Լռություն, որ ոսկի չէ

07/02/2007 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Թեեւ հինգշաբթի կայացած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա հերթական ասուլիսում նոր կամ մինչ այդ անհայտ միտք չհնչեց, սակայն հայ լրագրողներիս համար «ամենամյա հերթական ասուլիս» բառերի հերթագայությունն արդեն իսկ արտասովոր է: Սա նշանակում է, որ Պուտինը հերթական անգամ Կրեմլի դահլիճ է հրավիրել տվյալ դեպքում 1200 լրագրողի, այդ թվում` աշխարհի խոշորագույն լրատվական գործակալությունների ներկայացուցիչներին, որոնք ուղիղ եթերում իրենց հետաքրքրող հարցերն են ուղղում ՌԴ նախագահին: Երեք ժամում, ինչպես ռուսաստանյան ԶԼՄ-ներն են արձանագրում, Պուտինը պատասխանել է հիսուներկու հարցի: Պատասխաններից նաեւ պարզվեց, որ իր տրամադրության անկման ժամանակ ՌԴ նախագահին փրկում է իր սիրելի շան` Կոնիի հետ զրուցելն ու Օմար Խայամ ընթերցելը: Հայաստանյան լրագրողների համար երկրի առաջին դեմքի հետ հաղորդակցվելու միջոցները խիստ սահմանափակ են: Եթե Հ1-ի, Հ2-ի կամ «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող չես եւ Ռ. Քոչարյանի հետ չես մեկնում արտասահմանյան ուղեւորությունների ու այնտեղից ժամանակավրեպ տեղեկատվություն մատուցում, ապա ստիպված ես ՀՀ նախագահի հետեւից դեգերել հանրապետության տարբեր մարզերում, մինչեւ օրվա վերջ վազվզել այսուայնկողմ, մինչեւ կհաջողվի նրա հետ շփվել մարզպետի գրասենյակում` ոչինչ չասող թվաբանություն լսելու նպատակով:

Ժամանակին, երբ Հայաստանի նախագահը Լեւոն Տեր-Պետրոսյանն էր, հատկապես՝ նրա պաշտոնավարման առաջին շրջանում, նախագահն` անձամբ, կամ նրա լրատվական ծառայությունը, պարբերաբար հրավիրում էին լրագրողներին, բրիֆինգներ կազմակերպում: Անցավ որոշ ժամանակ, եւ Տեր-Պետրոսյանը դժգոհեց հայ լրագրողների ինտելեկտից, վստահեցնելով, որ նրանց կողմից իրեն ուղղված հարցերն անհետաքրքիր ու բովանդակազուրկ են, եւ վերջ դրվեց ասուլիսի ինստիտուտին: «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ՀՀ առաջին նախագահի մամուլի երբեմնի խոսնակ Արամ Աբրահամյանը եւս հիշեց, որ պաշտոնավարությունից որոշ ժամանակ անց Տեր-Պետրոսյանը դադարեց շփվել ԶԼՄ-ների հետ: Պարոն Աբրահամյանից նաեւ հետաքրքրվեցինք, թե այդ ինչպե՞ս է, որ ավտորիտար համբավ ունեցող Պուտինը նման մասշտաբի ասուլիսներ է հրավիրում, այն էլ` ուղիղ եթերում, իսկ մեր երկրի նախագահները նախընտրում են խորհրդավոր լռությունը. «Ռուսաստանն ու Հայաստանն այս առումով համեմատելի չեն. Ռուսաստանը միջազգային հանրության համար անհամեմատ հետաքրքրություն ներկայացնող պետություն է, ինչը չես ասի Հայաստանի մասին: Իսկ մեր երկրի երկու նախագահներն էլ իրենց պաշտոնավարման սկզբնական շրջանում ավելի բաց էին թե՛ հասարակության, թե՛ լրագրողների առաջ: Ինչ խոսք, ես չեմ համեմատում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ինտելեկտը, գրագիտությունը կամ մտահորիզոնը. դրանց միջեւ սարուձորի տարբերություն կա: Սակայն երկուսն էլ կոշտ, ավտորիտար ղեկավարներ են: Եթե չեմ սխալվում, Տեր-Պետրոսյանի վերջին ասուլիսը 1997 թվականի սեպտեմբերի 25-ին էր, որը հրավիրել էր հասարակությանը ներկայացնելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր առաջարկած ճանապարհն ու հասարակությանը քաղաքակիրթ բանավեճի հրավիրելու նպատակով: Քաղաքակիրթ բանավեճ, ինչպես տեսանք, տեղի չունեցավ: Դրան նախորդել էր 1993 թվականի ասուլիսը (փաստորեն, չորս տարվա ընդմիջումով), որը բաց էր բոլոր լրատվամիջոցների առաջ (ի դեպ, սա այն ասուլիսն է, որին մասնակցել է անձամբ Սերգո Երիցյանը. – Լ.Ա.): Երբ Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղարը Շուգարյանն էր, մենք շաբաթը մեկ անգամ մամուլի ասուլիսներ էինք կազմակերպում: Հիմա չգիտեմ` ասուլիսների պարբերականությունը քանի ամիսը մեկ է: Երբ կար «Ա1+»-ը, նախագահ Քոչարյանը չորս անգամ հրավիրել էր հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին, այդ թվում` եւ ինձ, սակայն վերջին երեք տարիներին նա հրավիրում է բացառապես երեք ամենապատասխանատուներին: Անգամ Պետրոսին («Կենտրոն» ՀԸ-ի «Ուրվագիծ» ծրագրի հեղինակ եւ վարող. – Լ.Ա.) եւ Տիգրան Կարապետիչին («ԱԼՄ» հոլդինգի ղեկավար, «Իրականում», «Շոգեքարշ», «Հարցի արժեքը», «Փնտրում ենք ադամանդներ եւ այլ թանկարժեք քարեր» եւ բազում այլ հաղորդաշարերի հեղինակ եւ վարող. – Լ.Ա.) չի հրավիրում: Հրավիրում է ամենա-ամենա պատասխանատուներին, նրանց, ովքեր այնքան բարձր «պադաչա» են տալիս, որ նախագահը վերեւից հավեսով տոպկի»: Մեր հաջորդ հարցը պարոն Աբրահամյանին չէինք հրապարակի, եթե չլիներ նրա պատասխանը: «Ի՞նչ եք կարծում, Հայաստանի հաջորդ նախագահը (պայմանականորեն դիտարկենք ամենահավանական համարվող Սերժ Սարգսյանի թեկնածությունը) է՞լ է նույնքան փակ լինելու հասարակության եւ լրագրողների առաջ, որքան իր նախորդները»,- հետաքրքրվեցինք մենք: «Պետք չէ դիտարկել տեսականորեն կամ պայմանականորեն, քանի որ Հայաստանի հաջորդ նախագահը լինելու է Սերժ Սարգսյանը (սա ի՛մ պրոգնոզն է): 2008-ին նա, վստահ եմ, կհրավիրի բոլոր, գուցե նաեւ՝ ընդդիմադիր լրագրողներին, սակայն 2010-ից կսկսի փակվել»: Եթե Արամ Աբրահամյանի այս «պրոգնոզին» հետեւի նաեւ այն, որ հաջորդ նախագահի մամուլի խոսնակը լինելու է Սեյրան Շահսուվարյանը, այս դեպքում Լեւ Նիկոլաեւիչ Տոլստոյին փոքր-ինչ խմբագրելով` արժե նկատել, որ այդ ժամանակ Հայաստանում բոլոր երջանիկ լրագրողները նման կլինեն իրար, իսկ բոլոր դժբախտ լրագրողները դժբախտ կլինեն յուրովի: Իսկ քանի դեռ ՀՀ նախագահի մամուլի քարտուղարը Վիկտոր Սողոմոնյանն է, հենց նրանից էլ փորձեցինք ճշտել` ի վերջո, Ռոբերտ Քոչարյանը պատրաստվո՞ւմ է «հրաշալի եռյակից» բացի, հանդիպել նաեւ այլ լրատվամիջոցների ներկայացուցիչներին. «Նախագահն արձակուրդում է: Վերադառնա, իր հետ կքննարկեմ, կպատասխանեմ»: