Հունվարի 24-ի առավոտյան Հայաստանում կատարվեց հերթական խայտառակ հանցագործությունը. իր աշխատասենյակում սպանվեց Վանաձորի նոտար Սոնյա Վերանյանը: Կարճ ժամանակ անց ձերբակալվեց մարդասպանը՝ 1962թ. ծնված Կ. Պապյանը: Հենց սպանության օրը սկսեցին դեպքի մասին տարբեր լուրեր շրջանառվել: Խոսում էին, իբր Պապյանը հաշվեհարդար է տեսել նոտարի հետ` 15 տարի առաջ վերջինիս իրականացրած գործարքի պատճառով (այդ ժամանակ Պապյանի ծնողները որոշել են իրենց տունը չտալ իրենց որդուն եւ նվիրատվություն են արել ուրիշի օգտին): Սակայն, Վանաձորի մեր աղբյուրներն այլ բան են հավաստում: Նախ` այն, որ Ս. Վերանյանն ընդհանրապես կապ չի ունեցել Պապյանի գործի հետ: Այդ գործարքը ժամանակին իրականացրել է մեկ այլ նոտար, որը երկու տարի առաջ հեռացվել է աշխատանքից: Ինչ վերաբերում է Ս. Վերանյանին, ապա նա մեծ հարգանք է վայելել Վանաձորում, որտեղ աշխատել է 1991-ից: Դրա մասին է վկայում այն, որ նոտարի հուղարկավորության օրը մեծ թվով համաքաղաքացիներ անկեղծորեն սգում էին նրա մահը: Ի տարբերություն Ս. Վերանյանի, Վանաձորի մյուս երկու նոտարներին, մեղմ ասած, չեն սիրում ու չեն վստահում. Ս. Վերանյանն աշխատել է ավելի ծանրաբեռնված գրաֆիկով ու մեծ պատասխանատվությամբ: Ինչ վերաբերում է հանցագործին, ապա վերջինս եղել է խրոնիկ ալկոհոլիկ: Որսորդական հրացանով իր սեւ գործը կատարելուց հետո նա խմել է իր մտահղացման «հաջող իրականացման» համար, ապա գնացել է եկեղեցի ու սկսել է կրակել: Այս ամենը վկայում է, որ հանցագործությունը նախօրոք պլանավորված է եղել, սակայն վանաձորցիները չեն հավատում, որ Պապյանն անտեղյակ է եղել, թե Ս. Վերանյանն իր վաղեմի գործարքի հետ կապ չունի: Մեր տեղեկություններով, ավելի հավանական է համարվում այն վարկածը, որ ինչ-որ անձինք ուղղակի կամ անուղղակի ձեւով անկայուն հոգեկան վիճակում գտնվող Պապյանին դրդել են մարդասպանության: Իսկ Հայաստանում, ցավոք, շարունակվում են այն դեպքերը, երբ անմեղ մարդը հեշտությամբ կարող է սպանվել իր աշխատասենյակում: Հետաքրքիր է նաեւ այն, որ տարօրինակ հիմքեր ունեցող այս գործը չի բերվել ՀՀ Գլխավոր դատախազություն, այլ վարվում է Վանաձորի դատախազությունում: Կարծում ենք, ժամանակն է, որ մեր իրավապահ մարմինները մեծ պատասխանատվությամբ ձեռնամուխ լինեն հնչեղություն ունեցող նման գործերի բացահայտմանը, անկախ նրանից` մարդասպանը մոլագա՞ր է, թե՞ շահադիտական նպատակով առաջնորդվող հանցագործ: