Երեկ ՕԵԿ կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանն ասել է, թե ՕԵԿ-ն ԱԺ ընտրության իր ձեւաչափի մասին որոշումը կայացնելու է տարածքային կազմակերպությունների եզրակացությունների ու տեսակետների հիման վրա: Ուստի դեռեւս պարզ չէ` ՕԵԿ-ը դաշինքո՞վ է մասնակցելու, թե՞ առանձին: Իսկ մինչ այդ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը մամուլում հայտարարել էր, թե ընդդիմադիր գրեթե բոլոր կուսակցություններն ուզում են ՕԵԿ-ի հետ դաշինք կազմել, սակայն իրենք դեռեւս որոշում չեն կայացրել: Ա. Բաղդասարյանը, սակայն, հրաժարվել էր թվարկել այն ուժերին, ովքեր շա՜տ են ուզում իրենց հետ միավորվել ու սպասում են իրենց որոշմանը: «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցից հետաքրքրվեցինք՝ իրենք նման ցանկություն հայտնե՞լ են ՕԵԿ-ին, ինչին ի պատասխան, նա ասաց. «Ոչ, մենք որեւէ կուսակցության հետ ինքնանպատակ միավորվելու ցանկություն չենք հայտնել: Կոնկրետ «Հանրապետություն» կուսակցությունն ընդդիմադիր դաշտը վերամիավորելու մասին իր առաջարկությունն արել է հրապարակային՝ առաջարկելով 41 ընտրատարածքներում ունենալ ընդդիմության միասնական թեկնածուներ: Երբ խոսում ենք ընդդիմության միասնության մասին, մենք դա պատկերացնում ենք, որ կուսակցությունները պետք է ընդհանուր հայտարարի գան հենց այս գաղափարի շուրջ: Այսինքն՝ մենք միավորումների մասին մեր առաջարկն արել ենք հրապարակային, եւ եթե լինեն ընդդիմադիրներ, որոնք կկիսեն մեր այս առաջարկը, մենք կհամագործակցենք նրանց հետ: Պարտադիր չէ` դաշինքի տեսքով: Իսկ եթե չկիսեն մեր առաջարկը, բնականաբար, համագործակցության եզրեր չեն լինի: Կրկնում եմ, մենք արել ենք մեր հրապարակային առաջարկը, եւ մյուսների առաջարկից է կախված, թե ինչպիսի համագործակցություն կլինի»: