Ղարաբաղում գազի սակագնի վերանայման շուրջ խոսում են դեռեւս հունվարի սկզբներից, այն պահից, երբ ՀՀ-ում իջեցվեց սակագինը մինչեւ 59 դրամի: Ղարաբաղցիներից շատերը հույս ունեին, որ Հայաստանի օրինակին կհետեւեն Ղարաբաղի իշխանությունները: Իսկ հույսները, թերեւս, չէին կտրում այն պատճառով, որ բնակիչներից շատերի համար պարզապես այս շրջանում ձեռնտու կլիներ 1 խորանարդ մետրի դիմաց վճարել ոչ թե 65, այլ` 59 դրամ, հատկապես, որ ձմեռային շրջան է, եւ ղարաբաղցիներից շատերն իրենց տները բնական գազով են ջեռուցում:
Գազի սակագներում փոփոխություն չի մտցվել: Այս մասին օրերս հայտարարել է ԼՂՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների զարգացման նախարար Արմո Ծատուրյանը: Նախարարի խոսքերով, հարցը քննարկվել է ԼՂՀ կառավարությունում եւ որոշվել է սակագինը թողնել նույնը: Հիշեցնենք, որ Ղարաբաղի բնակիչները 1 խորանարդ մետր գազի դիմաց այժմ էլ վճարում են 65 դրամ:
Ըստ նախարարի՝ ԼՂՀ-ում չի ստացվում սակագինը իջեցնել, եւ դրա համար կան մի շարք հանգամանքներ. «Նախ ասեմ, որ մենք օգտագործում ենք Հայաստանում օգտագործվող գազի 1 տոկոսը: ՀՀ-ում բնակչությունը օգտագործում է ծախսված գազի 40 տոկոսը, իսկ մնացածն օգտագործում են 10 հազար խորանարդ մետր եւ ավելի օգտագործողները (արդյունաբերության համար): Հայաստանում գազի սակագինը կարողանում են իջեցնել արդյունաբերության հաշվին, իսկ մեզ մոտ դա հնարավոր չէ, քանի որ բնակչությունն օգտագործում է գազի 60 տոկոսը, իսկ արդյունաբերության համար` 40 տոկոսը: Եվ եթե մենք արդյունաբերության բաժին սակագինը բարձրացնենք, ապա արդյունաբերության զարգացմանը կխոչընդոտենք: Կա նաեւ այլ հանգամանք. Հայաստանից յուրաքանչյուր խորանարդ մետր գազի տեղափոխման համար մոտ 4 դրամ է ծախսվում: Վերը նշված հանգամանքներից ելնելով` նպատակահարմար չենք գտել գները իջեցնել»,- այսպես է նախարարը հիմնավորում գազի սակագնի վերաբերյալ կայացրած որոշումը:
Ա. Ծատուրյանը միաժամանակ նշեց, որ ՀՀ-ում գազի սակագնի իջեցումը ժամանակավոր բնույթ է կրում, քանի որ «1,5-2 տարուց հետո գազի սակագները Ռուսաստանի կողմից կբարձրացվեն: Եվ որպեսզի ավելի սահուն անցնենք այդ փուլը` նպատակահարմար ենք գտել սակագները չփոխել»,- ասաց նա: Ըստ Ա. Ծատուրյանի` ընդունված տարբերակ է, որ պետական ձեռնարկությունները 10 տոկոս շահութաբերությամբ աշխատեն, իսկ Ղարաբաղում 65 դրամ սակագնի դեպքում էլ «Արցախգազն» աշխատում է 6.7 տոկոս շահութաբերությամբ, ինչն էլ շատ հաճախ հանգեցնում է աշխատողների բողոքներին: «Իսկ եթե գներն իջեցնենք, ապա շահութաբերությունը կլինի 3-4 տոկոս, եւ ընկերությունը չի կարող ոչ աշխատողների աշխատավարձերը տալ եւ ոչ էլ իրականացնել մյուս աշխատանքները»,- ավելացրել է նախարար Արմո Ծատուրյանը: