Մասնակցում են հասարակական կյանքին

03/02/2007 Սոնա ՀԱՄԱԼՅԱՆ

Հինգ տարի առաջ «Ղարաբաղ Տելեկոմը» հեղափոխություն իրականացրեց Արցախի հեռահաղորդակցության ոլորտում, երբ հիմնեց շարժական հեռահաղորդակցության ցանց, որը շարունակում է ծառայել հանրապետության բնակչության մեծ մասին: 2004թ. ընկերությունը հասավ բեկումնային մի նոր հանգրվանի, երբ Հայաստանի կառավարությունից արտոնագիր ստացավ հիմնելու շարժական հեռահաղորդակցության ցանց ամբողջ երկրով մեկ:

2005թ. հուլիսի դրությամբ ցանցն արդեն ստեղծված էր եւ գործում էր: Այդ ժամանակվանից ի վեր այն շարունակաբար ընդլայնվում է: Հիմնադրված լինելով Լիբանանում, «ՎիվաՍելլը» հաջողությամբ իրականացնում է իր նպատակները Հայաստանում, առաջարկելով հաճախորդների առաջնակարգ սպասարկում եւ շարժական կապի կանխավճարային ու պայմանագրային ծառայություններ, ներառյալ` SMS (կարճ հաղորդագրությունների համակարգ), կանխավճարային քարտեր, ձայնային հաղորդագրություն եւ GPRS ծառայություններ, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս իրենց բջջային հեռախոսների միջոցով միանալ Ինտերնետին: Վերջերս ընկերությունը հայտնի դարձավ իր երկու նոր հասարակական նվիրատվություններով, որոնք կնպաստեն ՀՀ բնակչության առողջության պահպանմանը: Այսպես, «Ղարաբաղ Տելեկոմը» 25.000 ԱՄՆ դոլար նվիրաբերեց «Անիի եւ Նարօտի հիշատակի հիմնադրամի» (ANMF) նախաձեռնությամբ Արցախում իրականացվող իմունիզացիայի ոլորտի աշխատանքների համար, իսկ «ՎիվաՍելլը» պարտավորվեց 100.000 ԱՄՆ դոլար փոխանցել ՀՀ-ում կարմրուկի վերացմանն ուղղված արշավ իրականացնելու համար: Արցախում նախաձեռնությունը կիրականացվի ANMF-ի կողմից իրագործվող «Հազարամյակի հայ մանուկների պատվաստումների ծրագրի» (MACVF) շրջանակներում: Դա կնշանավորի նոր եռավալենտ կարմրուկ-կարմրախտ-խոզուկ (ԿԿԽ) պատվաստանյութի ներառումը ԼՂՀ Ազգային իմունիզացիայի ծրագրում, ինչպես նաեւ` անվտանգ պատվաստման տեխնիկայի համապատասխան մասնագիտական դասընթացների կազմակերպումը բուժաշխատողների համար: «ՎիվաՍելլի» կողմից տրամադրվող 100.000 ԱՄՆ դոլարը կխթանի Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՀՀ Առողջապահության նախարարության եւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF-ի) գլխավորած կարմրուկի վերացմանն ուղղած արշավը:

– Մասնագիտական գործունեությունը սկսելով Լիբանանում, Դուք շփվել եք տարբեր երկրների եւ մշակույթների հետ: Ինչպե՞ս եք գնահատում մինչեւ այժմ Հայաստանում եւ Արցախում ունեցած ձեր փորձը:

– Որպես սփյուռքում ծնված եւ մեծացած հայ, ես դասագրքերից կամ էլ ապրիլի 24-ի կամ մայիսի 28-ի հանդիսությունների ժամանակ եմ իմացել Հայաստանի եւ Արցախի մասին: Բայց երբ տեղափոխվեցի այստեղ եւ առիթ ունեցա հանդիպելու ու շփվելու հետխորհրդային Հայաստանի ու Արցախի մարդկանց հետ, ես ստիպված էի փոքր-ինչ սրբագրել իմ պատկերացումները: Իրերը, չգիտես ինչու, այլ էին, քան ես սպասում էի: Սակայն, ապրելով տեղացիների մեջ, ես աստիճանաբար սկսեցի ավելի լավ ընկալել իմ հայրենակիցներին ղեկավարող շարժառիթները եւ նրանց շրջապատող իրականությունը, անգամ, եթե նրանց հետ համաձայն չէի ինչ-ինչ հարցերում: Ընդհանուր առմամբ` պետք է ասել, որ սա մի բացառիկ եւ հարստացնող փորձառություն էր ինձ համար: Ապրում ես եւ սովորում:

– Համայնքային նվիրաբերումներն աճում են «ՎիվաՍելլի» աճին համընթաց: Ինչո՞ւ եք դուք կարծում, որ դա կարեւոր է ընկերության համար:

– Ես թերեւս Հայաստանում այն քիչ մարդկանցից եմ, ովքեր հավատում են կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը կամ ԿՍՊ-ին: Ես մշտապես այդ մասին ասել եմ մյուս մատակարարներին, որոշում կայացնող անձանց, իմ գործընկերներին ու «ՎիվաՍելլի» աշխատակիցներին, որ քանի դեռ մենք աշխատում ենք Հայաստանում ու Արցախում եւ հաջողակ ենք մեր գործում, մենք պարտավորություն ունենք կիսելու «մեր հացի մի մասը» այն հասարակության հետ, որն այստեղ այն վաստակելու հնարավորություն է տալիս մեզ: Հայ հասարակության մեջ կան բազմաթիվ խմբեր, որոնք անհապաղ օգնության կարիք ունեն, եւ դա մեր պարտականությունն է` որպես հաջողակ կորպորացիա, մեր կարողությունների սահմաններում օգնել նրանց:

– Մինչ օրս «ՎիվաՍելլն» աջակցել է բազում սոցիալական եւ մշակութային ծրագրերի: Արդյո՞ք սա նշանակում է երկարաժամկետ պարտավորության ստանձնում սոցիալական ներդրումների ու մշակութային կյանքին մասնակցության առումով:

– Ճիշտ այդպես: Այստեղ չի կարելի սխալվել: Ինչպես մինչ այժմ ես ասացի, ԿՍՊ-ն մեզ համար առավել կարեւոր հարցերից է: Մենք աշխատում ենք մեր աշխատակազմի հետ` նրանց ուղղորդելու դեպի այդ արժեքները, եւ հավատացած ենք, որ ընկերության առաքինությունները չպետք է տարբերվեն ԿՍՊ-ի սկզբունքներից: Հասարակության օրգանական մաս լինելը կարեւոր է: Դավանելով այս կորպորատիվ փիլիսոփայությանը` մենք աշխատում ենք զարգացնել ավելի առաջադեմ մտածելակերպ: Սա է ապագան, այստեղ ենք մենք պատրաստում ապագա սերունդը:

– Վերջերս «Ղարաբաղ Տելեկոմը» 25.000 ԱՄՆ դոլար նվիրաբերեց «Անիի եւ Նարօտի հիշատակի հիմնադրամի» նախաձեռնությամբ Արցախում իրականացվող իմունիզացիայի ոլորտի աշխատանքների համար, իսկ «ՎիվաՍելլը» խոստացավ 100.000 ԱՄՆ դոլար փոխանցել Հայաստանում կարմրուկի վերացմանն ուղղված արշավ անցկացնելու նպատակով:

– Անձամբ ես շատ հզոր զգացում եմ ապրում իմ ժողովրդի նկատմամբ: Շատ կարեւոր է նման ծրագրի մաս կազմելը, եւ ես կցանկանայի ավելին անել այս բնագավառում: Եթե մյուս ընկերությունները, մեծ կամ փոքր, նույնպես մասնակցեն տեղական հասարակական ու մշակութային կյանքին, մենք շատ կարճ ժամանակում կկարողանանք բարձրացնել կյանքի մակարդակը Հայաստանում եւ Արցախում: Ես նորից եմ ասում. ես կցանկանայի, որպեսզի մենք ի վիճակի լինեինք անել ավելի մեծ նվիրատվություններ, սակայն այս պահին մենք անում ենք ամեն ինչ մեր հնարավորությունների սահմանում եւ կշարունակենք ձգտել անել ավելին:

– Որտե՞ղ եք տեսնում մասնավոր հատվածի դերն այնպիսի մի նշանակալի նպատակի, ինչպիսին է Հայաստանում կարմրուկի վերացումը, իրականացմանն աջակցելու գործում՝ հաշվի առնելով ներկա սոցիալ-տնտեսական պայմանները:

– Ես ցանկանում եմ, որ մյուսները նույնպես մտահոգություն ցուցաբերեն այնպիսի խնդիրների նկատմամբ, ինչպիսին է կարմրուկի վերացումը Հայաստանում: Օգնության բոլոր աղբյուրները, ներառյալ եւ հատկապես` մասնավոր հատվածը, պետք է ընդգրկված լինեն մշտական սոցիալական ներդրումների գործում: Սրա մասին եմ ես ասել «Global Compact»-ի բացման արարողության ժամանակ իմ ուղերձում. մենք, որպես ընկերություններ, չպետք է սոցիալական խնդիրներին ուղղված նվիրատվություններ անենք պաշտոնյաներին կամ հկ-ներին հաճոյանալու համար: Մենք պետք է անենք նման քայլեր, քանի որ մենք պետք է հավատանք Հայաստանի ապագային: Մենք պետք է մտածենք Հայաստանի մասին, շնչենք նրանով: Ոչ թե հայի, որպես այդպիսին, այլ Հայաստանի: Եթե մենք չենք հավատում այս առաքինություններին, ապա մենք չենք կարող դիմանալ այս աշխատանքի մեջ: Այսօր մենք Հայաստանում ունենք զգալի մասնավոր հատված եւ երբեք չպետք է մոռանանք, որ մեր գործունեության հարթակը Հայաստանն է: Հավատալ Հայաստանի լավագույն ապագային, ահա թե որտեղ մասնավոր հատվածը կկարողանա ինչ-որ բան փոխել երկրում: Միայն այդ ժամանակ կփոխվի ընդհանուր մոտեցումը, եւ մասնավոր հատվածն ավելի գործուն դեր կստանձնի երկրի ապագայի կերտման գործում:

– Ինչպիսի՞ ապագա եք դուք կանխատեսում Հայաստանի եւ Արցախի երեխաների համար:

– Ամեն ինչ որքան բարդանում, այնքան ավելի ոգեւորող է դառնում: Արտաքին աշխարհը ճնշում է գործադրում տեղական միջավայրի վրա, սփյուռքն իրապես լուրջ ներդրում է անում երկրում փոփոխություններ իրականացնելու համար, ընտրության ազատությունը մեծանում է, մարդիկ դուրս են գնում եւ վերադառնում են ավելի լայն մտահորիզոնով, նոր գաղափարներով եւ մտածելակերպով ու նոր մշակութային հեռանկարներով: Այս ամենը տարբեր կերպ է ազդում Հայաստանում կյանքի եւ միտումների վրա: Դո՞ւր է գալիս դա մեզ, թե՞ ոչ, բայց դա հավանաբար կազդի նաեւ այն բանի վրա, թե մենք ինչպես ենք դաստիարակում մեր երեխաներին:

Մենք որպես ազգ` պետք է հավատանք Հայաստանի եւ Արցախի պայծառ ապագային: Գործնականորեն նման հավատը պետք է փոխակերպվի հասարակական նվիրատվության կայուն ավանդույթի, որովհետեւ որքան գործուն լինենք մենք սոցիալական եւ քաղաքացիական ասպարեզներում, այնքան մեր երեխաներն ավելի բարձր կենսամակարդակի պայմաններում մեծանալու, ավելի լավ կրթություն ստանալու եւ այս կյանքում ինչ-որ բանի հասնելու համար ավելի լավ պատրաստված լինելու ավելի մեծ հնարավորություններ կունենան: