Հարցին, թե Հայաստանի իշխանությունները կկարողանա՞ն որեւէ ազդեցություն ունենալ «Ղարաբաղ-Տելեկոմի» գնային քաղաքականության վրա, ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը պատասխանեց. «Քանի որ այն բջջային կապի օպերատոր է, մենք չենք կարող սակագները հաստատել: Դա կարող էր լինել միայն այն պարագայում, երբ մենաշնորհային դրույթներով նրանց տրված լիներ: «ԱրմենՏելի» լարային հեռախոսակապի, ինտերնետային կամ IP ծառայության սակագները նախարարությունն է հաստատում: Բայց բջջային կապի պարագայում կարգավորողը կարող է միայն տնտեսական հիմնավորումներ պահանջել նրանց ներկայացրած սակագների վերաբերյալ եւ, եթե ողջամիտ են` համաձայնել»: Ա. Մանուկյանը վստահ է, որ «Ղ-Տելեկոմի» եւ «ԱրմենՏելի» միջեւ լուրջ մրցակցություն է սկսվելու, եւ «ով լավ որակի կապ ու ցածր գներ ապահովի, բաժանորդները նրա մոտ կգնան»: Նախարարը դեռեւս տեղյակ չէ, թե ինչ գներ է առաջարկելու «Ղ-Տելեկոմը», սակայն տեղեկացրեց, որ «Ղ-Տելեկոմի» ղեկավարության հետ ունեցած իր մասնավոր զրույցներից հասկացել է, որ նրանք մտադիր են ավելի ցածր գներ առաջարկել: