Այրվածքային վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր Նորայր Դավիդյանը 2003թ. հունիսից մինչ օրս ՀՀ Առողջապահության նախարարն է: Թեեւ Ն. Դավիդյանը միշտ գերազանց գնահատականներով է սովորել դպրոցական, ապա Բժշկական ինստիտուտում ուսանելու տարիներին, ու ներկայումս նրա ղեկավարած համակարգում ընթանում են լայնածավալ բարեփոխումներ, արդեն մի քանի տարի շարունակ, ԱՆ տարեկան հաշվետվության ժամանակ, առողջապահության ոլորտն արժանանում է բավարար գնահատականի: Համաձա՞յն է արդյոք նախարարը գործունեության գնահատման թվանշանային մեխանիզմին, թե՞ ոչ՝ այդքան էլ պարզ չէ:
– Եթե մայիսին տեղի ունեցող խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Դաշնակցությունը» չկարողանա քաղաքական մեծամասնություն կազմել, այս պաշտոնում ո՞ւմ կցանկանայիք տեսնել: Կամ եթե ՀՅԴ-ն քաղաքական կոալիցիայի մաս կազմի, Ձեզ նորից կվստահվի՞ ԱՆ համակարգը:
– Կոալիցիոն կառավարությունով եւ իմ կուսակցությունով (գաղտնիք չէ, որ սա կուսակցական պորտֆել է), առաջարկված նախարարական պորտֆելի ժամանակ ես փորձել եմ իրագործել կառավարության մաս կազմող կուսակցության դիրքորոշումը: Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա վստահ եմ, որ «Դաշնակցությունն» իր ուրույն տեղը կունենա խորհրդարանում: Եթե կուսակցությունը կոալիցիայի մաս կազմի, եւ առողջապահության պորտֆելը նորից վերապահվի ՀՅԴ-ին, ապա կուսակցությունն ինքը կորոշի` թողնե՞լ Դավիդյանին, թե՞ ոչ: Ես այստեղ ոչ մի սարսափելի բան չեմ տեսնում: Ես բժիշկ եմ, միշտ աշխատել եմ այդ մասնագիտությամբ եւ երբեք կախվածության մեջ չեմ եղել իմ զբաղեցրած պաշտոնից: Հանրապետությունում շատ արժանի բժիշկներ կան, որոնց կարելի է վստահել առողջապահության նախարարի պաշտոնը:
– Ձեր կարծիքով, առողջապահությունը ե՞րբ է արդյունավետ՝ վճարո՞վի համակարգի, թե՞ անվճարի դեպքում:
– Առողջապահության համակարգում երկուստեք պետք է գործեն եւ՛ պետական, եւ՛ սեփական հաստատությունները: Մասնավոր բուժհաստատությունները գործում են համապատասխան մեր խորհուրդների: Ես երկուսի կողմնակիցն եմ:
– Մասնավորներն ունեւոր խավի համար են:
– Ես այդպես չեմ կարծում, մեր բոլոր մասնավոր կլինիկաներում տեղադրված է պետպատվեր՝ սոցիալապես անապահով ազգաբնակչության համար: Մենք պետք է անենք հնարավորին ամեն ինչ, որպեսզի բժշկական ծառայության մակարդակը եւ պետական, եւ մասնավոր բուժհաստատություններում միմյանց չզիջի:
– Մոտեցանք պետպատվերի թեմային, որը թեեւ ԶԼՄ-ով շատ չարչրկված թեմա է, սակայն չանդրադառնալ չենք կարող: Դժգոհությունները շատ են այս բնագավառից: Հնարավոր չէ՞ առողջապահության բյուջեի տարեկան հավելումները (տարեկան 20-25 տոկոս) եւ պետպատվերի որակն ապահովելու համար միջոցներն ուղղել միայն մի ոլորտի, ասենք՝ ծննդօգնությանը:
– Իսկ ինչո՞ւ ծննդօգնությանը, այլ ոչ թե ինֆեկցիոն կլինիկաներին կամ վիրաբուժական բլոկին: Դա ճիշտ մոտեցում չէ, չի կարելի մի ուղղություն ընտրել եւ այն զարգացնել: Բժշկությունը փոխկապակցված կառույց է: Ֆինանսական միջոցների բաշխումը պետք է համամասնորեն կատարել: Առավելեւս, որ մեզանում մեծ թափով զարգանում են սրտանոթային, ուռոլոգիական, վերականգնողական ուղղությունները: Պետք չէ միայն կենտրոնանալ մեկ ուղղությամբ, մենք գործ ունենք հիվանդների հետ:
– Ո՞րն է համակարգի թիվ մեկ խնդիրը:
– Առողջապահությունը այն ոլորտն է, որտեղ միշտ ֆինանսավորումը չի բավականացնում: Թեեւ, պետք է նշեմ, 2002 թվականից մեր բյուջեն աճել է 3-4 անգամ, մեզ մոտ ֆինանսավորման ուշացումներ չեն եղել: Առողջապահության բյուջեն անընդհատ աճում է, անցյալ տարի 1 մլրդ դրամ է հատկացվել հաստատությունների վերանորոգման աշխատանքներին՝ հիմնականում մարզերում: Մենք արդեն երրորդ տարին է, ինչ գնում ենք նորագույն բուժսարքավորումներ, որոնց 80-90 %-ն ուղղվում են դեպի մարզեր:
– Ինչպե՞ս է լուծվելու մարզերում բժիշկ մասնագետների թափուր տեղերի հարցը:
– Ճիշտն ասած, ես կողմնակից եմ այն համակարգին, որը գոյություն ուներ խորհրդային տարիներին: Այն բժիշկները, որոնք մեկնում են մարզեր, ավելի որակյալ մասնագետներ են դառնում: Միգուցե դա հակասում է մարդու իրավունքներին, բայց այն ուսանողը, որը սովորել է պետպատվերի շրջանակներում, թերեւս պետք է մեկնի աշխատելու մարզերում: Համենայնդեպս, ձեռնարկվում է բոլոր իմպերատիվ, խթանող պայմանների ստեղծումը. առաջին հերթին նախատեսում ենք աշխատավարձերի բարձրացում: Հեռավոր մարզերի մարզպետների հետ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բժիշկներին ապահովել բնակարաններով: Արդեն կան ցանկացողներ՝ մեկնելու եւ աշխատելու մարզերում: Առողջապահության նախարարությանը դիմում են ոչ միայն պահանջներով, այլեւ առաջարկներով՝ ոչ միայն բժիշկներ, նաեւ հիվանդներ, քաղաքացիներ: Պետք է նշեմ, որ անցած տարի 4 հազարից ավելի ընդունելություններ են եղել: Նախարարությունում գործող «թեժ գծով» զանգահարողների հետաքրքրությունների շրջանակը հիմնականում մնում են բուժական գծով հարցերը: Առաջներում եթե մարդիկ դժգոհում էին, որ ընդհանրապես դեղորայք չկա, ապա այսօր այլեւս նման խնդիր չկա:
– Ասում են, որ քաղաքացիները դեղորայքի եւ պետությունից հատկացվող բուժօգնության հարցերում շատ պահանջատեր են դարձել:
– Դա շատ լավ է: Ես դրան դեմ չեմ: Ամեն ինչ իրենց համար է արվում, բայց մենք նրանց բացատրում ենք, որ կան դեղեր, որ մենք, այնուամենայնիվ, չունենք:
– Անցյալ տարի ինսուլինի բաշխման ժամանակ ուշացումներ եղան, ինչի՞ հետ էր դա կապված:
– Այո, մի փոքր ուշացում եղավ, բայց արդյունքում ոչ մի հիվանդ չի տուժել դրանից: Դա հստակ ձեւավորված համակարգ է, վերջին երեք տարիների ընթացքում ինսուլինների հետ կապված խնդիրներ չենք ունեցել, եւ կարծում եմ, որ ապագայում էլ չենք ունենա: Արդեն երկու տարի է, ինչ մենք հիվանդներին միայն մարդկային ինսուլին ենք հատկացնում: Ճիշտ է, դա ավելի թանկ է, բայց մարդկանց առողջությունն ավելի թանկ է: Եվ արդեն երրորդ տարին է, ինչ հնարավոր է լինում հարյուր տոկոսով ապահովել ինսուլինի պահանջարկը: Պետք է ավելացնեմ, որ ժողովրդի իրազեկումն ավելացել է: 2006 թվին առաջին անգամ բյուջեով 25 մլն դրամ է հատկացվել համակարգի լուսաբանման աշխատանքներին: Ինձ թվում է, որ մարդիկ պետք է տեղեկացված լինեն, այդ թվում` նաեւ այն մասին, որ պետությունն անում է հնարավորին ամեն ինչ նրանց առողջության պահպանման համար: Փաստորեն, անցյալ տարի պոլիկլինիկական բուժօգնությունը դարձավ անվճար: Պոպուլիզմ են այն որակում, թե ոչ` կարեւոր չէ: Դրանով մենք նաեւ տնտեսում ենք գումարներ՝ ախտորոշելով հիվանդությունները նախնական փուլում:
– Որքան էլ ախտորոշումն անվճար լինի, հիմնական բուժումը ենթադրվում է պոլիկլինիկայից դուրս:
– Առաջնային բուժօգնությունը դարձել է անվճար, եւ մարդիկ ավելի հանգիստ եւ հեշտ են հաճախում պոլիկլինիկաներ: Նախնական տվյալներով, 2006թ. հաճախումներն աճել են 30-40 տոկոսով: Իհարկե, կան խնդիրներ, դժգոհություններ, նաեւ վատ նախատրամադրվածություն կա որոշ բուժաշխատողների նկատմամբ, չէ՞ որ դա մարդկանց վիթխարի մեծ բանակ է: Ի սեր Աստծո, ես հեռու եմ բոլոր բուժաշխատողներին իդեալականացնելու մտքից: Սակայն դրանք ընդամենը մանրուքներ են այն աշխատանքների եւ ձեռքբերումների համեմատ, որ առկա է առողջապահության համակարգում. մեզ մոտ մահացության ցուցանիշը նվազել է, ծնելիությանն աճել է, որն, իհարկե, ոչ միայն առողջապահության զարգացման ցուցանիշ է, այլեւ՝ երկրի ընդհանուր սոցիալ-տնտեսական զարգացածության:
– Բայց, պարոն նախարար, Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2006թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին հանրապետությունում մահացության գործակիցն աճել է 0,3 պրոմիլով:
– 2006 թվին մահացությունների թիվն իջել է, մենք ԱՊՀ-ում միակ երկիրն ենք, որն անցել է մանկական մահացության հաշվառման միջազգային ստանդարտներին: Օրինակ, նախկինում մինչեւ 7 օրական երեխաների մահը մանկական մահացություն չէր համարվում, ինչը նաեւ արտացոլվել է ընդհանուր մահացության գործակցում: Ելնելով ԱՀԿ-ի պահանջներից, մայրական մահացության գործակիցը հաշվարկվում է 3 տարվա կտրվածքով, այսինքն՝ 100 հազար կենդանածնի հաշվարկով: Այն երկրներում, որտեղ բնակչությունը 5 մլն-ից պակաս է, վիճակագրական ցուցանիշները որոշվում են երեք տարվա հաշվետվությունների հիման վրա:
– Դուք անցյալ տարի նշել էիք, որ հանրապետությունում առկա է 100-150 տոննա ժամկետանց դեղորայք, ինչը կուտակվել է հիմնականում հումանիտար ճանապարհով: Մեզ հայտնի է, որ դեռեւս 1996-ից կառավարության որոշման համաձայն, հանձնարարված է եղել Բնապահպանության նախարարությանը եւ Առողջապահության նախարարությանը՝ այդ հարցը կարգավորել: Դեղորայքի ոչնչացման համար գոյություն ունեն ոչ ծախսատար մեթոդներ, ինչո՞ւ է այդ գործընթացն այդքան ձգձգվում:
– Բնապահպանության նախարարության հետ համատեղ այդ հարցը ենթակա է լուծման, այն լուրջ էկոլոգիական խնդիր է: Խորհրդային տարիներին դեղորայքն ուղղակի այրում էին, որի իրավունքը հիմա չունենք: Ժամկետանց դեղորայքը հիմնականում կուտակվել է 1988թ. երկրաշարժից հետո: Վերջին մի քանի տարիների ընթացքում որեւէ հին դեղ Հայաստան չի ներկրվել: Այո, այդ խնդիրը կա, որն այս տարի կլուծվի ԲՆ-ի հետ համատեղ: Դրանք պետք է այրել հատուկ վառարաններում՝ շատ բարձր ջերմաստիճանի տակ:
– Առաջարկ էր եղել դեղորայքն այրել ցեմենտի եւ գաջի գործարանների վառարաններում:
– Այո, բայց մենք նրանց չենք կարող պարտադրել: Դրանք քիմիական բաղադրություններ են, ապակյա սրվակներն ու պոլիէթիլենային փաթեթները կարող են վնասել վառարանները: Հայաստանում դիակիզարաններ չկան, եթե ունենայինք, ապա այդ հարցն ավելի արագ կհարթվեր: Երեւանի չորսբոլորը գերեզմանոցներ են: Վաղ թե ուշ դիակիզարաններ կստեղծվեն, մենք կհետեւենք եվրոպական երկրների օրինակին: Որքան էլ ազգային մենթալիտետը խոչընդոտի, դիակիզումը ճիշտ տարբերակ է՝ եւ՛ էկոլոգիական, եւ՛ բարոյահոգեբանական տեսակետից: Իհարկե, ես չեմ կարող հակադրվել Քրիստոսի պատվիրաններին, դրանցից ամենակարեւորն ինձ համար «Մի դատիր, որ չդատվես» պատգամն է:
– Նախորդ տարվա սեպտեմբերին լրատվամիջոցներով լուրեր էին շրջանառվում, թե մորմոնների անդամ, ամերիկացի մեծահարուստ Ջոն Հանթսմանի կողմից առաջարկ է եղել Երեւանում հիմնել ուռուցքաբանության ժամանակակից կենտրոն: Որքանո՞վ են հիմնավորված այդ լուրերը: Չէ՞ որ մենք արդեն ունենք ՈՒռուցքաբանության ազգային կենտրոն:
– Այո, նրանց կողմից նման առաջարկ եղել է, միգուցե մոտակա ժամանակաշրջանում կկնքվի պայմանագիր եւ առանձին բազայի վրա կստեղծվի ուռուցքաբանության կենտրոն: Ամերիկացիներին զարմացրել էր այն փաստը, թե ինչպե՞ս կարելի է գերեզմանոցների դեմ-դիմաց հիվանդանոցներ ունենալ: Դա խորհրդային տարիներից մնացած ժառանգություն է, ու գործնականում ո՛չ հիվանդանոցները, ո՛չ էլ գերեզմանները հնարավոր չէ տեղաշարժել: Այն հիվանդների համար եւ հոգեբանորեն, եւ էսթետիկորեն նպաստավոր չէ:
– Դուք նշեցիք, որ կողմնակից եք դիակիզարանների ստեղծմանը, ինչը քաղաքակիրթ աշխարհում ընդունելի եղանակ է, սակայն՝ ոչ Հայաստանում: Որոշ երկրներում կիրառվում է նաեւ էվթանազիան՝ ծանր հիվանդների խնդրանքով նրանց մահվան արագացումը: Հայաստանում այն արգելված է եւ «Առողջապահության մասին» օրենքի նախագծով նույնպես արգելվելու է:
– Ես իբրեւ քրիստոնյա դեմ եմ էվթանազիային, որովհետեւ Աստծո կողմից տրված կյանքը չի կարելի վերցնել: Որքան էլ հիվանդի վիճակը լինի ծանրագույն, ես կատեգորիկ դեմ եմ, որպեսզի բժիշկները զբաղվեն հիվանդների սպանությամբ: Միգուցե շատերը կարծում են, որ դա մարդասիրական եղանակ է, սակայն, թեկուզ ցավի մեջ, մենք գործ ունենք մարդկային կյանքի հետ:
– Պարոն նախարար, մեզ հայտնի է, որ դուք ունեք արձանիկների մեծ հավաքածու: Կպատմե՞ք Ձեր այդ հոբբիի մասին:
– Ամբողջ կյանքում եղել եմ հավաքածուների սիրահար: Վաղ հասակում սիրել եմ լուցկու պիտակներ, հետո դրոշմանիշեր հավաքել: Իմ թուլություններից են եղել դրոշմանիշերն ու գրքերը: Իմ բնակարանում ունեմ մի անկյուն, որտեղ «բազմացնում» եմ մեծ քանակությամբ զինվորների արձանիկներ, հիմնականում դրանք 16-17-րդ դարերի ասպետների արձանիկներ են: Ինչ վերաբերում է արվեստին եւ գրականությանը, ինձ համար այն երեւի կենսակերպ է կամ էլ թուլություն: Ամեն մի մարդ ունի մի թուլություն: