Այս տարվա հունվարի 27-ին Ոստիկանության Շենգավիթի բաժին Երեւանի հիվանդանոցներից մեկից ահազանգ է ստացվել, որ ծնոտի մասում ստացած հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Արշակունյաց պողոտայի թիվ 30 շենքի բնակչուհի Լ. Ա.-ն: Մեկնած օպերատիվ խմբին հաջողվել է պարզել, որ վերջինս նույն օրը, գիշերվա ժամը 3-ի սահմաններում արթնացել է պայթյունի ձայնից եւ նկատել, որ դեմքն արյունոտված է, իսկ պատուհանի ապակու վրա ճառագայթաձեւ ճաքերով անցք է բացվել: Այնուհետեւ օպերատիվ խումբը նշված շենքի դիմաց գտնվող բանուկ փողոցում հայտնաբերել է ինը միլիմետր տրամաչափի պարկուճ: Մեր տեղեկությունների համաձայն` տուժած քաղաքացին բնակվել է բարձրահարկ շենքի իններորդ հարկում եւ տուժել է մայրաքաղաքում տեղի ունեցող հերթական տաքարյուն «ռազբորկաներից» մեկի արդյունքում: ՀՀ Ոստիկանության լրատվական բաժնից մեզ տեղեկացրին, որ գործը տրված է քննության: