Ո՞ւմ համար են ընտրությունները

07/02/2007 «Նոր ձեւաչափ» խորհրդատվական կենտրոն

Առաջին հայացքից այս խորագիր-հարցադրումը շատերի համար կարող է ավելորդ թվալ: Եվ սա այն պատճառով, որ հայաստանյան ընտրական համապատկերի բացասական երեւույթները ձեւավորել են այն պատկերացումը, թե ընտրությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ սոսկ իշխող վարչակազմի իշխանական հավակնությունների վերարտադրման հերթական գործիք:

Հարկ է նկատել, որ այս կարծրատիպի ձեւավորման գործում էական դերակատարում են ունեցել հայաստանյան քաղաքական պայքարի տարբեր ժամանակաշրջանների ընդդիմադիր ուժերը: Նրանք երբեմն արդարացի, երբեմն էլ` անարդար կերպով քաղաքական ճակատում սեփական պարտությունները «հիմնավորել» են իշխանությունների ոչ ժողովրդավարական վարքով: Ցավալի է, սակայն պետք է արձանագրել, որ այս կարծրատիպը ժողովրդավարության կառուցման ճանապարհին կանգնած Հայաստանի Հանրապետության համար ունի խիստ բացասական նշանակություն: Բանն այն է, որ իրենց առաջադիմական համարող եւ առաջնորդման ներուժ շնորհող ուժերի կողմից շարունակ հնչող հայտարարություններն այն մասին, թե Հայաստանի ընտրական անցյալը բացառապես իշխանության կլանային ժառանգորդման պատմություն է՝ պարարտ հող է հանդիսանում ազգաբնակչության հուսալքության եւ ընտրական կրավորականության ձեւավորման համար: Սա բացատրվում է նրանով, որ ժողովրդի մոտ «հասունանում» է այն գիտակցությունը, թե միեւնույն է` իրենց ձայնը լսելի չի լինելու, ընտրվողն ընտրվելու է: Իսկ այս պարագայում ավելի լավ է ընտրողն իր ձայնը ծառայեցնի իր այսպահական, առօրեական շահերին կամ էլ` ընդհանրապես չմասնակցի ընտրական «բեմականացմանը»: Հատկապես, երբ այդ «բեմականացումն» իր հետ կարող է բազմաթիվ բացասական հետեւանքներ բերել, օրինակ, «թագադրել» անարժաններին: Թերեւս հարկ է հենց այս պարագայում հիշել հայտնի թեւավոր խոսքը, թե` «Վատ պետական գործիչներն ընտրվում են քվեարկության չմասնակցող լավ քաղաքացիների կողմից»: Ավելին, գոյություն ունեցող այն տեսակետը, թե հայաստանյան ընտրությունները միշտ ուղեկցվել են այնպիսի ընտրախախտումներով, որոնք ազդել են դրանց վերջնական արդյունքի վրա, արդյոք այն բանի վկայությունը չէ՞, որ հայաստանյան ընդդիմությունն իր պատմության ընթացքում «հիմնավորել» է իր թերություններն ու ոչ կենսունակ լինելը: Իսկ եթե իշխանությունները, ինչպես հաճախ ընդդիմադիրներն են կրկնում, անընդհատ վերարտադրում են իրենց իշխանությունը, ապա դրանով գոնե ցուցաբերում են կենսունակության տարրեր, մինչդեռ ընդդիմությունը շարունակ քննադատում է նրանց այդ կենսունակությունը դրսեւորելու համար՝ չկարողանալով դրսեւորել իրենը: Տարօրինակ է, բայց սա է իրականությունը: Եվ հետո, երբ հասարակ քաղաքացին, ընտրողը տեսնում է, որ ընդդիմությունը ներքին ճակատում չի կարողանում իր հարցերը լուծել, ակամայից մտածում է` իսկ ինչպե՞ս են նրանք լուծելու արտաքին հիմնահարցերը, եթե հանկարծ իշխանության գան: Վերոնշյալ քննադատություններով մենք ամենեւին էլ նպատակ չունենք նսեմացնելու ընդդիմադիր շարքերում բազմափորձ քաղաքական որոշ գործիչների: Պարզապես մենք այս ամենը դիտարկում ենք շարքային քաղաքացու տեսանկյունից, որը ցանկանում է հասկանալ, թե ի՞նչ կլինի իր երկրի հետ, եթե իր ձայնը տա ընդդիմությանը: Այնինչ մի քիչ երկար մտածելուց հետո հանգում ես այն պարզ ճշմարտությանը, որ Հայաստանում կան իրական ընդդիմադիրներ, բայց չկա իրական ընդդիմություն:

Բայց խնդիրն ամենեւին էլ միայն ընդդիմության մեջ չէ: Մի կողմ թողնենք իշխանությանը, քանի որ նրանցի՛ց էլ կարեւոր է ժողովրդի գործոնը: Հարկ է փաստել, որ եթե Հայաստանում տեղի է ունենում իշխանության վերարտադրման գործընթաց, ապա դա ոչ միայն իրական ընդդիմության բացակայության պատճառով է, այլեւ ժողովրդի, որովհետեւ ժողովուրդը կամ, ավելի ստույգ` ընտրության իրավունք ունեցողները, չունեն քաղաքացիական ինքնագիտակցության բարձր աստիճան, չեն դրսեւորում պետական մտածողության տարրեր, հեշտությամբ կայացնում են պրագմատիկ եւ հուզական որոշումներ, որ վերջում հիասթափվեն բոլորից: Եթե անկեղծ լինենք, ապա պետք է նաեւ խոստովանենք, որ ժողովուրդն է հաճախ հնարավոր դարձնում թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր ուժերի կողմից իրականացվող ընտրախախտումները: Եթե ընտրական հանձնաժողովներում ձայների հաշվարկման ժամանակ են ընտրակեղծիքներն ահռելի չափերի հասնում, ինչը հնարավոր է հանձնաժողովի անդամների, ասենք, կաշառման հետեւանքով, ապա արդյոք սա չի՞ վկայում, որ մենք ենք ընտրախախտումների համահեղինակները, որ ընդդիմությունը համահայաստանյան մասշտաբով իր շարքերում չունի վստահություն ներշնչող ռեսուրսներ: Ներկուսակցական հավատարմության ցածր վարկանիշ ունեցող ընդդիմության համար, կարծում ենք, սա պետք է մտահոգիչ լինի եւ հիմք ծառայի սեփական հնարավորությունների օբյեկտիվ գնահատման համար:

Վերադառնալով մեր խորագիր-հարցադրմանը, նշենք, որ մեր հասարակության մեջ «Ո՞Ւմ համար են ընտրությունները» հարցը տարբեր պատասխաններ է ստանում: Եթե փորձենք դրանք հանրագումարի բերել, ապա կարող ենք առանձնացնել մի քանի հիմնական տարբերակներ. ընտրությունները` ա) միջազգային հանրության աչքին քաղաքակիրթ եւ ժողովրդավար երեւալու հնարավորություն են, բ) իշխանության վերարտադրման եւ իշխանական ռեսուրսների պահպանմանը կոչված սահմանադրությամբ պարտադրված միջոցներ են, գ) «գոյություն չունեցող» ընդդիմության պետականաստեղծ առաքելության կյանքի կոչման հնարավորություն են, դ) Հայաստանում իրական ժողովրդավարություն կառուցելու եւ զարգացման իրատեսական հեռանկարներ ուրվագծելու համար մեզ տրված պատեհ առիթ կամ փորձաքար են եւ այլն:

Ցավոք սրտի, համոզված ենք, որ վերջին տարբերակի ներկայացուցիչները մեր մեջ շատ չեն: Մարդիկ, ովքեր կգիտակցեն, որ արդար ընտրությունների անցկացումն ու դրանցում ժողովրդի կամքի արտացոլումը կնպաստեն ոչ միայն ժողովրդի՝ հասարակական-քաղաքական կյանքին մասնակցելու ակտիվության բարձրացմանը, այլեւ կձեւավորեն հնարավորինս (հնարավորինս, քանզի, ինչպես հին հույն մտածողներից մեկը կասեր` «որտեղ ընտրություններ, այնտեղ կեղծիք») արդար ընտրությունների անցկացման մշակույթ: Իսկ սա իշխանական աթոռակռիվը ֆինանսական եւ իշխանական լծակների ոլորտից կտեղափոխի հանրային պատասխանատվության դաշտ: Այսինքն՝ իշխանության ղեկին նստածներն իրենց տեղը պահպանելու համար ստիպված կլինեն արժանանալ հասարակության հավանությանն իրենց կատարած «աշխատանքային» հաշվետվության համար:

Հաճախ կարելի է լսել, որ արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացումը հարկավոր է միջազգային հանրության աչքում մեր վարկանիշը բարձրացնելու համար: Այո, լավ վարկանիշ ունենալը շատ լավ է, նաեւ խոստումնալից: Սակայն ընտրությունների արդարությունն ու թափանցիկությունը միջազգային հանրության գործոնով պայմանավորելը խիստ դատապարտելի է: Բանն այն է, որ նախ` այդ միջազգային հանրությունն ամենից առաջ առաջնորդվում է իր շահերով եւ ըստ այդմ էլ տալիս է գնահատականներ (քիչ չեն դեպքերը, երբ միջազգային դիտորդական առաքելությունները հակասական գնահատականներ են տվել այս կամ այն ընտրական գործընթացի առնչությամբ) եւ երկրորդ` արդար ընտրությունները մեզ պետք են ամենից առաջ մեր ներքին կյանքի բարեփոխման, այլ ոչ միջազգային «շքանշաններ» ստանալու համար: Բոլորն էլ գիտեն, որ շքանշաններ տրվում են նաեւ անարժաններին:

Այնպես որ` մեզ մնում է հուսալ, որ առաջիկա ընտրություններում կցուցաբերենք հիշատակման արժանի քաղաքացիական ինքնագիտակցության որակներ, որ իշխանության կգան գաղափարակիր եւ գործելու վճռականություն ունեցող ուժերն ու անհատները, իսկ միջազգային հանրության դրական գնահատականները հընթացս կխթանեն նրանց գործը կյանքի կոչելուն: