Կրակե՞լ են

07/02/2007

Ըստ «Ջավախք-Ինֆոյի», նախօրեին Ախալքալաքում Վրաստանի ոստիկանության հատուկ նշանակության դիմակավորված ջոկատն իրականացրել է ՀՀ-ից Ջավախք «Ջերմուկ» հանքային ջրի եւ «Կիլիկիա» տեսակի գարեջուր ներկրող Մերուժան Կարոյանի եւ Արմեն Ուզունյանի ցուցադրական ձերբակալությունը: Մոտավորապես ժամը 17.00-ի սահմաններում ոստիկանության հատուկ նշանակության աշխատակիցները, Ախալքալաքի շրջանային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ, անսպասելի հարձակում են կատարել Ախալքալաքի Մալխասյան փողոցի վրա բնակվող Կարոյան Մերուժանի տան վրա, տունն ավերակի վերածելուց հետո ձերբակալել են Մերուժանին եւ նրա գործընկերոջը` Արմեն Ուզունյանին: Ախալքալաքի մոտ 100 բնակիչներ, որոնց մեջ եղել են նաեւ կանայք, փորձել են ուղեկալ ստեղծել: Սակայն հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները կրակել են ախալքալաքցիների վրա: Զոհերի եւ վիրավորների մասին ոչինչ չի հաղորդվում: