«Բետեերները»` Ղարաբաղից

03/02/2007

Նորից սկսվեց ընտրական քարոզարշավը: Ամբողջ քաղաքով մեկ տասնյակ կուսակցությունների աշխատակիցներ արշավում են բնակչության վրա: Օրվա մեջ մի քանի անգամ թակում են դուռը եւ տարբեր կուսակցության աշխատակիցներ ներկայացնում են իրենց կուսակցության ծրագրերը եւ ցանկանում են անդամագրել իրենց կուսակցության մեջ: Արդեն հոգնել ենք այս ցուրտ ձմռանը դուռը բացելով եւ փակելով: Բնական է, որ յուրաքանչյուր մարդ համակրում է ինչ-որ կուսակցության եւ անդամագրվում է: Մեր շենքի բնակիչներից շատերը համակրում են «Դաշինք» կուսակցությանը: Սակայն ինչքա՞ն կարելի է հանդուրժել այդ նույն հարցը. «Դուք «Դաշինք» կուսակցության համակի՞ր եք, թե՞ ոչ»:

Ամեն երեկո մի կին թակում է դուռը եւ այդ հարցը տալիս՝ ասելով, որ ուզում է համոզվել իր աշխատակիցների բերած ցուցակների իսկության վրա: Հետաքրքրվեցի եւ պարզվեց, որ այդ կինը Ղարաբաղյան պատերազմի մասնակից է. այսպես ասած` «բետեերներից» է: Հետաքրքիր է, նման «բետեերները» ամբողջ հանրապետության տարածքո՞վ են գրոհում: Հետաքրքիր է իմանալ, այդ կինը ընտանիք եւ երեխաներ չունի՞, որ այդ ժամին, մենակ, դուռ առ դուռ թակելով` այդ հարցն է տալիս: Մեր այն հարցին, թե նրան կատարած աշխատանքի համար վճարո՞ւմ են, թե՞ ոչ, նա ժպտալով պատասխանեց. «Անում եմ մեր ազգի հերոսի համար»:

Ինչքանով ինձ հայտնի է, որոշ կուսակցություններ նման աշխատանք տանելու համար վարձատրվում են: Զարմանալի է, մի՞թե կան այդպիսի մարդիկ:

Մենք հոգնել ենք արդեն նման այցերից: Ժողովուրդը կանի իր ընտրությունը:

Հերացի փողոցի 24 շենքի մի խումբ բնակիչներ