Բողկ

07/02/2007

Բաղադրությունը: Ջուր` 85-88%, ազոտային նյութեր` 1,4-2,6%, ճարպեր` 0,1%, էքստրակտային նյութեր` 7,5-9,5%, բջջաթաղանթ` 1,5-1,8%, մոխրացող նյութեր` 1-1,2%, ֆերմենտներ, վիտամիններ` B, C (10-20 մգ):

Կիրառությունը: Հիպոկրատը բողկն օգտագործել է թոքային հիվանդությունների, ջրգողության դեպքում, Դիսկորիդը` տեսողության ուժեղացման, հազի հանգստացման համար: Ըստ Պլինիուսի` բողկը հալեցնում է քարերը, դադարեցնում արյունաթքությունը, շատացնում կաթնարտադրությունը, կանխում արյունազեղումը:

Ռուսական բժշկության մեջ ընդունված է բողկի հյութով բուժել թոքախտը, քարային հիվանդությունները, ռեւմատիզմը (100-400 գր. օրական):

Բողկը կարելի է տրորել, խառնել մեղրին 1:1 հարաբերությամբ եւ ստացված հյութը խմել վերոհիշյալ հիվանդությունների դեպքում, կարելի է նաեւ դրանով մշակել թարախոտ վերքերն ու խոցերը:

Ուոքերը խորհուրդ է տալիս օգտագործել նաեւ տերեւների հյութը: Ընդհանրապես մեծ քանակով հյութը դժվար է խմել, այն լավ կլինի խառնել գազարի հյութի հետ: Այդ խառնուրդը նպաստում է ներքին օրգանների լորձաթաղանթի վերականգնմանը, մաքրում է օրգանիզմը լորձի կուտակումներից:

Ըստ Ամասիացու` հյութը մաքրում է աչքերը, նրանց փայլ է տալիս, սերմերը նպաստում են ձայնի բացվելուն, կաթի առատացմանը:

Բողկը նպաստում է ընդունած սննդի մարսմանը, լյարդի խցանման անհետացմանը: Մեղրի հետ խառնած վիճակում բուժում է չարորակ խոցերը, ջրգողությունը: Եթե կարիճի խայթոցից անմիջապես հետո բողկ ուտեք, կոչնչացնի թույնը: Բողկը նաեւ նպաստում է մազերի աճին` ներքին ընդունման ձեւով:

Շաղգամ

Բաղադրությունը: Ջուր` 90-91%, ազոտային նյութեր` 1-1,2%, ճարպեր` 0,2-0,3%, անազոտ նյութեր` 6-6,2%, բջջաթաղանթ` 1-1,2%, մոխրացող մնացորդ` 0,8%, վիտամին` A` 0,04 մգ, C` 8-20 մգ, B1` 0,08-0,11 մգ:

Կիրառությունը: Շաղգամի եփուկով լոգանքն օգտակար է պոդագրայի դեպքում, հյութը` ասթմայի, չարորակ տենդի բուժման համար: Գաբելխովերը շաղգամը համարում է միզամուղ, քունը նորմալացնող, ատամի ցավը հանգստացնող միջոց:

Ըստ Ամիրդովլաթի` շաղգամը սրում է տեսողությունը, առատացնում է մայրական կաթը, նաեւ միզամուղ է: Հյութով կարելի է օծել կրունկների ճաքերը, իսկ սերմերը թունազերծող հատկություն ունեն:

Ըստ ՈՒոքերի` շաղգամի, գազարի, խատուտիկի խառնուրդը (հյութի կամ աղցանի տեսքով) շատ արդյունավետ միջոց է ատամների եւ բոլոր ոսկրային հյուսվածքների ամրացման համար: Շատ օգտակար են նաեւ շաղգամի տերեւները. դրանք մեծ քանակությամբ կալցիում են պարունակում: