«Կոմեդի քլաբը» ֆիլմեր է նկարահանում

07/02/2007 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

«Կոմեդի քլաբն» իր հանդուգն հումորով սկզբում նվաճեց հեռուստալսարանի համակրանքը, իսկ այժմ այն պատրաստվում է ներխուժել մեծ կինոյի ոլորտ: Արդեն պատրաստ է «Չափազանց ռուսական կինո» ֆիլմը, որի ստեղծման գաղափարը պատկանում է «Կոմեդի քլաբի» ռեզիդենտներին, եւ որն էկրան կբարձրանա գարնանը: Ֆիլմի ժանրը պարոդիան է: Ֆիլմում հումորիստական նմանակմանն են արժանացել վերջին տարիների ամենաաղմկահարույց ռուսական ֆիլմերը, այդ թվում` «Բրիգադան», «Գիշերային եւ ցերեկային պահակախմբերը», «Բումերը» եւ այլն: Ֆիլմի գլխավոր դերակատարն ու պրոդյուսերը Գարիկ Խառլամովն է, իսկ ֆիլմի սցենարը Արթուր Թումասյանինն է, ով անցյալ տարվա ամռանը վախճանվեց Սոչի կատարած չվերթի ժամանակ: Ակումբի անդամներն այս ֆիլմը նվիրել են իրենց հանգուցյալ ընկերոջ հիշատակին: Ֆիլմում նկարահանվել են Պավել Վոլյան, Միշա Գալուստյանը, Արմեն Ջիգարխանյանը: Քսենիա Սոբչակի հերոսուհին պոռնիկ է լինելու, իսկ արվամոլ երգիչ Բորիս Մոիսեեւի հերոսը` ոստիկան: Ֆիլմում շատ են լինելու հատուկ էֆեկտները, որոնք նման կլինեն «Մատրիցա» ֆիլմում օգտագործված էֆեկտներին: Կինոարտադրության մեջ մուտք գործող «Կոմեդի քլաբն» արդեն պատրաստվում է երկրորդ ֆիլմը նկարահանել, որի բյուջեն լինելու է 5 մլն դոլարից ոչ պակաս: Ընդ որում` այդ գումարը ներդնելու է հենց ակումբը` չսպասելով հովանավորների ներդրումներին: ֆիլմի անվանումը «Ռուսաստանի պատմություն, սլավոններ» է լինելու: Այնպես որ՝ շուտով «կոմեդի-ֆիլմերի» իսկական հոսքագիծ է գործի դրվելու: