Նախընտրական այս ժամանակահատվածում շատերն են հիշում բազմաթիվ այն հիմնախնդիրների մասին, որոնց մի մասը ժառանգվել է վերջին տասնամյակների իշխանությունների անգործությունից, իսկ մի մասն էլ՝ նոր տիպի, նոր ժամանակների խնդիրներ են: Փորձենք այժմ արձանագրել սոցիալական բնույթի, բայց համազգային նշանակություն ունեցող քիչ թե շատ ակնհայտ հիմնախնդիրներ՝ իրենց ոչ այդքան ակնհայտ պատճառներով եւ հետեւանքներով:
Ժողովրդագրություն. 1990-ական թվականների սկզբից մինչ այսօր Հայաստանի բնակչությունը քանակապես նվազում է՝ այսօր արդեն հասնելով մի իրավիճակի, երբ վտանգված է ազգի զուտ ֆիզիկական վերարտադրությունը: Հիմնավորելու համար կարելի է մեջբերել պաշտոնական վիճակագրությունը, համաձայն որի` 3 միլիոնից ավելի բնակչություն ունեցող Հայաստանում կան մոտ կես միլիոն թոշակառուներ, մոտ երկու հարյուր հազար հաշմանդամներ, իսկ աշխատանքային տարիքի մարդիկ կազմում են մեկ միլիոնից քիչ ավելի, որոնց շրջանակում էլ բարձր է աշխատազուրկների կամ չնչին աշխատավարձ ստացողների թիվը:
Սակայն սխալ կլինի դեմոգրաֆիական հիմնախնդրի առաջացումը կապել միայն տնտեսական վատ պայմանների հետ: Այսօր ՀՀ մարզերն ու գյուղական համայնքները, որոնք տնտեսական զարգացվածության առումով ակնհայտ զիջում են մայրաքաղաքին, գերազանցում են ծնելիության եւ ամուսնությունների, բայց ոչ՝ ամուսնալուծությունների ցուցանիշներով: Ակնհայտ է, որ ՀՀ դեմոգրաֆիական ճգնաժամի հիմքում ընկած են ուրբանիզացիայի (փոքր քաղաքներից եւ գյուղական վայրերից դեպի մեծ քաղաքներ մարդկանց եւ հասարակական ինստիտուտների հոսք) առավելապես հոգեբանական կարգի ազդեցությունը եւ, ինչն առավել կործանարար է հայի նուրբ ազգային զգացմունքների համար, պետության նկատմամբ անվստահությունը, որին, որպես հետեւանք, հաջորդում է սեփական ապագան այլ երկրներում փնտրելու «ազգային» դարձած մոլուցքը: Այստեղ գործ ունենք ոչ թե տնտեսական, ոչ այնքան ազգային, որքան զուտ հոգեբանական, իսկ ավելի ստույգ` բարոյահոգեբանական երեւույթի հետ, երբ պետական (հասարակության տեսակետից՝ ամենաբարձր) մակարդակում անտարբերությունն աշխատող մարդու նկատմամբ այդ նույն մարդու մոտ ձեւավորում է պետության համար իր անձի անպիտան լինելու հոգեբանական բարդույթ, վերացնում է վերանձնային կարգի արժեքներով (ընտանիք, հասարակություն, պետություն, բարոյականություն, արդարություն եւ այլն) ապրելու ցանկությունը, որի փոխարեն առաջին պլան են մղվում զուտ անձնային կարգի երեւույթները՝ շատ փող աշխատել (կաշառակերության հոգեբանական հիմքը), ունենալ մի քանի «օբյեկտ», մեքենա, դիպլոմ եւ այլն: Այն է՝ ժամանակակից պայմաններում հայոց պետության եւ ազգի առջեւ ծառացած ամենալուրջ հիմնախնդիրն անհատապաշտության վերացումն է` հօգուտ հայ ընտանիքի, օրենքի, պետության նկատմամբ հարգանքի եւ պատասխանատվության զգացումի: Իսկ երբ չկա պետական դրական միջամտություն հասարակության մշակութային, իրավական, տնտեսական եւ այլ ոլորտներին, երբ չի գնահատվում մարդու մտավոր եւ ֆիզիկական աշխատանքը, անխուսափելի են կրթական-մշակութային-բարոյահոգեբանական ճգնաժամերն ու երիտասարդների արտագաղթը: Օրինակ, հայտնի է, որ հայրենական տնտեսությունը վերջին տարիներին աննախադեպ զարգացում է ապրում: Պատմությունից էլ հայտնի է, որ հզոր տնտեսությունը վկայում է պետության հզորության, բայց ոչ՝ առողջ եւ կառուցողական լինելու մասին: Դժվար է բնական համարել մի իրավիճակ, երբ ամբողջ ազգը ներգրավված է առավելապես տնտեսական հարաբերություններում, երբ «ողջ բնակչությունը բիզնես է անում»՝ նման կացությունը, որքան անբնական է, այնքան էլ անբարոյական՝ մշակութային-ինտելեկտուալ ներուժով օժտված հայ ազգի համար, եւ որքան «խոստումնալից» է ազգի ֆիզիկական գոյատեւման տեսանկյունից, այդչափ էլ ճակատագրական` նրա հոգեւոր զարգացման առումով:
Թերեւս, մենք ականատես ենք պետության կողմից ապակառուցողական քաղաքականության դրսեւորման, որն արտահայտվում է նախ եւ առաջ այն բանում, որ պետությունը չի կարողանում օգտվել իր բարիքներից (ինտելեկտուալ, մշակութային, եւ այլն)` սեփական բարօրության եւ զարգացման համար:
Ակնհայտ է` նման իրավիճակի բացասական ուղղակի հետեւանքը հասարակական գիտակցության եւ հոգեբանության ոլորտներում: Ցավոք, այսօր արդեն կարող ենք արձանագրել հայ ազգային հոգեբանության մեջ նոր՝ ազգային-պետական թերարժեքության բարդույթի առկայությունը:
Հասարակական հոգեբանություն. Նման բարդույթի առկայությունը, մեղմ ասած, ոչ մի դրական ազդեցություն չի կարող ունենալ հանրային կյանքի վրա, դեռ հակառակը՝ այն արտահայտվում է զանգվածային հիասթափության, ուսման եւ աշխատանքի նկատմամբ անտարբերության, ընդհանուր հասարակական բնույթի խնդիրների կարեւորության չգիտակցման, արհամարհանքի ձեւերով եւ այլն: Նման իրավիճակից շռայլորեն օգտվում են եւ՛ ձայներ գնող կուսակցություններն ու անհատները, եւ՛ տարբեր ոլորտներում «բարեփոխումների» միջոցով ապազգային քաղաքականություն իրականացնողները, եւ՛ նույնիսկ աղանդներն ու, որքան էլ զարմանալի լինի, հասարակական հոգեբանությունը խեղաթյուրող «հայրենական» գովազդը:
Հայ հասարակության հոգեբանական բնույթի հիմնախնդիրները դրսեւորվում են թեկուզեւ նրանում, որ տարիներ ի վեր Հայաստանում լայն տարածում չի գտնում ոչ մի գաղափարախոսություն` լինի դա քաղաքական, կրոնական կամ ազգային: Իսկ գաղափարախոսության բացակայությունը նորանկախ պետությունում նշանակում է ոչ ավել, ոչ պակաս` այն, որ այդ պետությունն ու հասարակությունը մտահոգված չեն միեւնույն խնդիրներով եւ չունեն զարգացման հստակ եւ տեսանելի հեռանկարներ:
Մինչդեռ գաղափարախոսությունը համակարգային եւ համակարգաստեղծ արժեք է: Իսկ գաղափարախոսական ճգնաժամը համակարգային (պետական, հասարակական, ազգային) ճգնաժամի արտահայտությունն է: Քանի դեռ չկան մշակված քաղաքական եւ տնտեսական հայեցակարգեր եւ զարգացման որոշակի ուղեցույց` ոչ մի գաղափարախոսություն հնարավոր չէ: Այսօր մենք չունենք ազգային-պետական նշանակության ձեւակերպած խնդիրներ, որոնք գաղափարախոսական աջակցություն եւ լուծում պահանջեն:
Լայն իմաստով մենք չունենք պայմաններ, որոնցում հնարավոր լինի գաղափարախոսություն: Իսկ այդ պայմանները անհրաժեշտաբար վերանձնային բնույթ ունեն եւ հնարավոր են այն դեպքում, երբ բավարարված են անձնային բնույթի ֆիզիկական եւ հոգեւոր պահանջմունքները: Հայտնի է, որ անձնային արժեքները` սովորել, աշխատել, ընտանիք կազմել եւ այլն, նպաստում են ազգի սոսկ ֆիզիկական գոյատեւմանը, մինչդեռ վերանձնային արժեքները` հայրենասիրություն, արդարություն, մտքի ազատություն, բարոյականություն եւ այլն, նպաստում են ազգի հոգեւոր զարգացմանը եւ ապահովում նրա մշակույթի վերարտադրությունը:
Կուսակցություն եւ պետություն. Թերեւս նպատակահարմար է բազմակուսակցականության եւ պետականաշինության բոլոր ջատագովներին տեղեկացնել, որ, ինչպես վկայում է եվրոպական-լիբերալ երկրների փորձը, ազատականության տարածումը նվազեցնում է պետական համակարգի կառավարելիությունը, իսկ հետխորհրդային ժամանակների փորձը վկայում է, որ եթե պետականաշինությունն իրականացվում է վարչարարությամբ, ապա դա բարձրացնում է կոռուպցիայի չափը (ինչպես Հայաստանում է): Իսկ այս երկու գործընթացների մեկտեղումը մեկ պետության մեջ, երբ պետական եւ սոցիալական համակարգերի կառավարելիությունը փորձում են բարձրացնել վարչարարությամբ, հարցականի տակ է դնում հասարակության եւ պետության զարգացման հնարավորությունները: Հետեւաբար, կուսակցությունների դերը ոչ միայն եւ ոչ այնքան իշխանության համար պայքարելն է, որքան աջակցելը պետությանն ու հասարակությանը` արձանագրելով ամենալուրջ հիմնախնդիրները, տալով դրանց լուծման իրական մեխանիզմներ եւ ձեւակերպել միասնական զարգացման ուղիներն ու հեռանկարները: Ի վերջո, բոլոր կուսակցությունների աշխատանքը պետք է նպաստի մեկ սկզբունքի` ձեւավորել քաղաքական-գաղափարական բանավեճի մշակույթ եւ նպաստել ազգային-պետական գաղափարախոսության ձեւավորմանը:
Եթե պետությունը չունի մշակած գաղափարախոսություն, այդ գործառույթը կարող են իրականացնել կուսակցությունները, բայց երբ կուսակցությունները չունեն գաղափարախոսություն, չունեն հստակ պատկերացումներ հանրային կյանքի բոլոր ոլորտների վերաբերյալ, ապա այդ բացը ոչ ոք չի կարող լրացնել:
Թերեւս, նման` որքան բարդ, այդքան էլ արդիական հարցերով պետք է մտահոգված լինեն հասարակության ընդհանուր քաղաքական շահերն ու նպատակներն արտահայտող կուսակցությունները, բայց…
Շարունակելի