Երեւանի Աղայան 19 եւ Տերյան 56 շենքերի միջեւ գտնվող արդեն նախկին կանաչ տարածքն այժմ վերածվել է շինհրապարակի: Չնայած 516 քմ հողակտորը կառուցապատման նպատակով պարսպապատվել է 2006-ի դեկտեմբերին, ամեն ինչ սկսվել է դեռեւս 2000թ.-ին: 2000թ.-ին Երեւանի այն ժամանակվա քաղաքապետ Ալբերտ Բազեյանի թիվ 653 եւ 1136 որոշումներով տարածքը հատկացվել է «Նուշիկյան ասոցիացիա» ՍՊԸ-ին՝ գրասենյակների, հյուրանոցային եւ այլ ծառայությունների չորսհարկանի մասնաշենք կառուցելու նպատակով:
Նուշիկյան եղբայրներին պատկանող ընկերությունն առավելապես հայտնի է օծանելիքի եւ հագուստի առեւտրով, Երեւանի փողոցների գովազդային վահանակների պատրաստմամբ եւ տեղադրմամբ: «Նուշիկյան ասոցիացիա» ՍՊԸ-ն Հայաստանի խոշոր հարկատուների 2006թ. ցուցակում զբաղեցնում է 180-րդ տեղը:
2002թ. քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը իր թիվ 354 որոշմամբ 516 քմ տարածքն օտարել է «Նուշիկյան ասոցիացիային», եւ շուտով քաղաքապետարանի Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչությունը (ՔՃՔՎ) տվել է ճարտարապետահատակագծային (ՃՀ) առաջադրանք: «Այս ՃՀ առաջադրանքում նշված է, որ առաջադրանքը տալու պահին տարածքը եղել է «ազատ, մասամբ բարեկարգ, նախկինում որպես բացօթյա սրճարան օգտագործվող, հարթ տարածք»: Սակայն չի ասվում, որ այնտեղ այդ պահին եղել են 20 հաստաբուն ծառեր: Բացի այդ, առաջադրանքում ոչ մի խոսք չկա ՀՀ օրենսդրությամբ սահմանված հասարակական լսումների, բնության պահպանության փորձաքննության, առաջադրանքի գործողության ժամկետի մասին»,- բացատրում է Աղայան 19 եւ Տերյան 56 շենքերի բնակիչների իրավունքների պաշտպանության հանձնախմբի ղեկավար Ռուբեն Թորոսյանը: Իմանալով, որ ծառերը հատվելու են եւ տեղում կառուցվելու է չորսհարկանի շինություն, վերոնշյալ շենքերի բնակիչները ելել են բողոքի:
2004թ. հունվարին նրանք դիմում-բողոք են ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարին, որին ի պատասխան՝ նախարարության Բնապահպանական պետական տեսչության պետ Ռ. Աբրահամյանը գրել է, թե տեսչության կողմից ուսումնասիրվել է տարածքը, որը «ծառաշատ է, այնտեղ առկա են շուրջ 20 հատ հաստաբուն ծառեր: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ տարածքում նախատեսվում են քաղաքաշինական փոփոխություններ, որի հետեւանքով հատվելու են ծառեր՝ ԲՊՏ-ն առարկում է այդ տարածքում որեւէ շինարարական աշխատանքների կատարմանը»: Բնակիչների իրավունքների պաշտպանության հանձնախմբի ջանքերով 2004-ին Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը դադարեցրել է կանաչ տարածքի կառուցապատման գործընթացը: Սակայն 2006թ. «Նուշիկյան ասոցիացիան» վերսկսել է կառուցապատումը:
ՔՃՔՎ-ի պետ Ա. Լալայանցի տեղեկացմամբ՝ կառուցապատողին հանձնարարվել է շինարարության մասին անցկացնել հասարակական իրազեկում, «ինչը եւ իրականացվում է տեղադրված պաստառի միջոցով՝ համաձայն քաղաքապետի 04.02.04թ.-ի թիվ 133-Ա որոշմամբ սահմանված կարգի»: «Քաղաքապետի այդ որոշումը հակասում է ՀՀ կառավարության 28.10.98թ.-ի թիվ 660 որոշմանը: Վերջինիս համաձայն՝ պետք է քաղաքապետն ասի, որ այստեղ միջավայրի փոփոխություն է տեղի ունենում: Մենք կառուցապատողի հետ ոչ մի գործ չունենք: Քաղաքապետը պետք է իրազեկում աներ, բայց նա չի արել»,- ասում է Ռուբեն Թորոսյանը:
Հետագայում դատարանը գտել է, որ քաղաքապետի թիվ 133-Ա որոշումը չի հակասում կառավարության թիվ 660 որոշմանը: Ռ. Թորոսյանը նշում է, որ թիվ 660 որոշման համաձայն՝ իրազեկումը պետք է արվեր կառուցապատողի ներկայացրած հայտը ստանալուց 3 օր անց զանգվածային լրատվության միջոցներով, ծրագրերի ու նախագծերի ցուցադրման միջոցառումներով եւ հասարակական քննարկումներով, ինչը չի արվել, եւ խախտվել է բնակիչների տեղեկատվություն ստանալու իրավունքը: Ըստ նրա՝ շինարարության մասին իրազեկող միակ բանը եղել է Նուշիկյանների կողմից կախված պաստառը, որի վրա գրված է եղել, որ այդտեղ շենք է կառուցվելու, եղել է նաեւ կառուցվող շենքի նկարը եւ մեկ բջջային հեռախոսահամար: Դատարանի որոշմամբ՝ այդքանը բավարար է եղել բնակիչների տեղեկատվություն ստանալու իրավունքը չխախտելու համար: Սակայն պաստառը, Ռ. Թորոսյանի ասելով, դատարան չի բերվել. վճիռը կայացվել է առանց այդ ապացույցի:
Կառուցապատման նախագիծ ներկայացրած «Նուշիկյան ասոցիացիա» ՍՊԸ-ն օրենքի համաձայն դիմել էր «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն անցկացնելու նպատակով: ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Սանթրոսյանն էլ պատասխանել է, թե այդպիսի փորձաքննություն արվում է միայն 1000 քմ եւ ավելի տարածքների համար, իսկ ՍՊԸ-ին օտարված տարածքը եղել է 516 քմ: «Բայց եթե 1000 քմ-ից պակաս է, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքով էլի պետք է իրազեկեն համայնքին, ասեն, որ այստեղ շենք են ուզում կառուցել, դուք մի ամիս ժամկետում հասարակական լսումներից հետո պիտի ասեք` ուզո՞ւմ եք, որ նախագիծը գնա փորձաքննության: Եթե մենք ասում ենք՝ այո, ապա լիազոր մարմինը որոշում է՝ բնապահպանական փորձաքննություն անե՞լ, թե՞ ոչ: Չանելու դեպքում էլ մենք կարող ենք դիմել դատարան: Այսինքն՝ օրենքը շատ ժողովրդավարական է»,- մեկնաբանում է Ռ. Թորոսյանը՝ նշելով, որ իրենց իրավունքների ոտնահարման գործում գլխավոր դերակատարումն ունեցել է հենց Ա.Սանթրոսյանը:
Այսպիսով՝ չի կատարվել օրենքի պահանջը՝ համայնքը չի իրազեկվել, եւ անտեսվել է նրա կարծիքը: Ռ. Թորոսյանի ներկայացմամբ՝ 2006-ի նոյեմբերի 8-ին Երեւանի քաղաքապետի տեղակալ Կարեն Դավթյանը, հիմք ընդունելով 2002-ին ՔՃՔՎ-ի տված «օրենքին հակասող» ՃՀ առաջադրանքը, «Նուշիկյան ասոցիացիա» ՍՊԸ-ին տվել է վերոնշյալ տարածքում շինարարության թույլտվություն: Փոխքաղաքապետի գրության մեջ նշված է. «Կառուցապատողը նախքան շինարարություն սկսելը, ինչպես նաեւ դրա ընթացքում պարտավոր է հասցվելիք վնասի փոխհատուցման համար համաձայնության գալ կառուցապատման հետեւանքով վնասներ կրող սուբյեկտների հետ»: Իսկ բնակիչները դժգոհ են եղել մասնավորապես նրանից, որ կառուցվող շինությունը նվազեցնելու է շենքերի 1-4-րդ հարկերի լուսավորությունը:
«Պետական նորմաների հիման վրա կատարվել են հաշվարկներ, որոնց համաձայն` բնակարանների լուսավորությունը մինիմալ նորմաներից 50 տոկոսով էլ ավելի է,- ասում է «Նուշիկյան ասոցիացիայի» նախագահ Գարեգին Նուշիկյանը: -Մենք առաջարկեցինք բնակիչներին բակի ավտոտնակներն իջեցնել գետնի տակ, իսկ վերեւն ամբողջությամբ բարեկարգել, բայց իրենք չհամաձայնվեցին»: 2006-ի դեկտեմբերի 9-ին Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանը բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ քաղաքապետ Երվանդ Զախարյանը կասեցրել է շինթույլտվության գործընթացը: Դեկտեմբերի 12-ին բնակիչներին նույնը ասել է հենց Ե. Զախարյանը՝ համաձայնելով, որ գործընթացը պետք է գնա օրինական ճանապարհով:
Բնապահպանության նախարարը թույլ է տվել հատել 20 ծառ
Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 13-ին, «Նուշիկյան ասոցիացիան» ստացել է ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի գրությունն առ այն, որ ընկերությանը թույլատրվում է 516 քմ տարածքում հատել ծառեր եւ թփեր: Նույն օրն էլ շինհրապարակի նախապատրաստման համար ՍՊԸ-ն սկսել է պարսպապատել տարածքը: Բնակիչները դիմել են քաղաքապետին, սակայն պատասխան չեն ստացել: Այն բանից հետո, երբ փոխքաղաքապետ Կարեն Դավթյանը Նուշիկյաններին տվել էր շինարարության թույլտվություն, Տերյան 56 եւ Աղայան 19 շենքերի բնակիչները դիմել էին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան: Գործը վարույթ է մտել դեկտեմբերի կեսերին: Առաջին նիստը կայացել է այս տարվա հունվարի 19-ին ու հետաձգվել է:
Սակայն հունվարի 20-ի վաղ առավոտյան երկու շենքերի բնակիչներն արթնացել են սղոցի ձայնից եւ դուրս գալով տեսել, որ բանվորները հատում են ծառերը: Վերջիններս բնակիչներին ցույց են տվել Վ. Այվազյանի գրությունը:
«Այդ պահի դրությամբ` դատական վեճի առարկա կար, վճիռ դեռ չէր եղել,- ասում է Աղայան 19 շենքի բնակիչ Դավիթ Պետրոսյանը,- Նուշիկյանը երեւի մտածում է` չկան ծառեր, ուրեմն չկա պրոբլեմ, այսինքն` բնակիչները հետ կկանգնեն իրենց պահանջներից: Թերեւս, իրենք էլ գիտեին, որ անօրինական բան են անում, թե չէ ինչո՞ւ են առավոտ գիշերով եկել… Երեւի, որ մարդիկ չխանգարեն»: Ռ. Թորոսյանի պատմելով՝ ամենահետաքրքիրն այն է, սակայն, որ ծառահատման հաջորդ օրը ՀՀ Բնապահպանության նախարարությունից եկել է մի խումբ՝ բնությանը հասցրած վնասը չափելու եւ Դատախազություն ներկայացնելու համար: «Այսինքն՝ չափեցին նախարարի գրությամբ բնությանը հասցրած վնասի չափը»,- ասում է Ռ. Թորոսյանը:
Հունվարի 29-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Գոռ Հակոբյան) մերժեց դիմող Ռ. Թորոսյանի հայցն ընդդեմ Երեւանի քաղաքապետի եւ քաղաքապետարանի: Տերյան 56 եւ Աղայան 19 շենքերի բնակիչները մտադիր են բողոքարկել վճիռը: Նրանք ասում են, որ պայքարելու են մինչեւ վերջ: Բացի այդ, նրանք այս գործով եւս երկու հայց են ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարի եւ նախարարության դեմ:
Ռ. Թորոսյանի տեղեկացմամբ՝ փետրվարի 2-ի կեսօրին Նուշիկյանների շինարարական աշխատանքների հետեւանքով շարքից դուրս է եկել տարածքի ջրամատակարարման խողովակը, որը ջրմուղի աշխատակիցները կարողացել են նորոգել միայն մոտ հինգ ժամ անց: Սակայն առ այսօր շենքերին մատակարարվող ջուրը, Ռ. Թորոսյանի խոսքերով, պղտոր է: Բնակիչները պատրաստվում են դիմել Սանէպիդկայան:
Սակայն վերջերս պարզվել է, որ այս տարածքն անժամկետ վարձակալության էր տրված Հարություն Ավետիսյանին, որին կասկածելի հանգամանքներում կալանավորել են: Նրա մայրը` Քնարիկը, համոզված ասում է, որ որդու նկատմամբ այս գործը սարքել են Նուշիկյանները, որպեսզի տիրանան այդ տարածքներին:
www.hetq.am