Վիճակը կվատանա՞

07/02/2007

Ըստ ամերիկյան հետախուզության զեկույցի՝ Իրաքի իրադրության վատթարացման հավանականություն կա: «Վաշինգտոն փոստը» հայտնում է, որ զեկույցն արդեն ուղարկվել է ԱՄՆ նախագահին: «Ազգային հետախուզական գնահատում» 90 էջանոց փաստաթղթում նշվում է, որ իրադրությունը, որի նկատմամբ ԱՄՆ-ը սահմանափակ հսկողություն ունի, բորբոքվում է, եւ Իրաքի իրադրության վատթարանալու հավանականություն կա: Ըստ գաղտնի զեկույցի՝ լուրջ կասկած կա, որ Իրաքի ղեկավարությունը կկարողանա պայքարել ծայրահեղականների դեմ, ինչպես նաեւ կկարողանա ստեղծել արդյունավետ ազգային հաստատություններ եւ արմատախիլ անել կոռուպցիան: Զեկույցում շարադրված են առաջիկա մեկուկես տարում Իրաքում իրադարձությունների հնարավոր սցենարները: «Ալ Ղաիդայի» գործողությունների սպառնալիքը հետին պլան է մղվում համաքաղաքացիների նկատմամբ բուն իրաքցիների բռնարարքներից, ինչը հակամարտության հիմնական աղբյուրն է եւ գլխավոր սպառնալիքն՝ Իրաքում ԱՄՆ-ի նպատակներին հասնելու համար: Իրանը, որին Սպիտակ տան վարչակազմը մեղսակից է համարում Իրաքի տարածքում կատարվող ահաբեկչական գործողություններին, հիշատակվում է, բայց քննարկման հիմնական առարկան չէ»,- մեջբերում է թերթը։