Պարզվել է, որ շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Անատոլի Կարպովը, բացի շախմատից, զբաղվել է նաեւ գազով: 1999թ. նա հիմնել է «Պետրոմիր» ընկերությունը, որը զբաղվում էր գազի պաշարների եւ հանքավայրերի ուսումնասիրությամբ: 2007թ. հունվարի վերջին «Պետրոմիրը» Ռուսաստանի Իրկուտսկի մարզում հայտնաբերել է գազի նոր, շատ խոշոր հանքավայրեր, որոնց արժեքն այժմ մոտ 1 մլրդ դոլար է գնահատվում: Ընկերության հիմնադիրը, սակայն, չի սպասել այդ օրվան եւ վաճառել է իրեն պատկանող ընկերությունը: Բանն այն է, որ Ա.Կարպովից մեծ գումարներ` մի քանի միլիոն դոլար էր պահանջվում` հանքավայրերի ուսումնասիրության եւ հետազոտության համար, որը, սակայն, էքս-չեմպիոնը չուներ եւ ստիպված էր վաճառել «Պետրոմիրը»: Իսկ մեկ ամիս առաջ պարզվել է, որ Անգարո-Լենսկի հանքավայրը 1,22 տրիլիոն կուբոմետր գազ է պարունակում եւ կարող է համարվել Ռուսաստանի խոշորագույն հանքավայրերից մեկը: Հանքավայրերի նոր տերերի անունները չեն հրապարակվում: Հարկ է նշել, որ Ա.Կարպովը Հասարակական պալատի Բնապահպանական անվտանգության եւ բնության պահպանության հանձնաժողովի փոխտնօրենն է: