Բեռլին, հունվարի 27: Թուրքիայի հյուպատոսարանի առջեւ հունվարի 27-ին տեղի ունեցավ ցույց, որը կազմակերպել էր Բեռլինի հայկական համայնքն` ի դեմս պատմական գիտությունների դոկտոր պրն Քոչարյանի եւ մարդու իրավունքների պաշտպան հայագետ Թեսսա Հոֆմանի: Ցույցին մասնակցում էին նաեւ Բեռլինի հունական համայնքը, Արամեների Դաշնությունը Գերմանիայում, Փոքր Ասիայում բնակվող հույների նկատմամբ Ցեղասպանության ճանաչման աշխատախումբը եւ մի շարք այլ միություններ:
«Հայ մարդուն Թուրքիայում սպանելը հեշտ մի բան է: Հրանտ Դինքին սպանել է մի անչափահաս հանուն թուրքության: Հրանտին սպանել են, որովհետեւ նա հայ լրագրող էր, որը պայքարում էր հայերի իրավունքների համար»,- ասում է Ելդա Օզքան իր ելույթում: Ելդան թուրք լրագրող է, որը ստիպված է եղել լքել Թուրքիան իր քաղաքական հայացքների պատճառով եւ այժմ փախստականի կարգավիճակով բնակվում է Գերմանիայում:
Հուզմունքից նրա ձեռքերը դողում են, իսկ ձայնն ավելի է բարձրանում: Յուրաքանչյուր բառ, որ նա արտասանում է, վկայում է այն մասին, որ նա լիովին տեղյակ է թուրքական իրականությունից: «Ռասիզմը Թուրքիայում մեծ տարածում ունի: Եթե ստում են, ապա ստում են մինչեւ վերջ: Ժխտում են ոչ միայն անցյալը, այլեւ այսօրվա իրականությունը: Ներքին գործերի նախարար Աբդուլկադիր Ակսուն, ԵՄ պատգամավոր Սեմ Օզդեմիրը եւ այլք ասում են, թե դա հարված է Թուրքիայի ժողովրդավարությանը: Կարելի է մտածել, թե Թուրքիայում երբեւէ ժողովրդավարություն է եղել: Հրանտին սպանեցին, որովհետեւ նա համարձակվեց խոսել հայոց ցեղասպանության մասին: Այդպիսի թրքությունն արժանի է իսկական հերյուրանքի եւ դա վաղուց»:
Թուրքական հյուպատոսարանի առջեւ հավաքված մարդկանցից յուրաքանչյուրն իր ձեռքում մի ցուցանակ է բռնել եւ Հրանտ Դինքի դիմանկարն է կրում կրծքին: Հյուպատոսարանից ոչ հեռու ոստիկաններ են կանգնած եւ հետեւում են կարգ ու կանոնի պահպանմանը: Բախումները Գերմանիայի հայ եւ թուրք բնակիչների միջեւ արտառոց երեւույթ չեն: Հատկապես մեծ է բախումների վտանգն ապրիլի 24-ին:
«Անցյալ տարի, ապրիլի 24-ին, երբ եկեղեցում պատարագ էր անցկացվում ի հիշատակ 1915 թվականի Եղեռնի զոհերի, թուրք երիտասարդների մի խումբ եկեղեցու դիմաց ցնծության գոռում-գոչումներ էր արձակում, ծափահարում եւ մեծարում Թալեաթ Փաշային»,- հիշում է Պոտսդամի համալսարանի ուսանող Աննան: Նա հայերեն է դասավանդում Գերմանիայում ծնված եւ մեծացած հայ երեխաներին, մասնակցում հայկական համայնքի գրեթե բոլոր միջոցառումներին:
Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց ելույթ ունեցավ նաեւ գերմանացի հայտնի գիտնական Թեսսա Հոֆմանը: Թեսսա Հոֆմանի հեղինակությամբ լույս է տեսել տասը գիրք` նվիրված Հայոց պատմությանն ու մշակույթին: «Հրանտ Դինքը ապրում էր մի երկրում, ուր ցեղասպանություն է կատարվել իր նախնիների նկատմամբ: Մենք` գերմանացիներս, գիտենք, թե որքան բարդ է հարաբերությունը երկու ժողովրդի միջեւ, որոնցից մեկը զոհի դերում է, իսկ մյուսը` հանցագործի: Սակայն Թուրքիայում չարվեց եւ ոչինչ մի քայլ հայերի վերքերը բուժելու ուղղությամբ: Ընդհակառակը»,- ասաց նա: Ինչպես Թեսսա Հոֆմանն է նշում, հայերն են, որ Թուրքիայում ստիպված են գլուխ խոնարհել, նրանք պատեհ թե անպատեհ մեղադրվում են Թուրքիային վնասելու, Թուրքիայի համբավը պղծելու մեջ: Այդ կարծիքին է թուրքերի մեծամասնությունը: Պատճառը նաեւ դպրոցական ծրագիրն է: Երեխաները մեծանում են Ազգի «վտանգված» պատիվը պաշտպանելու գաղափարով: Ահա սա է հնարավորին դարձնում նման սպանությունները՝ ասում է նա: Ցույցի կազմակերպիչ պատմաբան պրն Քոչարյանն իր ելույթում նշեց Թուրքիայի նկատմամբ պահանջները, որոնցից են` Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301 հոդվածի իսպառ վերացումը, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը, ազատ խոսքի երաշխավորումը եւ այլն:
Ելույթների վերջում հնչեցին հայ ժողովրդական երգեր, որից հետո ցուցարարները շարժվեցին դեպի Ալտ-Լիցով (Alt-Lietzow) Եկեղեցի` Հրանտ Դինքի հոգեհանգստի արարողությանը մասնակցելու:
«Իհարկե, Թուրքիան չի ճանաչի»,- ասում է ցուցարար Իլկնուրը: «Այնքան բան պետք է փոխհատուցի Թուրքիան հայերին, այնքան տարածքներ պետք է վերադարձվեն»,- ասում է թուրք ուսուցչուհին: Նա մեծացել է Թուրքիայի հայկական թաղամասում եւ ծանոթ է հայերի մշակույթին ու պատմությանը: «Իհարկե, Թուրքիան չի ընդունի հայոց ցեղասպանությունը, իսկ մնացածը՝ այդ սուտ գաղափարախոսությունը, հատուկ հորինված բաներ են»,- ասում է նա վրդովված եւ ցավով հավելում` «դեռ շատ ջրեր պետք է հոսեն…»: Դեռ շատ տարիներ պետք է անցնեն: