Թռչնագրիպը մեզ չի սպառնում

07/02/2007 Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երեկ լրատվամիջոցներով արդեն հաստատվեցին մի քանի օր շրջանառվող լուրերը, թե Հայաստանի սահմանամերձ երկիր Վրաստանում եւ Աբխազիայում գրանցվել են թռչնագրիպի դեպքեր: Փաստորեն, թռչնագրիպը նորից մոտեցավ մեր սահմաններին:

Արդյոք վտանգավոր համաճարակը կարո՞ղ է սպառնալ նաեւ մեզ: ՀՀ Գյուղնախարարության Անասնաբուժական տեսչության պետ Գրիգոր Բաղյանի ասելով, այդ լուրերը դեռեւս պաշտոնապես հաստատված չեն, սակայն Հայաստանի իշխանությունները երկու տարի շարունակ իրականացնում են մահացու վիրուսի կանխարգելմանն ուղղված աշխատանքներ: «Վերջին ժամանակաշրջանում հանրապետությունում ձեռնարկվում են մի շարք միջոցառումներ, մասնավորապես արգելված է թռչնամսի ներմուծումը մի քանի երկրներից: Պետական սահմանի անցումային կետերում իրականացվում է շուրջօրյա հերթապահություն: Հայաստանի ամբողջ տարածքում կատարվում է մոնիտորինգ: Հատկապես առավել ռիսկային գոտիներում՝ Արմավիրում, Արարատում եւ Շիրակում: Հանրապետությունում ունենք լաբորատորիա, որտեղ հնարավոր է ախտորոշել հիվանդության բոլոր ենթատիպերը: Զինված ենք նաեւ մոնիտորիգի եւ ախտորոշման հնարավորություններով օժտված շարժական լաբորատորիաներով»,- մեզ հետ զրույցում ասաց Գ. Բաղյանը: Նա նաեւ հավաստիացրեց, որ Հայաստանի բնակչությունն անհանգստանալու հիմքեր չունի, եւ պետք չէ ավելորդ վախի մթնոլորտ ստեղծել, ինչպես անցյալ տարի էր, երբ «անտեղի մեծ գլխաքանակով թռչուն մորթվեց»: «Այսօրվա դրությամբ, միջազգային կառույցները մեզ տեղեկացրել են միայն Հունգարիայում, Շրի Լանկայում եւ Ճապոնիայում արձանագրված թռչնագրիպի մասին, իսկ ՌԴ Կրասնոդարի երկրամասի եւ Վրաստանի դեպքերի վերաբերյալ դեռեւս պաշտոնական ծանուցում չկա»,- հավելեց տեսչության պետը: «Ռեգնումի» փոխանցմամբ էլ, ներկա դրությամբ Կրասնոդարի երկրամասում թռչունների շրջանում այդ մահացու հիվանդության երեք օջախ է հայտնաբերված: Ի դեպ, 2006թ. սեպտեմբերից Հայաստանում մեկնարկել է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ թռչնագրիպի դեմ պայքարի նախապատրաստման ծրագիրը, որից 275 հազար ԱՄՆ դոլարը կտրամադրվի իբրեւ դրամաշնորհ, իսկ 2.445 մլն դոլարը՝ որպես վարկ: Ավստրիայի կառավարության եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցությամբ նախատեսված է նաեւ հանրապետությունում ստեղծել տարածաշրջանային նշանակության վարակաբանական փորձաքննական լաբորատորիա: Իսկ Առողջապահության նախարարության Դեղագործական գործունեության կազմակերպման, դեղերով եւ տեխնոլոգիաներով ապահովման բաժնի պետ Վարդան Դավեյանը մեզ տեղեկացրեց, որ հանրապետությունում կա պահուստավորված թռչնագրիպի դեպքում կիրառվող «Տամիֆլյու» հակավիրուսային դեղամիջոցը: «Օրինակ, անցյալ տարի նախատեսված էր գնել 5 հազար պատիճ, իսկ այս տարի գնումները դեռ ընթացքի մեջ են»,- ասաց Վ. Դավեյանը: Պատասխանատուների ասելով, դեռեւս ոչ մի հայաստանաբնակ «Տամիֆլյուի» անհրաժեշտություն չի ունեցել: