Զուտ հայկական ֆենոմեն

03/02/2007 Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Ընդդիմությունը համոզված է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններն անպայման կեղծվելու են: Իշխանությունները, հակառակը, վստահեցնում են, որ այս անգամ անելու են ամեն ինչ, որպեսզի ընտրություններն անցնեն առանց կեղծիքների: ՈՒշադրություն դարձրեք «այս անգամ» բառերի վրա. ստացվում է, որ նրանք ընդունում են նախորդ ընտրությունների կեղծված լինելու փաստը, մինչդեռ այդ ընտրություններից հետո հայտարարում էին, թե ամեն ինչ նորմալ է եղել: Բայց տվյալ դեպքում սա էական չէ:

Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում բոլորն ազատ-արդար-թափանցիկ ընտրություններ են ուզում, բայց միշտ որտեղից որտեղ ինչ-որ մութ ուժեր են հայտնվում, արագ-արագ կեղծում ընտրությունները եւ անհետանում: Եթե գյուղացին իր արտի մեջ կանգնած նայում է երկնքին, ծոծրակը քորում ու մտածում` «տեսնես կարկուտ կգա՞, թե՞ չէ», դա հասկանալի է, որովհետեւ անձամբ ինքն այդ երեւույթի վրա որեւէ կերպ ազդել չի կարող: Բայց երբ իշխող քաղաքական ուժերն են սկսում ենթադրություններ անել` «տեսնես այս անգամ կեղծիքներ կլինե՞ն, թե՞ ոչ», դա, մեղմ ասած, մի քիչ տարօրինակ է: Որովհետեւ կարկուտն, ինչպես հայտնի է, բնական երեւույթ է, մինչդեռ մարդկությանը հայտնի չէ գոնե մի դեպք, երբ որեւէ երկրում ընտրություններն իրենք իրենց կեղծվեն:

Վազգեն Մանուկյանն էլ նեղսրտում է, որ ՀՀԿ նախընտրական շտաբի պետը Հովիկ Աբրահամյանն է, ու տարակուսում է` «ախր նա ամենամեծ ընտրակեղծարարն է»: Բայց ի՞նչ կա այստեղ տարակուսելու: Ֆուտբոլային թիմի մարզիչի պաշտոնը ոչ մեկը պանրագործի կամ ֆոտոմոդելի չի վստահի. կվստահեն նրան, ով ֆուտբոլի մասնագետ է: Այնպես որ, ՀՀԿ-ն ճիշտ ընտրություն է կատարել: Բայց սա, իհարկե, չի նշանակում թե միայն ՀՀԿ-ն է կեղծելու ընտրությունները: Ովքեր հնարավորություն ունենան` կեղծելու են: Նայած, թե ինչքան թույլ կտան, նայած, թե «մարզիչն» ով կլինի, եւ այլն:

Իսկ գուցե այս ամենն ընդամենը «չարացած եւ թունավոր» ընդդիմության հերթական զրպարտությո՞ւնն է: Գուցե ընտրություններն իսկապե՞ս անցնելու են «առանց էական խախտումների», եւ արձանագրվելու են միայն «առանձին բացասական երեւույթներ, որոնք, սակայն, չեն անդրադառնալու ընդհանուր պատկերի վրա»: Իշխանություններն արդեն այսօրվանից հենց այս տարբերակն են նախապատրաստում` ամեն առիթով հայտարարելով, թե ցանկացած երկրում ընտրությունների ժամանակ խախտումներ լինում են, եւ Հայաստանը չի կարող բացառություն լինել…

Փորձենք հասկանալ: Հայաստանում մի քանի հազար ընտրատեղամաս կա: Պատկերացնենք այսպիսի իրավիճակ. ամեն ընտրատեղամասում կա միայն մի «կեղծարար», իսկ մյուսները բյուրեղյա ազնվության տեր անձինք են: Այդ մի հոգին կկարողանա՞ կեղծել տեղամասի արդյունքները: Ոչ, չի կարողանա, հետեւաբար` ամեն տեղամասում գոնե 3-4 կեղծարարներ պիտի լինեն: Այսինքն` ամբողջ հանրապետությունում առնվազն 10 հազար մարդ պիտի լծվի այդ գործին: Բայց պատկերացրեք` ամեն հանձնաժողովում 3-4 կեղծարար կա, իսկ դիտորդներն ու ոստիկանները բյուրեղյա ազնվության տեր անձինք են… Չէ, էլի չստացվեց: Առանց «կողքից աջակցության» համատարած կեղծիքներ իրականացնել հնարավոր չի լինի: ՈՒրեմն` ամբողջ հանրապետությունով մեկ գոնե մի 20 հազար մարդ պիտի մասնակցի այդ գործին:

Հիմա խնդրին նայենք ազգային անվտանգության տեսանկյունից: Երբ հանրապետությունում մի 50 հոգով հավաքվում եւ որեւէ «հանցավոր ծրագիր» են քննարկում (ասենք` պետականության հիմքերը խարխլելու), իրավապահներն ու հատուկ ծառայություններն իսկույն «օպերատիվ միջոցառումներ» են իրականացնում: Իսկ երբ հանրապետության ողջ տարածքում գործում է առնվազն 20 հազար հոգուց կազմված հանցախումբ (եթե չենք սխալվում, ընտրություններ կեղծելը հանցագործություն է համարվում), այդ նույն կառույցները ոչնչից տեղյակ չեն:

Իսկ գուցե այդ 20 հազար հոգին գործում են անկազմակե՞րպ: Հազիվ թե: Առանց կենտրոնացված կազմակերպման հնարավոր չէր լինի այդպիսի հսկայածավալ աշխատանք կատարել: Հետեւաբար, վերոհիշյալ հանցախումբը նաեւ լավ կազմակերպված է: Այսինքն, կա որոշակի աստիճանակարգ, աշխատանքի բաժանում, ֆինանսավորում, եւ այլն:

Իսկ հիմա մի պահ ենթադրենք, թե այս ամենը գոյություն չունի, եւ ընտրություններն իսկապես ընթանում են շատ ազնիվ` «առանձին թերություններով»: Եթե միջազգային դիտորդների փոքրաթիվ խմբերը հաջողացնում են տեսնել այդ «առանձին թերությունները», ուրեմն դրանք այնուամենայնիվ բավականին շատ են: Ասենք` 100 դեպք ամբողջ հանրապետության տարածքում: Ենթադրենք, 100 տեղամասերում 10-ական ձայն է կեղծվել: Չնչին թիվ է եւ ընտրությունների վերջնական պատկերի վրա չի ազդում, բայց ամեն դեպքում` 100 հանցագործություն է տեղի ունեցել: Իսկ վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում կատարված հանցագործությունների մոտ 60 տոկոսը բացահայտվում է: Հետեւաբար` 100 մեղավորներից գոնե 60-ը պիտի պատժվեին: Իսկ քանի՞սն են պատժվել նախորդ ընտրություններից հետո: Ճիշտ է. ոչ մեկը: Այլ կերպ ասած, Հայաստանում «ընտրակեղծիք» հանցատեսակի բացահայտելիության գործակիցը 0 տոկոս է: Մի քիչ զարմանալի չէ՞ այն երկրի համար, որտեղ նույնիսկ իշխանություններն են ընդունում «առանձին միջադեպերի» առկայությունը:

Եվ այնուամենայնիվ, մի հարցում կարելի է վստահ լինել: Առաջիկա ընտրություններն իսկապես «մի քայլ առաջ» են լինելու, որովհետեւ բարձր տեխնոլոգիաներ են կիրառվելու: Այսպես թե այնպես, կամաց-կամաց բռնցքամարտիկներն իրենց տեղը զիջելու են համակարգչային մասնագետներին, իսկ դա եւս մեկ քայլ է դեպի Եվրոպա: Ի դեպ, հետաքրքիր է, աշխարհում կա՞ ուրիշ երկիր, որտեղ ընտրակեղծարարների ինտելեկտուալ մակարդակն աստիճանաբար բարձրանում է, իսկ այդ կեղծիքների արդյունքում ընտրված խորհրդարանի ինտելեկտուալ մակարդակը` նվազում: Թե՞ սա զուտ հայկական ֆենոմեն է: