Համահունչ է

07/02/2007

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը գտնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, թե Մոսկվան ջանում է օգնել Բաքվին ու Երեւանին՝ գտնելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը, լիովին համահունչ է ադրբեջանական կողմի հայտարարություններին: «Նախագահ Պուտինի խոսքերը լիովին համահունչ են ադրբեջանական կողմի հայտարարություններին այն մասին, որ մենք ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, մասնավորապես, ռուսաստանյան կողմի ակտիվացումը»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության ղեկավար Թայիր Թաղիզադեն: «Կարծում եմ՝ համանախագահների դերն այն չէ, որ լուծումներ պարտադրեն որեւէ մեկին, դա, բնականաբար, բացառվում է, եւ ես դրանում համաձայն եմ Ռուսաստանի նախագահի հետ: Համանախագահների դերն օգնելն է՝ գտնելու այդ լուծումը, կարծում եմ՝ համանախագահները հենց դրանով էլ զբաղվում են»,- հավելել է Թաղիզադեն: Մեկնաբանելով Պուտինի այն հայտարարությունը, թե Հայաստանում գտնվող ռուսաստանյան ռազմակայանն ուղղված չէ որեւէ երկրի, ներառյալ` Ադրբեջանի դեմ, Թաղիզադեն հույս է հայտնել, թե «դա իրոք այդպես է»: