Ձերբակալել են

07/02/2007

Փետրվարի 1-ին Մոսկվայում ձերբակալվել է Դաշնային խորհրդի նախկին անդամ, սենատոր Լեւոն Չախմախչյանը: Չախմախչյանի փաստաբան Բորիս Կուզնեցովի խոսքերով՝ Չախմախչյանին Դատախազություն են բերել մասնավոր կլինիկայից, որտեղ նա բուժվում էր: Կուզնեցովը հայտարարել է, որ Գլխավոր դատախազության գործողություններն անօրինական են, քանի որ Չախմախչյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին ՌԴ Գերագույն դատարանի 2006թ. դեկտեմբերի 8-ի որոշումը դեռ օրենքի ուժ չի ստացել: «Ես այդ որոշումը բողոքարկել եմ, այն պետք է քննարկվի 2007թ. մարտի 6-ին: Մինչ այդ Գերագույն դատարանի որոշումն օրենքի ուժ չունի»,- հայտարարել է Կուզնեցովը: Բացի այդ, ըստ փաստաբանի՝ Գերագույն դատարանի գործողություններն անօրինական են նաեւ այն պատճառով, որ Չախմախչյանը սենատորական անձեռնմխելիություն ունի: Սակայն Դաշնային խորհրդի ապարատի իրավաբան Զուլֆիա Նիգմատուլինան այլ կարծիքի է: «Համաձայն օրենքի՝ Դաշնային խորհրդի անդամը, ինչպես եւ` Պետդումայի պատգամավորը, անձեռնմխելիություն ունի միայն իր իրավասությունների ժամկետի ընթացքում: Իսկ Չախմախչյանը Դաշնային խորհրդի անդամ չէ արդեն 2006թ. հունիսից»,- մեկնաբանել է իրավաբանը: Հիշեցնենք, որ 2006թ. հունիսին Լ. Չախմախչյանի մոտից առգրավվել էր 300.000 դոլար, որը նա ստացել էր իբրեւ կաշառք: