Արդեն 14 տարի է, ինչ Հայաստանում ստորերկրյա ջրերի համակարգված մոնիտորինգ չի իրականացվել: Նախկինում այդ գործառույթն իրականացնում էր «Հիդրոերկրաբանական արշավախումբ» կազմակերպությունը, որը լուծարվեց 1993թ.:
«Հանրապետության մատակարարվող խմելու ջրի 96 տոկոսի աղբյուրը ստորերկրյա ջրերն են, որոնց մոնիտորինգի բացակայության դեպքում ժամանակի ընթացքում կարող է վտանգվել խմելու ջրի հիմնական աղբյուրը: Աշխարհում քիչ երկրներ կան, որոնցում ստորերկրյա ջրային ռեսուրսն այսքան մեծ նշանակություն ունի, սակայն համակարգված մոնիտորինգի չի ենթարկվում»: Այս մտահոգությունն են արտահայտում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) «Փի Էյ» ընկերության կողմից իրականացվող Ջրային ծրագրի ղեկավարները: Վերջիններս երեկ ՀՀ Բնապահպանության նախարարության հետ համատեղ սեմինար էին կազմակերպել` «Հայաստանում ստորերկրյա ջրային ռեսուրսների մոնիտորինգի վերահսկումը» թեմայով:
«Առանց ստորերկրյա ջրային ռեսուրսների մոնիտորինգի հնարավոր չէ վերահսկել ջրի որակը եւ բաշխումը հանրապետությունում: Մոնիտորինգը հատկապես կարեւոր է հիմա, քանի որ իրենց գործունեությունը վերսկսած նախկին արդյունաբերական որոշ ձեռնարկությունների կեղտաջրերն ուղղակիորեն բաց են թողնվում շրջակա միջավայր: Որոշ ժամանակ անց սա կարող է անդրադառնալ նաեւ խմելու ջրի հիմնական աղբյուր հանդիսացող ստորերկրյա ջրերի որակի վրա»,- նշեց ԱՄՆ ՄԶԳ Ջրային ծրագրի տեխնիկական գծով տնօրեն Թոն Լեննարթսը:
ԱՄՆ ՄԶԳ-ն եւ Բնապահպանության նախարարությունը պատրաստվում են «ՀՀ ջրային ռեսուրսների մոնիտորինգի վերսկսման» վերաբերյալ համագործակցության համաձայնագիր ստորագրել: Սակայն դա դեռ քննարկվում է, քանզի համաձայնագրում որոշակի խնդիրներ են առկա: Ինչպես տեղեկացրեց բնապահպանության փոխնախարար Հակոբ Մաթիլյանը, դրանք «նեղ մասնագիտական» խնդիրներ են եւ քաղաքական տարրեր չեն պարունակում: Ըստ փոխնախարարի, համաձայնագրի ստորագրումից եւ աշխատանքները սկսելուց մոտ 2-3 տարի հետո պարզ կլինեն մոնիտորինգի արդյունքները: Այսինքն՝ կիմանանք, թե երկրում ինչ քանակի ու որակի ջուր կա: Ի դեպ, Հ. Մաթիլյանի խոսքերով, որոշ գնահատականների համաձայն, այժմ Հայաստանում գոյություն ունի մոտ 3 մլրդ խմ ստորերկրյա ջուր:
Այն հարցին, թե ինչո՞ւ վերջին 14 տարիների ընթացքում ՀՀ-ում ստորերկրյա ջրային ռեսուրսների մոնիտորինգ չի իրականացվել, փոխնախարարը պատասխանեց, թե դա «թանկ հաճույք» է: «Չի իրականացվել` հաշվի առնելով երկրի տնտեսական վիճակը, քանզի այդ մոնիտորինգը թանկ հաճույք է: Այսօր մեր տնտեսությունը հնարավորություն է տալիս այն վերսկսել»,- ասաց Հ. Մաթիլյանը: Իսկ թե կոնկրետ որքա՞ն արժե այդ «հաճույքը», փոխնախարարը չկարողացավ նշել:
Նկատենք, որ թեեւ այժմ «տնտեսությունը հնարավորություն է տալիս վերսկսել» ստորերկրյա ջրային ռեսուրսների մոնիտորինգը, այնուամենայնիվ, այդ հարցում դիմում է ԱՄՆ-ի օգնությանը: