ են թռցրել կամ ծառից մի քանի ծիրան պոկել։ Իսկ երեկոները հարեւան տնից պարբերաբար վեճ ու կռվի ձայներ են գալիս, եւ «խելոք» հարեւաններին հանգիստ չեն տալիս։ Ի՞նչ անել։
Որոշվում է տան երեխաներից մեկին «հետախուզության» ուղարկել հարեւանի տուն՝ ասենք, կացինն ուզելու պատրվակով։ Եվ պարզվում է, որ այնտեղ խայտառակ վիճակ է՝ հացի փող չունեն։ Իսկ դա անմիջականորեն սպառնում է բարգավաճ կյանքով ապրող հարեւանին։ Նա որոշում է մի քանի դաստիարակչական միջոցներ ձեռնարկել՝ ասենք, սկսում է հարեւանին համոզել, որ հարկավոր է լինել ավելի ժողովրդավար, հարգել մարդու իրավունքները, օրենքները՝ չգողանալ, չթալանել, որ պետք չէ կնոջ մատանին գողանալ-վաճառել ու խմել այդ գումարով։ Իսկ կինը հարեւանի կնոջը հորդորում է լինել ավելի կառուցողական, հանդուրժող, փորձել տեսնել լավը եւ այլն։ Կարող է անգամ մի քանի կոպեկ փող տան՝ մի քանի հավ առնեն, կարտոֆիլի սերմացու, մի քանի դույլ պարարտանյութ։ Կամ խորհուրդ տան՝ ինչպես բավարարվել սուղ միջոցներով։
Մի խոսքով, շատ սրտացավ վերաբերմունք է ցուցաբերվում, որ հարեւանի ընտանիքը գոնե կարողանա գոյատեւել եւ իրենց անհանգստություն չպատճառի։ Թող յոլա գնան՝ սոված չմեռնեն։ Բայց, մի պայմանով՝ հարեւանն իր տված փողերով ոչ մի դեպքում չպետք է պոմիդորի «շիթիլ» գնի ու սկսի ինքն էլ պոմիդոր աճեցնել։ Ինչո՞ւ։ Որովհետեւ, գրական հայերենով ասած՝ իր գործին կխփի։ Այնպես որ, ավելի լավ է՝ ամիսը մի քանի կոպեկ ծախսել աղքատ հարեւանի վրա, օգնել, բայց այնպես օգնել, որ նա երբեք չփորձի ինչ-որ ինքնուրույն, առաջընթաց քայլ անել, միշտ մնա իրենից ցածր վիճակում։ Ու երբ օրերից մի օր նրա ունեցած 5 հավը միասին 10 ձու ածեն, ուրախացած վազի իր մոտ ու ասի՝ տե՛ս, հավերս երկնիշ թվով ձու են ածել։ Ինքն էլ, ծիծաղը հազիվ զսպելով, թփթփացնի նրա ուսին եւ ասի՝ ապրե՜ս, տեսնո՞ւմ ես, որ ուզում ես` կարողանում ես… Չէ, ոչ թե ձու ածել, այլ այնպես անել, որ ընտանիքը գոնե ձու ուտի եւ սոված չմնա։ Իսկ եթե հանկարծ զգա, որ հավերը սկսել են վտանգավոր չափերի հասնող շատ ձու ածել, թաքուն կվնասի աքլորի տղամարդկային արժանապատվությանը։ Կամ էլ կսկսի հարեւաններին խորհուրդ տալ՝ ձվերը չգնել, ոչնչի հետ չփոխանակել, որ ձվի արժեքն ընկնի, եւ հարեւանի՝ փոքր թռչնաֆերմա ունենալու երազանքները հօդս ցնդեն։
Իսկ հիմա եկեք անկեղծորեն խոստովանենք՝ մեր պետության վարքագիծը որքանո՞վ է տարբերվում այս աղքատ հարեւանի վարքագծից, իսկ ՀԲ-ի կամ մյուս միջազգային ֆինանսական կառույցների վարքագիծը՝ պոմիդոր աճեցնողինից։
Թե՞ կուրորեն պիտի հավատանք, որ արտասահմանցիները մեր սիրուն աչքերի համար, բան ու գործ թողել, եկել են Հայաստան ու մտահոգվում են մեր փայլուն ապագայով։ Այդպես չի լինում։ Համ էլ, որ ձեզ հավատանք, ուրեմն մենք դրախտում ենք ապրում, եւ մեզ օգնել պետք չէ։