«Օրինաց երկիր» կուսակցությունը, թերեւս, հաշվի առնելով այն, որ տարին նախընտրական է, որոշել է մի քանի սեանսանոց համագումարներ անցկացնել: Ճիշտ է, երեկ հերթը կուսակցության Երիտասարդական միությանն էր, բայց ամբիոնի մոտ ավելի շատ կուսակցության «թոշակառուներ» Արթուր Բաղդասարյանը, Մհեր Շահգելդյանն ու Հեղինե Բիշարյանն էին, քան իրենք՝ երիտասարդները:
Իսկ դահլիճում երիտասարդներն ավելի շատ ծափ տվողների, ժամանակ առ ժամանակ «օրինաց» բղավողների ու վառվող կրակայրիչների նման գլխների վերեւում ՕԵԿ փոքրիկ դրոշները պահողների դերում էին (ի դեպ, գրեթե բոլորի ձեռքում դրոշներ կային): Օրինակ, երիտասարդ կուսակցականները կազմակերպված, առաջին անգամ (պարտադիր ոտքի կանգնած) ծափահարելով «օրինաց» գոռացին, երբ դահլիճ մտան կուսակցության «մեծերը»՝ Արթուր Բաղդասարյանը, Մհեր Շահգելդյանն ու Սամվել Բալասանյանը: Այդ արարողակարգը տեւեց մոտավորապես 2-3 րոպե: Հետո հնչեց Հայաստանի արդեն հին հիմնը, այնուհետեւ երիտասարդ «օրինացերկրացիների» ծրագրած համագումարը ողջունելու համար հերթով ամբիոնի մոտ հրավիրվեցին Արթուր Բաղդասարյանը, Մհեր Շահգելդյանն ու Հեղինե Բիշարյանը: ՕԵԿ նախագահն իր երիտասարդներին հորդորեց դառնալ «արդյունավետ մի մեխանիզմ»՝ լուծելու ՀՀ երիտասարդության առջեւ ծառացած բազմաբնույթ խնդիրները, որպեսզի թույլ չտան, որ մարզային բնակավայրերում կարիքն ու չքավորությունը «հարձակվեն» մարդկանց վրա, իսկ անօրինականություններն էլ «ճագարների պես» չբազմանան: «ՕԵԿ-ը պետք է լինի այն քաղաքական կազմակերպությունը, որը վճռականորեն պայքարելու է հուսալքության դեմ: Ինչո՞ւ պիտի մենք մեր ապագան փորձենք կառուցել օտար ափերում, ինչո՞ւ պիտի մենք փորձենք հարգել օտարի օրենքը, կառուցել օտարի տունը,- իր դժգոհությունը երիտասարդներին էր փոխանցում Արթուր Բաղդասարյանը:- Այսօր շատ մարդիկ կան, ովքեր գտնվում են քաղաքականապես պասիվ վիճակում, դրա համար երկարատեւ քննարկումներից հետո մենք եկանք մի կարեւոր եզրակացության, եւ մեր թերթի ճակատին այսօր գրել ենք. «Մարդիկ, հետաքրքրվեք ձեր ապագայով»: Բոլորս պետք է գիտակցենք, որ երիտասարդ մարդն ինքը պետք է առաջինը պայքարի արժանապատիվ կյանքով ապրելու համար: Ինքը պետք է պայքարի, որ փողի ու զոռբայության այս հաղթարշավի պայմաններում գրագետ մարդիկ չլքեն երկիրը»:
Ա. Բաղդասարյանը երեկ նորից դժգոհեց ծնելիության ցածր ցուցանիշներից, երիտասարդ ընտանիքներին բնարականով ապահովելու անհրաժեշտությունից… Իսկ հետո նկատեց. «Մենք պետք է հասկանանք, որ դեռեւս ոչ ոք միայն լավ խոսելով չի կարող հասնել հաջողության ոչ ընտրությունների կազմակերպման գործընթացում, ոչ էլ լավ Հայաստան կառուցելու համար: Շատ կարեւոր է, որ դուք կարողանաք այսօրվանից մտածել ձեր ապագայի մասին, մտածել նորովի, համարձակ, թոթափեք վախի եւ անհանդուրժողականության լուծը, որ կլանել է այս հասարակությունը»: Երեկվա համագումարից այնպիսի տպավորություն էր, թե Ա. Բաղդասարյանը եկել էր ավելի շատ ոչ թե ողջունելու, այլ իր երիտասարդներին հրահանգներ տալու: Օրինակ, երեկ նա երիտասարդ ՕԵԿ-ականներին հանձնարարեց ակտիվ մասնակցություն ունենալ առաջիկա նախընտրական գործընթացներին, որովհետեւ իրենք առաջիկա ընտրություններին մասնակցելու են, ըստ նրա, պատրաստ, համարձակ, վճռական: «Եվ, երիտասարդ մարդիկ, դուք ունեք ձեր լուրջ պատասխանատվությունը, որովհետեւ մենք պայքարում ենք ձեզ համար»,- իր շարքերին նախազգուշացրեց Ա. Բաղդասարյանն ու նրանց հորդորեց նաեւ ակտիվացնել հասարակության երիտասարդ հատվածին:
Այնուհետեւ նա երիտասարդական միությունից պահանջեց համագումարից հետո մշակել եւ ՕԵԿ քաղաքական ղեկավարությանը ներկայացնել հստակ ռազմավարություն, իրենց մոտեցումներն ու պատկերացումները նախընտրական ծրագրի շուրջ: Ի դեպ, Արթուր Բաղդասարյանը նաեւ ՕԵԿ երիտասարդներին տեղեկացրեց, որ «առաջիկայում ՕԵԿ պատգամավորական ցուցակներում որպես ապագա ԱԺ պատգամավորներ կընտրվեն երիտասարդ մարդիկ: Մարդիկ, ովքեր ունեն նոր մոտեցումներ, պայքարի ոգի եւ պատրաստ են պայքարելու լավ Հայաստան ունենալու համար: Գիտենք, ոչ ոք չի կարող մեզ հանդիմանել մեր Հայրենիքի լավը ցանկանալու համար: Այո, նախապատվությունը պետք է տրվի մարդու գլխի պարունակությանը, ոչ թե նրա ծնողի գրպանի պարունակությանը»,- ասաց Ա. Բաղդասարյանը: Իսկ Հեղինե Բիշարյանը երեկ կուսակցության երիտասարդների հետ կիսվեց որպես մայր, ով չի ցանկանում, որ իր երեխաներն ապրեն ցածր թոշակ տվող իշխանությունների երկրում:
«10 տարիների քաղաքական պատմության մեջ ՕԵԿ-ն անցել է մաքառումների, ազնվության, արդարության ճանապարհ: Ես կարծում եմ, դուք ունեք շատ բարձր ճաշակ եւ ճիշտ եք կայացրել ձեր որոշումը՝ լինելով ՕԵԿ-ում: Դուք քայլում եք մի կուսակցության շարքերում, որի ղեկավարը նույնպես երիտասարդ է, բայց բազմափորձ եւ լուրջ գիտակ քաղաքական գործում: Եվ կարծում եմ, դուք վստահում եք մեզ»,- գովաբանելով ՕԵԿ-ին ու մասնավորապես Արթուր Բաղդասարյանին, ասաց Հ. Բիշարյանը:
Բավական ուշագրավ էր նաեւ ՕԵԿ երիտասարդական միության ղեկավար Սամվել Ֆարմանյանի ելույթը: Նա խոսում էր ճիշտ նույն առոգանությամբ, շեշտադրումներով, ժեստերով, ինչպես Արթուր Բաղդասարյանը, գրեթե ոչ մի տարբերություն: Նրանք նույնն են նաեւ բառապաշարի իմաստով: «ՕԵԿ հայտնի տարաձայնությունների պատճառով կոալիցիայի կազմից դուրս գալուց հետո կուսակցության շարքերը համալրվել են տասնյակ հազարավոր անդամներով, եւ համալրողների մեծ մասը եղել են երիտասարդներ»,- ասաց Ս. Ֆարմանյանը՝ անդրադառնալով ծնելիության մակարդակին, բնակարանային խնդիրներին, տարբեր տեսլականներին եւ այլն: Մի խոսքով, այն ամենին, ինչի մասին սիրում է շատ հաճախ խոսել Ա. Բաղդասարյանը: Համոզվելու համար, որ երիտասարդ ՕԵԿ-ականը ցանկանում է նմանվել Ա. Բաղդասարյանին, Ս. Ֆարմանյանի ելույթից մեջբերենք մեկ այլ հատված. «Լավ, ինչքա՞ն կարելի է հանդուրժել ռացիոնալի եւ իռացիոնալի սահմաններում անվերջ դեգերող եւ ԽՍՀՄ լճացման տարիները խորհրդանշող առանձին քաղաքական պատվիրակների, առեւտրականների եւ Հանրային հեռուստաընկերության եւ այլ եթերում մեզ ամենօրյա պարտադրումը: Գործիչներ, ովքեր տարիների ընթացքում այդպես էլ չեն կարողանում տարբերակել երկու տարրական բառերի իմաստային տարբերությունները»: Կամ՝ «Իրականում հենց մեր՝ երիտասարդների ապագայի տեսլականն ու որպիսությունը կանխորոշող այնպիսի աղաղակող անարդարությունների եւ դեպքերի, ինչպիսիք 2006թ. ընթացքում ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ տեղ գտած բռնություններն ու սպառնալիքների դեպքերն էին, մենք բազմիցս ենք անդրադարձել»: Նկատենք, որ երիտասարդ ՕԵԿ-ականը նույնպես, ինչպես ավագ ՕԵԿ-ական Արթուր Բաղդասարյանը, չանդրադարձավ ապրիլի 12-ի դեպքերին, ու չնշեց, թե, ասենք, ինչու իրենք այդ ժամանակ չեն արձագանքել ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ տեղի ունեցած բռնություններին:
Ինչեւէ, այնուհետեւ ՕԵԿ Երիտասարդական միության նախագահն արձագանքելով Արթուր Բաղդասարյանի ելույթին՝ ընտրությունների ժամանակ իրենց մասնակցության վերաբերյալ ասաց. «Անշուշտ, Երիտասարդական միության ամբողջ ջանքերն առաջիկայում ուղղված են լինելու համապետական ընտրություններում ՕԵԿ հաղթանակի ապահովմանը: Մենք լրջագույն ներգրավում եւ մասնակցություն ենք ունենալու ընտրական բոլոր գործընթացներում, այդ թվում նաեւ` քարոզչական-գաղափարական աշխատանքներում: Պատվիրակներից շատերը, որպես վստահված անձինք, հանձնաժողովի անդամներ աննահանջ կլինեն՝ տեր կանգնելու ՕԵԿ-ին տրված յուրաքանչյուր քվեի եւ ընտրական գործընթացների օրինականության պահպանմանը… Սիրելի պատվիրակներ, հայտնի է, որ աշխարհում երբեք այդքան ոգեւորված չեն ապրում, որքան խնջույքների, որսի եւ ընտրությունների ժամանակ: Ուրեմն՝ մեզանից ինչպիսի մեծ նվիրում ու կամք է պահանջվում, խնջույքների ու որսի անվերջ սիրահար, ընտրություններին պատրաստվող զանազան կեղծարարների ու թվանկարչության սիրահարների անզուսպ եւ չարամիտ մղումները հակակշռելու համար: Նախընտրական ժամանակահատվածում, երբ, ըստ էության, կարելի է ակնկալել ամեն ինչ, մենք՝ երիտասարդներս, նույնիսկ իրական բարեգործության դիմաց չպետք է ապագայի մեր բանալիները զիջենք եւ ոչ մեկի՝ հասկանալով, որ այդ բանալիները զիջելու պարագայում մեր ապագան մեր ձեռքից պարզապես խլվելու է, եւ այն լինելու է մի խումբ արտոնյալների եւ նրանց զավակների ապագան»:
Իսկ Մհեր Շահգելդյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, ասաց, որ իրենք դեռեւս չեն որոշել, թե ինչ ձեւաչափով են մասնակցելու ընտրություններին, սակայն, նրա հավաստմամբ, ընտրական գործընթացում խախտումների ու կեղծիքների դեմ պայքարելու համար անհրաժեշտ է լինելու քաղաքական ուժերի համադրություն:
«Շատ կարեւոր է, որ ընտրության արդարության եւ օրինականության մասին խոսող յուրաքանչյուր քաղաքական ուժի ներկայացուցիչ ընտրական հանձնաժողովում գործով ցույց տա, որ պատրաստ է ընտրական հանձնաժողովներում մինչեւ վերջ պայքարել կեղծիքների դեմ: Մենք մի շարք անգամներ ասել ենք, որ եթե Հայաստանում լինեն զանգվածային ընտրակեղծիքներ, ապա կլինեն կոնֆլիկտներ, կլինեն լուրջ հիմնախնդիրներ հասարակության ներսում: Ինչպիսի՞ն կլինի` ես դժվարանում եմ այսօր ասել, սակայն այն, որ կլինեն լուրջ կոնֆլիկտային իրադարձություններ, Հայաստանը պրոբլեմներ կունենա թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում. դա հստակ է»:
Ի դեպ, Ա. Բաղդասարյանի հավաստմամբ, ՕԵԿ համագումարը տեղի կունենա փետրվարի կեսերին, իսկ կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանն էլ տեղեկացրել է, թե ինչ սկզբունքով է ձեւավորվելու ՕԵԿ համամասնական ցուցակը: «Այստեղ հիերարխիա չկա, կան մի շարք հատկանիշներ, որ, մեր խորին համոզմամբ` անհրաժեշտ են լինելու ցուցակում գտնվելու եւ քաղաքական գործունեությամբ, խորհրդարանական գործունեությամբ զբաղվելու համար»,- երեկ ասաց նա՝ վստահեցնելով, թե ՕԵԿ ցուցակում այս անգամ չեն լինի այնպիսի մարդիկ, ովքեր ինչ-որ պահի կլքեն կուսակցության շարքերը, ինչպես նախորդ անգամ էր:
Փաստորեն, քանի որ երաշխիք չկա, թե որեւէ մեկն այդպես չի վարվի, այս անգամ ՕԵԿ-ը որոշել է ցուցակում ընդգրկել նաեւ երիտասարդ ՕԵԿ-ականների՝ ցույց տալով, թե ինքը որքան տեղ է տալիս երիտասարդներին ու նրանց բնարակարաններով ապահովելու խնդրին:
Հ.Գ. Ս. Ֆարմանյանը երեկ թվարկեց նաեւ այն հաջողությունները, որոնք ունեցել են երիտասարդ ՕԵԿ-ականները. նրանք հաջողությամբ պաշտպանել են թեկնածուական ատենախոսությունները, հաղթող են ճանաչվել միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպվող գրանտային մի շարք մրցույթներում: