Նախօրեին Թուրք խորհրդարանականների միության նախագահ Հասան Քորքմազչանը հայտարարել է, թե Միությունը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին նամակ է հղել, որում բողոքում է Պալատ ներկայացված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի դեմ: Ըստ «Turkish Daily News»-ի, Քորքմազչանը, ներկայացնելով նամակի բովանդակությունը, հայտարարել է, թե պատմական թեմաներով միակողմանի մեկնաբանությունները կարող են ծառայել որոշակի շրջանակների շահերին, որոնք ցանկանում են սասանել Թուրքիայի եւ ԱՄՆ-ի ներկայիս դաշինքը: «Գիտական ճշմարտության հիման վրա փոխզիջման հասնելու՝ Թուրքիայի առաջարկները մերժվել են: Այնուհանդերձ, Թուրքիան շարունակում է լրջորեն ուսումնասիրել արխիվները եւ պահպանել իրատեսական մոտեցումը»,- հայտարարել է Քորքմազչանը: