Սպասքի դասավորությունը գործնական ընդունելությունների ժամանակ

03/02/2007

Գործնական ընդունելությունների ժամանակ հիմնականում ընդունված է սեղանը ծածկել ճերմակ սփռոցով, թեեւ կարելի է ընտրել նաեւ բաց երանգի այլ գույներ: Սփռոցի եւ անձեռոցիկների գույներն իրար համապատասխան պետք է լինեն: Որոշ ֆիրմաներ պատվիրում են նաեւ իրենց լոգոտիպով սփռոց եւ անձեռոցիկներ:

Սփռոցը սեղանի անկյուններից պետք է 20-30 սմ երկար լինի: Լավ է, եթե սպասքը գույնով, նախշերով ներդաշնակ է սփռոցի ու անձեռոցիկների հետ: Վերջին 20-30 տարիներին ընդունված է նաեւ սփռոցի փոխարեն սեղանը ծածկել հատուկ անձեռոցիկներով, որոնք դրվում են յուրաքանչյուր ափսեի տակ:

Ընդունված է սեղանը զարդարել մոմերով, ծաղիկներով, ընդ որում՝ լավ է, եթե մոմակալներն ու ծաղկամանները սպասքի մաս են կազմում կամ գույնով եւ ոճով ներդաշնակ են սպասքին:

Ծաղիկները սեղանին դրվում են այնպես, որ չխանգարեն հյուրերին շփվել իրար հետ: Բարձր ծաղկամաններն ավելի լավ է տեղադրել ոչ թե սեղանի վրա, այլ պատերի տակ՝ հատուկ պատվանդաններին:

Նախ եւ առաջ սեղանին դրվում է մեծ ափսե, որի մեջ դրվում են մատուցվող կերակուրներով ափսեները: Մեծ ափսեն սեղանին մնում է ընդունելության ողջ ընթացքում, իսկ մյուս ափսեները, որոնցով մատուցվում է կերակուրը, փոխվում են: Մեծ ափսեի ձախ կողմում դրվում է հացի համար նախատեսված փոքրիկ ափսե, աջ կողմում՝ մի ուրիշը, որ նախատեսված է մնացորդների համար, եթե մատուցվելու են կորիզով մրգեր: Պատառաքաղը միշտ դրվում է ձախ կողմում՝ ատամները դեպի վեր, դանակը՝ աջ կողմում՝ սուր ծայրով դեպի ափսեն: Սովորաբար ափսեի կողքին դրվում է սովորական չափերի դանակ-պատառաքաղ՝ տաք մսային ճաշատեսակների համար, միջին չափի դանակ-պատառաքաղ՝ ձկնեղենի, իսկ ավելի փոքրը՝ խորտիկների եւ նախուտեստի համար: Դրանց դասավորությունը կախված է մատուցվող ուտեստների հերթականությունից: Օրինակ՝ եթե խորտիկներն առաջինն են մատուցվում, ապա դրանց համար նախատեսված դանակ-պատառաքաղը դրվում է ափսեից ավելի հեռու, քան մյուսները: Ուտելուց հետո օգտագործված սպասքը տանում են: Եթե մատուցվող կերակրատեսակներից որեւէ մեկը հատուկ սպասք է պահանջում (օրինակ՝ ոստրեները), այն մատուցում են տվյալ ճաշատեսակի հետ:

Աղանդերի համար նախատեսված գդալն ու պատառաքաղը դրվում են մեծ ափսեի վերեւում: Գդալը դրվում է պոչը դեպի աջ, պատառաքաղը՝ պոչը դեպի ձախ:

Ճաշատեսակները կարող են նաեւ նախօրոք դրված լինել սեղանին, օրինակ՝ մսեղենը, որը պետք է փակված լինի հատուկ կափարիչով, որպեսզի չսառչի: Սակայն ճաշատեսակները կարող են մատուցել նաեւ մատուցողները: Այս դեպքում ուտեստը հյուրին մատուցվում է ձախ կողմից, իսկ հեղուկները՝ թեյ, սուրճ, գինի եւն, աջից:

Հարկավոր չէ մատուցողին օգնել սպասքը հավաքելիս եւ նրան մեկնել օգտագործված ափսեն:

Հարկ է հիշել նաեւ, որ գործնական ընդունելությունների ժամանակ չի գործում ընդունված կանոնը՝ առաջին հերթին սպասարկել կանանց, ապա նոր տղամարդկանց: Այստեղ կարեւորը մարդու պաշտոնն է. նախ եւ առաջ սպասարկում են պատվավոր հյուրերին, հետո՝ մյուսներին: