Արա Աբրահամյանն այս տարի քիչ է տվել

07/02/2007

Կիրակի երեկոյան տեղի ունեցավ Համահայկական գրական հիմնադրամի երկրորդ մարաթոնը, որի ընթացքում հավաքվեց մոտ 140.000 դոլար նվիրատվություն: 50.000 դոլարը նվիրաբերել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

Մարաթոնն օրհնել են, բայց դեռ նվիրատվություն չեն արել Ամենայն Հայոց վեհափառներ Գարեգին Երկրորդը եւ Արամ Առաջինը: Հայաստանի Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը հուսով է, որ կաթողիկոսները մարաթոնին կնվիրաբերեն 5000-ական դոլար: Հայաստանից փոխանցվել է ամբողջ գումարի 30-35 տոկոսը: Մնացած մասը նվիրաբերել են սփյուռքահայերը՝ հիմնականում Լիբանանից, Բեյրութից եւ Կանադայից: Լեւոն Անանյանը կարծում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներից փոխանցումները քիչ են եղել, որովհետեւ մարաթոնի ժամը հարմար չէր, այնտեղ այդ ժամին գիշեր էր: Հիշեցնենք, որ Համահայկական գրական հիմնադրամի առաջին մարաթոնը տեղի էր ունեցել 2003թ. եւ հավաքվել էր 200.000 դոլար, 50.000 դոլարով ավելի: Պարոն Անանյանի ասելով, հիմնական նվիրատվությունների չափը մնացել է նույնը, ուղղակի Արա Աբրահամյանն այս անգամ 50.000 դոլար պակաս է տվել: Ի դեպ, եթե առաջին մարաթոնի ժամանակ զգալի էր Հայաստանի նախարարությունների եւ պետական այլ հիմնարկների մասնակցությունը, ապա այս անգամ պետական համակարգից նվիրատվություններ քիչ եղան: «Մեզ համար ուրախալին այն էր, որ այս անգամ զգալիորեն մեծացել էր նվիրատվությունների աշխարհագրությունը եւ ավելացել էր մասնակիցների քանակը,- ասում է Լ.Անանյանը: -Եթե առաջին մարաթոնի ժամանակ մասնակցել էին 200 նվիրատուներ, ապա այս անգամ՝ մոտ 500»:

Առաջին մարաթոնի ժամանակ հավաքված 200.000 դոլարից 150.000-ը հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը պահ է տվել բանկին, իսկ ստացված տոկոսներով եւ մյուս 50.000 դոլարով ֆինանսավորել է որոշակի ծրագրեր: Պարոն Անանյանի ասելով, երկրորդ մարաթոնի ժամանակ հավաքված գումարից 50.000 դոլարը նորից կավելացնեն բանկի գումարին, կվերականգնեն մայր գումարը, իսկ մյուս մասով՝ մոտ 100.000 դոլարով եւ բանկից ստացած տոկոսադրույքով կֆինանսավորեն գրական-հրատարակչական նոր ծրագրերը: