ԼՂՀ կառավարության այս տարվա առաջին նիստում մի քանի տասնյակ հարցերի շարքում քննարկվում էր նաեւ «երկար սպասված» հիփոթեքային վարկերի տրամադրման կարգը։
Հիշեցնենք, որ կառավարության ներկայացուցիչների հավաստմամբ, հենց այս կարգի չմշակված լինելն էր պատճառը, որ 2006-ին պետբյուջեից նախատեսված 200 մլն դրամի չափով հիփոթեքային վարկը չի տրամադրվել: Նշված 200 մլն դրամը գումարվել է այս տարի նախատեսվող 500 մլն դրամին: ԼՂՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների զարգացման նախարար Արմո Ծատուրյանի հավաստմամբ, 2007-ին կտրամադրվի 700 մլն դրամի չափով հիփոթեքային վարկ:
Հիփոթեքային վարկերի տրամադրումը կիրականացվի Զարգացման արցախյան գործակալության միջոցով, որն իրականացնում է նաեւ Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված վարկավորման ծրագիրը: Հիփոթեքային վարկի գումարը մինչեւ 15 մլն դրամ է: Այն կտրամադրվի 20 տարի ժամկետով` տարեկան 6 տոկոս տոկոսադրույքով:
Ա.Ծատուրյանի խոսքերով, վարկառուի ընտանիքը պետք է ունենա Ստեփանակերտ քաղաքում մեկ շնչի հաշվով ամսական 20 հազար, իսկ հանրապետության մյուս բնակավայրերում` 10 հազար դրամի չափով դրամական եկամուտներ: Հիփոթեքային վարկը նախատեսվում է վարկառուի հաշվառման բնակավայրում բնակարանի գնման կամ անհատական բնակելի տան շինարարության համար: Նախարարի հավաստմամբ, հնարավորություն է տրվում նաեւ բազմաբնակարան շենք կառուցել եւ տրամադրել վարկառուներին:
Իսկ որ Ղարաբաղում բնակարանի կարիք շատերն ունեն, դա նորություն չէ, չնայած անցյալ տարի Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցի վրա շահագործման է հանձնվել 13 բնակարանանոց մեկ շենք։ Ընթացքի մեջ է 21 բնակարանանոց մեկ շենքի շինարարություն եւս, որը գտնվում է Տիգրան Մեծ փողոցի վրա։ Շուտով շահագործման կհանձնվի նաեւ Թումանյան փողոցի վրա գտնվող 45 բնակարանանոց շենքը, որի շինարարությունը մեծ թափով է ընթանում։ Մինչեւ հիմա բնակարանային ընդհանուր հերթում դեռ գրանցված քաղաքացիներ կան, որոնց թիվը մոտ 1170 է եւ հերթացուցակում են արդեն մի քանի տասնյակ տարի: 2006թ. հերթագրվել են եւս 30 հոգի։ Այդ հերթացուցակում գրանցվածները տուն չեն ստացել, քանի որ հայտնվել են արտոնյալ հերթացուցակներ` զոհված ազատամարտիկների ընտանիքների եւ Արցախյան պատերազմի հաշմանդամների:
Քաղաքապետարանի տվյալներով, արտոնյալ հերթում գրանցված են զոհված զինծառայողների 190 եւ Արցախյան պատերազմի հաշմանդամների ընտանիքների 208 անդամներ։ 2006թ. այս հերթում ավելացել է 65 հոգի, իսկ 10-ը բնակարան են ձեռք բերել: Իսկ ովքե՞ր են հնարավորություն ունենալու օգտվել այս տարի նախատեսվող հիփոթեքային վարկից: ԼՂՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների զարգացման նախարարի խոսքերով, այդ չափորոշիչները կորոշի փորձաքննական հանձնաժողովը, որի կազմում կընդգրկվեն մեկական ներկայացուցիչ` ԼՂՀ Ազգային ժողովից, ԼՂՀ կառավարության աշխատակազմից, մի քանի նախարարություններից, Զարգացման արցախյան գործակալությունից եւ ԼՂՀ արհեստակցական միությունից: Հանձնաժողովի կողմից հայտերի առաջնահերթության որոշման չափորոշիչները հաստատվելու են ԼՂՀ վարչապետի որոշմամբ, որով հաստատվում են նաեւ վարկառուին տրամադրվող վարկի գումարը, նպատակը եւ մարման ժամկետը:
Վարկավորման ծրագիրն, ամենայն հավանականությամբ, կկատարվի «Արցախբանկի» միջոցով: