Երեկ ՀՀ վերաքննիչ դատարանը որոշել է բավարարել Հրանտ Խաչատրյանի կողմնակիցների դատական հայցը եւ չեղյալ ճանաչել 2006թ. սեպտեմբերին կայացած ՍԻՄ 17-րդ համաժողովի որոշումները:
Արդեն հայտնի է, որ այդ վիճահարույց համաժողովից հետո ՍԻՄ նախագահ դարձած Հայկ Բաբուխանյանը պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ դատարանի երեկվա որոշումը: Վերաքննիչ դատարանի երեկվա որոշումից հետո ՍԻՄ հիմնադիր նախագահ Հ. Խաչատրյանը, ով վերոնշյալ համաժողովից հետո հայտարարել էր, թե հեռանում է ակտիվ քաղաքականությունից, իր մի քանի համախոհների հետ «Ուրբաթ» ակումբում ասուլիս էր հրավիրել: Հ. Խաչատրյանը նախ հայտարարեց, թե ինքը չէր սպասում, որ դատարանը նման որոշում կկայացնի: Ըստ նրա, իրենց հաջորդ քայլը լինելու է բարոյական հարցերի լուծումը: Միաժամանակ նա վստահեցրեց, որ «վհուկների որս» չի լինելու, եւ դավադիրների դեմ չեն պայքարելու նրանց մեթոդներով: «Ինձ անընդհատ անհարմար իրավիճակի մեջ էին դնում, փորձում էին հավասարակշռությունից հանել: Ինձ «Իրավունքում» դավադիրներն անվանում էին «հուսահատ մարդ», իսկ «Փանջունու անկյունում» արժանացա «ոսկե կլիզմայի»՝ «տարվա փոշմանողը» անվանակարգում: Որոշ քաղաքական ուժեր, որոնք այս ընթացքում մեր դեմ խոսեցին, հիմա հասկացել ու զղջացել են դրա համար»,- երեկվա ասուլիսում հայտարարեց Հ. Խաչատրյանը: Նա տեղեկացրեց նաեւ, որ ակտիվ քաղաքականությունից հեռանալու իր որոշումը հավանաբար կմնա ուժի մեջ, բայց հիմա ինքը մասնակցելու է կուսակցության առողջացման գործընթացին: Հ. Խաչատրյանն ու իր կողմնակիցները պատրաստվում են հնարավորինս շուտ կազմակերպել նոր համաժողով ու լուծել բոլոր հարցերը: Նրանք երեկ նաեւ հայտարարեցին, որ իրենց խոսքերով՝ դավադիրները նաեւ քրեական հանցանքներ են կատարել՝ կեղծելով Հ. Խաչատրյանի ստորագրությունը եւ այլն: Հ. Խաչատրյանը երեկ նաեւ հայտարարեց, որ թեեւ ինքը հրաժարական է տվել ՍԻՄ նախագահի պաշտոնից, սակայն իրավաբանորեն շարունակում է մնալ այդ կուսակցության նախագահը, քանզի համապատասխան փաստաթղթային հարցերը չեն կարգավորվել: Նա վստահեցնում է, թե որեւէ ամբիցիա չունի: Իսկ ՍԻՄ-ի տրոհումը նա չի բացառում: