«Լեռնային Ղարաբաղը եւ Ադրբեջանի մյուս գրավյալ շրջանները մեր հողերն են, եւ ադրբեջանցի պատգամավորներն իրավունք ունեն այցելել այնտեղ: Բայց նրանց եւ Լեռնային Ղարաբաղի անջատողական ռեժիմի ղեկավարության միջեւ հանդիպումն անհնարին է»,- ըստ «Թրենդի», հայտարարել է ԵԽ ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ, Միլի մեջլիսի պատգամավոր Այդին Միրզազադեն: Հիշեցնելով, որ ԵԽ ԽՎ-ի ձմեռային նստաշրջանի շրջանակներում կայացած Լեռնային Ղարաբաղի խնդրով ենթակոմիտեի նիստում նրա նախագահ լորդ Ռասել Ջոնսթոնը ԵԽ ԽՎ-ում Ադրբեջանի եւ Հայաստանի պատվիրակություններին առաջարկել է ենթակոմիտեի անդամների հետ համատեղ այցելել Լեռնային Ղարաբաղ, Միրզազադեն ասել է, որ ադրբեջանական պատվիրակությունը՝ «կառուցողականություն դրսեւորելով՝ չի առարկել դրան»: «Բայց հայտնի չէ՝ ուր է նա ժամանելու՝ Ադրբեջա՞ն, թե՞ Հայաստան: Եթե ադրբեջանական պատվիրակությունը մեկնի գրավյալ հողեր, որտեղի՞ց է սկսվելու այցը»,- ասել է Միրզազադեն՝ ավելացնելով, թե այդ մանրամասները դեռեւս պետք է քննարկվեն: