Ինչո՞ւ են պակասում ադամանդները

07/02/2007

2005-ից սկսած` ՀՀ-ում շարունակվում է ադամանդագործության եւ ոսկեգործության ճյուղում ծավալների անկման միտումը: ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության Ակնագործության եւ ոսկեգործության վարչության պետ Գագիկ Մկրտչյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ դա նախեւառաջ պայմանավորված է համաշխարհային շուկայի այս ճյուղում նկատվող ճգնաժամային երեւույթներով: Մասնավորապես` ալմաստի եւ ադամանդի վաճառքի ծավալների կրճատմամբ: Արդյունքում` ՀՀ-ում 2006թ. ոլորտի արտադրանքի ծավալները կրճատվել են 20%-ով` կազմելով 88 մլրդ դրամ: Գ. Մկրտչյանի խոսքերով, ոլորտի արտադրանքի ծավալների կրճատման վրա ազդում է նաեւ դրամի շարունակական արժեւորումը: Դրա պայմաններում Հայաստանի նշված ոլորտում ունեցած մրցակցային առավելությունները` բարձր որակավորման պայմաններում էժան աշխատուժ ունենալը, սկսում են նվազել: Արդյունքում` կրճատվում է նաեւ ներդրողների ակտիվությունը: Ըստ Գ. Մկրտչյանի, ՀՀ-ում ոլորտի թուլացումը պայմանավորված է նաեւ 2005-06թթ. ՌԴ-ից միջկառավարական համաձայնագրով նախատեսված ալմաստների մատակարարման գրեթե դադարեցմամբ` կապված ռուսական «Ալռոսա» ընկերության գնային եւ շուկայական մարտավարության որոշակի փոփոխության հետ: Միաժամանակ, վարչության պետի դիտարկմամբ, մրցակցային դաշտում Հայաստանը սկսում է խնդիրներ ունենալ նաեւ կառավարման բնագավառում: Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, ըստ Գ. Մկրտչյանի, անելիքներ կան` Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա վերանայման, ինչպես նաեւ` ներդրումային ակտիվությունն ավելացնելու առումով: Նրա խոսքերով, ՌԴ-ի հետ սկսվել են բարձր մակարդակով բանակցություններ, որոնց ընթացքում խնդիր է դրվել անցնել համագործակցության նոր ձեւերի: Մասնավորապես, առաջարկվել է նպաստել ռուսական եւ հայկական ընկերությունների միջեւ անմիջական կապերի հաստատմանը: Սրանով փորձ է արվում ռուսական ընկերությունների հետ հարաբերությունները կառուցել շուկայական ազատական հիմքերի վրա: Ներդրումների ակտիվացման համար ՀՀ-ում անհրաժեշտ է նաեւ իրականացնել որոշակի օրենսդրական բարեփոխումներ: Թեեւ, ըստ Գ. Մկրտչյանի, Հայաստանն այս ոլորտում բավական լիբերալ եւ տարածաշրջանում լավագույնն օրենսդրություն ունի, սակայն այն դեռ պետք է բարելավել: Գ. Մկրտչյանը նաեւ տեղեկացրել է, որ Հայաստանում ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտի խնդիրների բարձրացման եւ դրանց լուծում տալու համար կստեղծվի Ադամանդագործության եւ ոսկեգործության զարգացման գործակալություն, որտեղ ներգրավված կլինեն ոլորտի զարգացմամբ շահագրգիռ բոլոր կառույցների ներկայացուցիչներ: Նախապատրաստվում է գործակալության ստեղծման մասին ՀՀ կառավարության որոշումը: Իսկ հոկտեմբերի 17-20-ը Հայաստանում կկազմակերպվի ոսկերչության եւ ադամանդագործության միջազգային ցուցահանդես: Ըստ վարչության պետի` ցուցահանդեսի բարձր մակարդակով կազմակերպման համար անհրաժեշտ է առավելագույնս պարզեցնել վարչարարությունը` որոշակի հարկային եւ մաքսային քաշքշուկներ բացառելու համար: